Գրական-երաժշտական երեկո Սուխումի Հովհ. Թումանյանի անվան դպրոցում՝ նվիրված Դըրմիտ Գուլիայի 140-ամյակին

Աբխազիայի հայերի միության նախաձեռնությամբ Դըրմիտ Գուլիայի 140-ամյակին նվիրված գեղեցիկ գրական-երաժշտական միջոցառում անցկացվեց Սուխումի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում՝ հանրապետության մի շարք հայկական դպրոցների մասնակցությամբ: Աշակերտների կատարմամբ հնչեցին Գուլիայի բանաստեղծություններն աբխազերեն, հայերեն ու ռուսերեն լեզուներով: Հայկական ու աբխազական պարերի կատարումով հանդես եկան Ցանդրիփշի, Սուխումի, Մարխաուլի, Ցանբեկուարայի միջնակարգ դպրոցների պարային համույթները: Միջոցառմանը մասնակցեցին և շնորհակալական խոսքով ելույթ ունեցան Աբխազիայի կրթության նախարար Դաուր Նաճղեբիան, գրող, խորհրդարանի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիան, պատգամավորներ Լևոն Գալստյանը, Ռոբերտ Յայլյանը, Գուլիայի անվան պետական մրցանակի դափնեկիր Ջումա Ախուբան, գրող Վադիմիր Բասարիան, Աբխազիայի հայերի միության նախագահ Խաչիկ Մինասյանը, «Համշեն» թերթի խմբագիր Արտավազդ Սարեցյանը, որը միջոցառման մասնակից, Գուլրիփշի շրջանի Մարխաուլի հայկական միջնակարգ դպրոցի աշակերտուհի Վիկտորյա Ավջյանին հանձնեց Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարության Շնորհակալագիրը` Համահայկական մանկապատանեկան «Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» խորագրով նկարչական 4-րդ մրցույթ-փառատոնում խրախուսական մրցանակի արժանանալու համար:

Դըրմիտ Գուլիա… Նվիրական այս անունը հավատի լույսի հանգույն անմար է յուրաքանչյուր աբխազական օջախում, յուրաքանչյուր աբխազի սրտում: Ափսնի` Հոգու Երկիր կոչվող աշխարհում յուրաքանչյուր ոք գիտակցում է Դըրմիտ Գուլիայի անձի անփոխարինելի նշանակությունը հարազատ ժողովրդի պատմական ճակատագրի քառուղիներում:

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գիտնական, աբխազական գրականության հիմնադիր, առաջին աբխազական թերթի խմբագիր, առաջին աբխազական թատերական խմբի հիմնադիր ու ղեկավար: Մեծ է, բազմազան ու անգնահատելի լուսավորչի ներդրումն իր ժողովրդի մշակույթի մեջ:

«Իմ ամբողջ կյանքում աշխատանքի մեջ,

Հանց լեռնային գետ, »,

գրել է Գուլիան իր բանաստեղծություններից մեկում: Հիրավի, իր ամբողջ կյանքում նա լեռնային ջրի նման հորդահոս է եղել` անխնա աշխատելով զօր ու գիշեր:

Մեզ` հայերիս համար անսահմանորեն գնահատելի է նաև այն փաստը, որ Դըրմիտ Գուլիայի անմիջական մասնակցությամբ 1954 թվականին ստեղծվել է Աբխազիայի հայ գրողների «Սևծովյան այգաբաց» գրական միավորումը, որն այս տարվա սեպտեմբերին կդառնա 60 տարեկան:

19-րդ դարի 90-ական թվականներին Դ.Գուլիան ուսուցչություն է արել Օչամչիրայի Կուտոլ գյուղի` իր ջանքերով բացված աբխազական դպրոցում:

Գուլիան մեծ հեղինակություն ու ժողովրդականություն էր վայելում, անսահմանորեն հարգված էր ու սիրված: Իսկական իրադարձություն էր աբխազների կյանքում, երբ 1907 թվականին Թիֆլիսում աբխազերեն և ռուսերեն լույս տեսավ նրա կազմած «Աբխազական առածներ, հանելուկներ և շուտասելուկներ» ժողովածուն: Աներևակայելի էր. աբխազը նման գիրք է հրատարակել` անդրադառնալով ժողովրդական իմաստությանը: Այնքան մեծ էր այդ գրքի նշանակությունը, որ Ջգիարդա գյուղի ավագանին համաժողովրդական տոնախմբություն կազմակերպեց:

Գուլիայի անձի նշանակությունը գիտակցում էին բոլորը: Այսպես, 1920 թվականին աբխազ նշանավոր հրապարակախոս Միխայիլ Չալմազը «Ափսնի» թերթում գրել է. «Մեզ` աբխազներիս համար, Դըրմիտ Գուլիան հավասար է Լոմոնոսովին, Շոթա Ռուսթավելուն, Սոկրատեսին: Բայց մենք ե՞րբ կհասկանանք նրան և կսկսենք օգնել ու սատարել»:

Գուլիան անսահմանորեն շատ է արել աբխազ երիտասարդ տաղանդավոր ստեղծագործողների համար: Այսպես, նրա ղեկավարությամբ 1919-1925 թվականներին Սուխումի ուսուցչական ճեմարանում գործում էր գրական խմբակ: Այստեղ սկսնակ գրողները Գուլիայի ներկայությամբ կարդում էին իրենց ստեղծագործությունները, իսկ հետո քննարկում էին դրանք; Խմբակն ուներ իր ձեռագիր գրական ամսագիրը, որը կոչվում էր «Շարփը-եցվա» («Վաղորդյան աստղ»): Այստեղ լույս են տեսել Իուա Կողոնիայի, Ձաձ Դարսալիայի, Իվան Պապասկիրի առաջին թոթովանքները:

Աբխազ գրողներն ու գիտնականներն ակնածանքով էին վերաբերվում նրան: Նշանավոր գիտնական, պատմաբան Գեորգի Ձիձարիան չէր հոգնում կրկնել, որ 40-ական թվականների վերջին և 50-ականների սկզբին, երբ աբխազների ճակատագիրը մազից էր կախված, և արդեն քայլեր էին ձեռնարկվում նրանց տեղահանելու ուղղությամբ, Դըրմիտ Գուլիայի անունը մեծ նշանակություն է ունեցել ժողովրդի պահպանման գործում: Ամեն անգամ, երբ Ստալինը այցելում էր Աբխազիա, անպայման հետաքրքրվում էր. «Ինչպե՞ս է ապրում ծերուկ Դըրմիտ Գուլիան»:

Դեռ 1913 թվականին ակադեմիկոս Նիկողայոս Մառը գրել է. «Անկասկած է, որ մինչև այսօր ոչ ոք այն սահմաններում, ինչպես Գուլիան, միաժամանակ չի հետաքրքրվել Աբխազիայի անցյալ ճակատագրով ու ապագա կենցաղով, ոչ մի գիտնական ո´չ Եվրոպայում, ո´չ էլ Կովկասում, չի բարեհաճել և դեռ երկար ժանանակ չի բարեհաճելու աշխատանքներ ձեռնարկել անկեղծ հետաքրքրության խորությամբ, ինչպիսիք արդեն իսկ պատրաստ են Գուլիայի մոտ»:

Անշուշտ, հարթ ու խաղաղ չի եղել Դըրմիտ Գուլիայի կյանքի ուղին: Խորհրդային իշխանության հաստատումն Աբխազիայում նա միանշանակ չի ընդունել: Երիտասարդ սկսնակ գրողներ Իուա Կողոնիան, Միխայիլ Լակերբայը, Լևարսե Կուծնիան և ուրիշներ նկատելիորեն հեշտ են ընդունել նոր ժամանակները: Եվ տասնամյակներ շարունակ լռել է Գուլիայի քնարը, այսինքն` նա չի ստեղծել խորհրդային իշխանությունը փառաբանող գեղարվեստական ստեղծագործություններ, թեև իր հրապարակախոսական հոդվածներում խորհրդային իշխանության որոշ դրական կողմերն է նշել, իսկ ավելի վաղ` 1917 թվականին, մի բանաստեղծությամբ ողջունել է փետրվարյան հեղափոխական իրադարձությունները Պետրոգրադում: Բայց չարդարացան Գուլիայի ակնկալած մեծ բարեփոխումները:

Ինչպես հայտնի է, Դըրմիտ Գուլիան Աստվածաշնչի աբխազական թարգմանության չորս հեղինակներից մեկն է եղել, ինչի համար էլ ենթարկվել է սուր քննադատության: Անասելի ծանր փորձություն էր հավատացյալ Դըրմիտ Գուլիայի համար, երբ 1927 թվականին Նոր Աֆոնի վանքի բակում անխղճորեն այրեցին Աստվածաշնչի ամբողջ տպաքանակը:

1928 թվականին հիմնադրվեց Աբխազիայի գրողների ասոցիացիան, և Դըրմիտ Գուլիան ստացավ անդամության թիվ 1 գրքույկը,  սակայն հետո նա չըդգրկվեց ասոցիացիան գրողների միության վերափոխելու համար ստեղծված կազմկոմիտեի կազմում, որը տեղի ունեցավ 1933 թվականին: Իսկ 1934-ին նա չընտրվեց ԽՍՀՄ գրողների առաջին համագումարի պատգամավոր: Եվ դա ցավալի պատահականություն կամ թյուրիմացություն չէր:

