Գրքերի շնորհանդես Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

Մարտի 23-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հյուրն էր   Երևանից ժամանած լրագրող Թաթուլ Հակոբյանը: Հանդիպումը թբիլիսահայ հասարակայնության հետ անկախ լրագրողը սկսեց՝ ներկայացնելով «Սիվիլիթաս»  հիմնադրամը, որի հիմնադիր  նախագահն է  ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, այժմ  Ազգային ժողովի անդամ  Վարդան Օսկանյանը:

Այնուհետև  տեղի ունեցավ Վ. Օսկանյանի «Անկախության ճանապարհով» գրքի շնորհանդեսը: Սույն գրքում  ՀՀ նախկին արտգործնախարարը  պատմում է  երկրի առաջին դիվանագետի պաշտոնում  իրականացրած աշխատանքների մասին, որոնք  պարունակում են  բանավեճերի,  դիվանագիտական մոտեցումների  հետաքրքիր պահեր: Բանախոսը  տեղեկացրեց, որ Վ. Օսկանյանի  գրքում հատուկ  գլուխ է  հատկացված  Հայաստանի Հանրապետության հետ  հարևան Վրաստանի վարած քաղաքականությանը, երկրի շրջափակման և  մեկուսացման տարիներին  իրականացրած գործունեությանը, դիվանագիտական այն մեծ աշխատանքին, որ կատարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը  Վարդան Օսկանյանի գլխավորությամբ՝ Վրաստանի միջով ապահովելով   ՀՀ  ելքը արտաքին աշխարհ:

Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց նաև իր  հեղինակությամբ «Արցախյան օրագիր. կանաչ ու սև» և  «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքերը: Հատկանշական է, որ Հակոբյանի գրքերը  թարգմանված են նաև  թուրքերեն, և դրանք լույս են սփռում շատ հարցերի վրա: Գրքերի հեղինակը  պատմեց, թե ինչպես է ընթացել շնորհանդեսը Ստամբուլում, հատկապես  ինչն է հետաքրքրել ներկաներին, և  նշեց, թե  ինչ հետաքրքրությամբ են թուրքերը  ձեռք բերել վերոհիշյալ գրքերը:

Այնուհետև  հեղինակը պատասխանեց լսարանին հետաքրքրող հարցերին, որոնք առանձնապես վերաբերում էին արցախյան պատերազմին, թուրքերի և ադրբեջանցիների  մոտեցումներին արցախյան հերոսամարտին  և  հատկապես Ցեղասպանության հարցին:

                                                                          

Վիրահայոց թեմի  մամլո դիվան 

Scroll Up