Մեկնարկել է մեկ հայ՝ մեկ հոդված արշավը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/03/755155.jpg)
2014 թ. մարտի 27-ին, ժամը 13:00-ին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի կունենա «Մեկ հայ՝ մեկ հոդված» արշավի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս:
«Մեկ հայ՝ մեկ հոդված» արշավը Հայերեն Վիքիպեդիայում Վիքիմեդիա Հայաստան ՀԿ-ի և «Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հաղորդման համատեղ նախաձեռնությունն է: Արշավի նպատակն է հարստացնել Հայերեն Վիքիպեդիան բարձրակարգ հոդվածներով, Վիքիպեդիայի ստեղծագործ միջավայր ներգրավելով հայ հասարակության հնարավորինս բոլոր անդամներին: Միասին ստեղծենք ժամանակակից տեղեկատվական աշխարհին համահունչ և տեղեկատվական մարտահրավերներին դիմակայող մեր ժառանգությանը արժանի հայերեն բովանդակություն: Հուլիսի 1–ին Հայերեն Վիքիպեդիայի տասնամյակն է․ հոբելյանին արժանի բովանդակությամբ դիմավորենք այն:
Արշավի ընթացքում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ՝ վիքի հանդիպումներ գիտնականների, գրողների, նկարիչների, դերասանների և այլ բնագավառի գործիչների հետ՝ օգնելու նրանց տիրապետելու վիքի մշակույթին և իրենց ներդրումն ունենալու Հայերեն Վիքիպեդիայի հարստացման գործում: Արշավի մասնակիցներին խմբագրման հարցում օժանդակելու համար տեղադրվել են խմբագրման ուղեցույցներ, հոդվածների ընտրության հարցում կողմնորոշվելու համար Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել են գիտության, արվեստի, հայ ժողովրդի պատմության և այլն ցանկեր, որոնք կօգնեն մեզ ընտրելու մեր մասնակցության կազմը և չափը: Արշավի ընթացքում կկազմակերպվեն հանդիպումներ, սեմինարներ, ուսուցողական և խրախուսական միջոցառումներ, ինչպես նաև կրթական և մշակութային, հաստատությունների և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն։
Ակնկալում ենք, որ հայերեն բովանդակության թե՛ քանակական և թե՛ որակական զարգացմանը ուղղված արշավին կմիանան Հայաստանի և Սփյուռքի կրթության, գիտության, մշակույթի, մեդիա, գործարար աշխարհի և այլ գործիչներ և հայերեն բովանդակությունը արժևորող յուրաքանչյուր ոք։
Ավելի հանգամանալի անդրադարձ այս ամենի մասին մամլո ասուլիսի ընթացքում կներկայացնեն Սուսաննա Մկրտչյանը (Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի նախագահ), Մհեր Բեքարյանը (խորհրդի անդամ) և Լիլիթ Թարխանյանը (խորհրդի անդամ)։ Ասուլիսին ներկա կլինեն նաև Խորհրդի այլ անդամներ և Վիքիպեդիայի ակտիվ խմբագրողներ։
Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է: Այն կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք: Գործնականում այն զարգանում է կամավոր խմբագրումներ անող ընթերցողների շնորհիվ: Վիքիպեդիան «ազատ» է կոչվում այն պատճառով, որ նրա բովանդակությունը հասանելի է ազատ արտոնագրով: Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների թիվը 114 հազար է, ակտիվ խմբագիրների թիվն անցնում է 300-ը։