30-ական թվականների սկզբին  Գուլիան իր «Աբխազիայի պատմություն» գրքի համար ենթարկվեց դաժան քննադատության: Գիրքը հայտարարվեց հակամարքսիստական, հակաժողովրդական, և հեղինակին հրաշքով հաջողվեց խուսափել բռնաճնշումից:

Սակայն Գուլիան երբեք չի կորցրել ոգու արիությունը, միշտ էլ սատարել է երիտասարդ ստեղծագործողներին, և 1954 թվականին դառնալով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, ամեն ինչ արել է հանուն իր ժողովրդի բարգավաճման: Եվ երբ լույս տեսավ Ինգորոկվայի գիրքը, որն աբխազների «եկվորությունն էր ապացուցում», Գուլիան գրում է իր հռչակավոր «Ահա ով եմ ես» բանաստեղծությունը: «Ո՞վ ես դու» հարցին նա պատասխանում է.

Որդին եմ հողիս: Իսկ ավելի ճիշտ`

Որդին եմ աբխազ ժողովրդի: Ես

Հետնորդն եմ նրանց, ովքեր չեն այրվել

Բոլոր դարերի հրդեհներում գոռ:

Ես եմ հարազատ լեռներիս որդին,

Որդին եմ հողիս, ուր նախնիներն իմ

Պառկած են հիմա

Իհարկե, այսօրվա ընթերցողը նախատելու պես կարող է ասել, որ Դըրմիտ Գուլիան բանաստեղծություններ և անգամ մի ամբողջ պոեմ է նվիրել «ժողովուրդների հոր» 70-ամյա հոբելյանին: Բայց ո՞ր խորհրդային գրողն այն տարիներին Ստալինին փառաբանող բանաստեղծություններ չի գրել:

Անձի պաշտամունքի սարսափելի տարիներին, ինչպես գրել է Վարպետի որդի, հայտնի արձակագիր Գեորգի Գուլիան, «նրան փրկել է կենդանի կապն իր ժողովրդի հետ, նա ոչ մի րոպե չի լքել իր պաշտոնը, միշտ էլ գտնվել է ժողովրդի մեջ, որի հետ խոսել է մայրենի լեզվով, բարի խոսք է բերել նրան և իրեն երբեք չի գիտակցել առանց իր ժողովրդի: Եվ այս օրգանական միասնության մեջ անձնականը միշտ էլ զիջել է ժողովրդի հանդեպ ունեցած պարտքի զգացումին: Ժողովուրդը միշտ էլ նրա հենարանն է  եղել, և դա Գուլիային ճանաչում է բերել, հաջողություններ ու համընդհանուր սեր»:

Այդ սիրո ու հարգանքի արտահայտությունն է Դըրմիտ Գուլիայի ստեղծագործության թարգմանությունը աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա առանձին ստեղծագործություններ թարգմանվել են նաև հայերեն, որոնք, ցավոք սրտի, սփռված են տարբեր պարբերականների էջերում, և ժամանակն է դրանք ի մի բերելու` առանձին գրքով հրատարակելու համար:

ԱՐՏԱՎԱԶԴ ՍԱՐԵՑՅԱՆ

«Համշեն» թերթի խմբագիր

 

ԴԸՐՄԻՏ ԳՈՒԼԻԱ

 

ԵՂՋԵՐՈՒՆ

 

Կանգնել է ահա գեղեցիկ ու վեհ`

Գետամերձ զարզանդ շնչող բարձունքին,

Եղջյուրներն ասես` եռամյա շամեր,

Խաղողի որթ են ոտները նրբին:

 

Թող որ պաշարված, թող որ վիրավոր,

Մեր առջև պարտված չծնկեց սակայն,

Լոկ մի ակնթարթ համրացավ հզոր,

Որպես կենդանի քանդակ բնության:

 

Բարձունքի ներքո մշուշն է շաղվում,

Ծխի մեջ մռայլ անդունդն է խրվել

Այն, ինչ կարող էր, արեց եղջերուն,

Մնացել է լոկ արնաքամ գերվել

 

Եվ արդեն ասես հնազանդ, հլու,

Հանձնվելու է իր վերջին շնչում,

Բայցծառս է լինում ու նետվում անդունդ,

Լոկ մի ակնթարթ դառնալովթռչուն:

 

Եվ մենք համրացած անդունդի եզրին

Նայում ենք նրան, հուզված հետևում,

Մինչևչկորավ մշուշում դեղին`

Առաջվա նման անպարտ ու սիրուն:

 

Եվ ուզում եմ ես երգել այն մասին

Իմ հայրենաշունչ քնարով հիմա,

Որ լավ է զոհվել ազատ ու ազնիվ,

Քան գոյատևել ստրուկի նման:

 

Թարգմանությունը՝  ԱՐՏԱՎԱԶԴ ՍԱՐԵՑՅԱՆԻ

Աբխազիա

unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8)     unnamed (9)

 

 

Scroll Up