Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը երեկ, այսօր և վաղը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/56690612.jpg)
Իր գործունեության առաջին օրվանից` 2007թ.դեկտեմբերի 5-ից, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի դռները բաց են եղել ջավախքցի հարյուրավոր երեխաների առջև: Նրանք այստեղ սովորում են տարբեր կրթամշակութային խմբակներում: Այժմ ԱԵԿ-ում գործում է 23 խմբակ: Առավել մեծ պահանջարկ ունեն լեզուների ուսուցման դասընթացները` հայերեն, վրացերեն, ռուսերեն, անգլերեն, այդ առումով անմասն չի մնում նաև համակարգչային ուսուցումը:
Բացի այդ, արդեն երրորդ տարին անընդմեջ այստեղ իրականացվում է դիմորդների վերապատրաստման ծրագիր՝ բուհերի քննական 9 տարբեր առարկաներից: Այն հովանավորում է ռուսաստանաբնակ մեր հայրենակից բարերար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սամվել Մարգարյանը: Ծրագրի նպատակն է օգնել կարիքավոր, միաժամանակ խելացի, ուսման նկատմամբ սեր ունեցող երեխաներին անվճար վերապատրաստվելու` Վրաստանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:
Երիտասարդական կենտրոնի նպատակն է երեխաների ազատ ժամանակը արդյունավետ կազմակերպել և ճիշտ կրթությամբ դաստիարակել:
Ուսուցումը, կենտրոնի բոլոր խմբակների դասաժամերը անվճար են: Մեր ուսուցիչները, որոնց մեծ մասը երիտասարդներ են, իրենց գործի նվիրյալներն են: Նրանք այստեղ կազմակերպվող տարաբնույթ միջոցառումների ոչ միայն կազմակերպիչն են, այլև մասնակիցը: Իսկ վաստակաշատ ուսուցիչներ Վ.Ռստակյանը, Կ.Թադևոսյանը, Լ.Չեչելյանը իրենց փորձն ու հմտությունը, երկարամյա մանկավարժական վարպետության գաղտնիքները սիրով են փոխանցում երիտասարդ ուսուցիչներին: Արդյունքում այս կրթամշակութային օջախը անցնող 7 տարիների ընթացքում վերածվել է Ջավախք լեռնաշխարհում արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների դարբնոցի:
Կենտրոնի ուսումնադաստիարակչական աշխատանքները համակարգում է ուսումնական մասի պատասխանատու, իր սկզբունքայնությամբ բոլորի կողմից սիրված Արփի Միրաքյանը: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը, լինելով կրթամշակույթային հաստատություն, ապաքաղաքական կառույց է:
Այցելելով կենտրոն` այսօր արդեն քաղաքի ու տարածաշրջանի գյուղերի 300-ից ավելի երեխաներ կտրվում են փողոցից` հեռու մնալով վատ արարքներ կատարելուց : Չէ՞ որ ամենվատ արարքը սկսվում է փողոցից: Ծնողը, երեխայի ձեռքից բռնած, կամավոր բերում է կենտրոն և ընդգրկում այստեղ գործող երեխայի հակումներին ու նախասիրություններին համապատասխան խմբակներում, ինչի շնորհիվ այստեղ երեխայի համար սովորելը ոչ թե ստիպողականություն է, այլ անհրաժեշտություն, հակառակ պարագայում երեխան այստեղ երկար չի մնա: Սակայն կրթամշակութային այս օջախը ևս ունի իր խնդիրները, այն արդեն չի բավարարում ժամանակի պահանջները, զգացվում է դասասենյակների, համակարգչային տեխնիկայի , մեթոդական գրականության պակաս: Պարի խմբակների համար անհրաժեշտ է ունենալ ժամանակակից պարային դահլիճ: Ի դեպ, վերջին տարիներին այստեղ են անցկացվում ՎՀՕՄ-ի կազմակերպած ստեղծագործական շարադրության և Հայոց պատմության մրցույթների եզրափակիչ փուլերը:
Տարբեր ժամանակներում կենտրոն են այցելել Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, սփյուռքահայ և ջավախքահայ բարերարներ և հասարակական գործիչներ:
Վաղուց է, ինչ կենտրոնում ձևավորված մի գեղեցիկ ավանդույթ կա: Դա մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունն է: Հայոց պատմության քառուղիներով միջոցառումների շարքը ամեն տարի անցկացվում է ապրիլին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ԱԵԿ-ցիները մասնակցում են «Զորի Զորյան» երիտասարդական միության կազմակերպած ջահերով երթին, իսկ ապրիլի 24-ը յուրահատուկ կերպով է նշվում: Կազմակերպվում է այցելություն Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրված խաչքարին, որից հետո` մասնակցություն Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատարագին: Իսկ մնացած օրերին կազմակերպվում են դասախոսություններ, ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ և այլն:
ԱԵԿ-ում կարևորում ենք հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը պահպանելու և խորացնելու` մեր պապերից ժառանգած դարավոր ավանդույթը: Օրինակ` եթե փետրվարի 21-ին նշում ենք Հայոց լեզվի օրը, ապա ապրիլի 14-ին ` «Դեդա էնան»: Մենք համատեղ սգում ենք ապրիլի 9-ի Վրաստանի ազատության համար զոհվածների և ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը : Իսկ մայիսի 26-ին և 28-ին տոնական միջոցառումներին ուրախանում ենք միասին:
Կենտրոնը սերտորեն համագործակցում է Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության հետ: Մեր ուսուցիչները և ավագ տարիքի սաները մասնակցում են կրոնական միջոցառումներին, Սուրբ Խաչ եկեղեցում կատարվող պատարագներին, իսկ կենտրոնի միջոցառումները սկսվում են քահանայի տերունական աղոթքով ու բացման խոսքով:
Երիտասարդական կենտրոնը ունի իր ավանդական միջոցառումները` «Լեզվի օր», «Ոսկե աշուն», «Կանանց միամսյակ», «ԱԵԿ-ի օր», «Եռատոն» : Նշվում են ազգային ու կրոնական գրեթե բոլոր տոները: Իսկ սփյուռքահայ երիտասարդների աջակցությամբ ամռանը այստեղ կազմակերպվում է «Ջավախք ճամբարը», որը ավելի քան 100 երեխաների ակտիվ հանգստի հնարավորություն է տալիս:
Ջավախքցին արվեստասեր է, նա սիրում է երգել, պարել, ուրախանալ: Այդ է պատճառը, որ պարի խմբեր ցանկացողների պահանջարկը շատ մեծ է: Պարուսույց Նասլեթ Քեյանր 100-ից ավելի տղաների ու աղջիկների սովորեցնում է հայկական պարի նրբությունները, նրանց մոտ բացահայտում է պարարվեստի նկատմամբ ունեցած հակումներն ու ընդունակությունները: Պարի, կար ու ձևի, ուլունքագործության, ասեղնագործության, նկարչության խմբակների գլխավորը խնդիրը երեխաների մեջ արվեստի նկատմամբ սեր արթնացնելն է, գեղագիտական ճաշակ ձևավորելը:
Մենք հավատում ենք մեր լեռնաշխարհի վաղվա օրվան:
Վալերի Արաբյան
ԱԵԿ-ի տնօրեն