Վիգեն Չալդրանյանը «Համազգային» պետական թատրոնում բեմադրում է «Համլետ»-ը
«Համազգային» պետական թատրոնում նոր ներկայացում է բեմադրվում: Այս մասին տեղեկացնում է armenpress.am-ը: Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը թատրոնի պատերի ներսում «Համլետ» է ստեղծում` պատրաստվելով հայ հանդիսատեսին ներկայացնել Վիլյամ Շեքսպիրի անմահ ստեղծագործության բեմական նոր տարբերակ: Ակնդիրը «Համլետը» դիտելու հնարավորություն կունենա շատ շուտով` այս տարվա ապրիլի վերջին կամ մայիսին:
«Դեռևս իր կենդանության օրոք լուսահոգի վարպետ Սոս Սարգսյանի հրավերով եկա, որպեսզի բեմադրեմ Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը: Շեքսպիր բեմադրելու համար շոշափելի գումարներ են պետք: Չունեինք այդ գումարները, և աշխատանքն այսքան ձգվեց: Այնուամենայնիվ, գործը կանգ չի առել, շարունակվում է, և, կարծում եմ, կարևոր բեմադրություն է լինելու»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վիգեն Չալդրանյանը:
Վիգեն Չալդրանյանն այժմ աշխատում է նաև հագուստների և դեկորացիաների պատրաստման վրա: Փաստում է, որ ինքը նաև նախագծի նկարիչն է: Համոզված է, որ Շեքսպիրի գործերին անհրաժեշտ է մոտենալ լրջությամբ: «Շեքսպիրը կատակներ չի սիրում: Թե ես և թե դերասանական կազմը մեր առավելգույն հնարավորություններն ենք ներդնում այս գործի մեջ: Աշխատանքը շատ լավ պայմաններում է ընթանում, դերասանական լավ կազմ ունենք, շատ ենք աշխատում»,-փաստեց Չալդրանյանը:
Համլետի դերը մարմնավորում է դերասան Վարդան Մկրտչյանը: Բացի պրոֆեսիոնալ դերասաններից, նոր բեմադրությունում աչքի կընկնեն նաև Չալդրանյանի ուսանողները, որոնք կներկայանան պալատականների դերերում: Չալդրանյանը գոհ է իր ուսանողներից, նշում է, որ երիտասարդները հրաշալի աշխատանք են կատարում:
«Եթե իմ սերնդակիցները բողոքում են նոր սերնդից, ուրեմն ծերացել են: Միշտ հիշում եմ, թե ինչպես էին մեր հայրերը բողոքում մեզնից:
Դա իրոք ծերության նշան էր: Ես ամեն ինչ անում եմ, որ «չծերանամ» և ցույց չեմ տալիս ծերության նշաններ: Հիացած եմ իմ ուսանողներով, շատ են աշխատում և սովորում: Համոզված եմ, որ մենք լավ սերունդ ունենք»,-հավելեց Վիգեն Չալդրանյանը:
Մանրամասն՝ armenpress.am-ում: