«Ես մի կամուրջ եմ Ավստրիայի և Հայաստանի միջև…»

Սրանք Ավստրիայի Մայր-Մելնոֆ «Արևելքաքրիստոնեական ուսումնասիրություններ» ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր  Յասմին Դում Տրագուտի խոսքերն են: Յասմին Տրագուտի փայլուն հայերենը, հայերով ու Հայաստանի պատմությամբ,մշակույթով հետաքրքրված լինելն ու  հայոց պատմության փայլուն իմացությունը ինձ զարմանք ու հիացմունք պատճառեց:

-Դոկտո´ր Տրագուտ, ինչու՞ ընտրեցիք հենց հայոց լեզուն, հայագիտությունը:

-Հայոց լեզուն ինձ շատ էր հետաքրքրում` որպես հնդեվրոպական լեզվընտանիքի առանձին ճյուղ. առհասարակ  ինձ միշտ հետաքրքրել է հայ ժողովուրդը, նրա պատմությունը, մշակույթը, և ես սիրով նվիրվեցի հայագիտությանը:

-Ուրիշ հայագետներ կա՞ն Ավստրիայում:

– Ես միակ հայագետն եմ և հայագիտության ամբիոնի վարիչը: Պարապում եմ հայագիտության նկատմամբ սեր և հետաքրքրությւն ունեցող ուսանողների հետ.նրանք հիմնականում ավստրիացիներ են, ունեմ նաև երկու թուրք ուսանողուհիներ:

-Հայերը դեռ շատ վաղուց են հաստատվել Ավստրիայում, հատկապես` Վիեննայում, որը եղել է հայագիտության խոշոր և նշանավոր կենտրոն` Մխիթարյան Միաբանության հիմնադրման օրվանից սկսած: Այսօր,ըստ Ձեզ,հայկական համայնքում, որքանո՞վ է պահպանվում հայկական ոգին, մտածելակերպը:

-Նախ ասեմ, որ ես շատ հայասեր եմ,կապված եմ հայկական համայնքին, որը կարողանում է պահպանել իր ինքնությունը: Ունենք հայկական եկեղեցի`Սուրբ Հռիփսիմե, Առաջնորդանիստ, շաբաթ օրերին գործում է հայկական դպրոց, տպագրվում են գրքեր, լինում են մշակութային հետաքրքիր միջոցառումներ: Հայաստանի հետ կապը պահպանում է հայկական ոգին: Ասեմ, որ համայնքի կյանքին առավել ակտիվ մասնակցություն են ցուցաբերում երիտասարդները. հենց այստեղից էլ պիտի սկսել` կամրջելով Հայաստանի և Ավստրիայի հայ երիտասարդներին, ինչու չէ, նաև ավստրիացի երիտասարդներին: Նրանք անպայման իրար հետ շփվելու կարիք կունենան, և այդ համագործակցությունը  կտա իր ցանկալի արդյունքները:

-Որտեղի՞ց են Ավստրիա գալիս հայերը:

-Ավելի շատ`Իրաքից,Իրանից,Թուրքիայից:

-Իսկ Հայաստանի՞ց…

-Հայաստանից արտագաղթողների թիվը քիչ է:

-Հաճա՞խ եք լինում Հայաստանում:

-Այո´, ես՝ որպես հայագետ, սերտ կապեր ունեմ Մատենդարանի հետ, զբաղվում եմ հին ձեռագրերի ուսումնասիրությամբ, հատկապես`Կիլիկյան Հայաստանի: Այդ ձեռագրերի մեջ ես փնտրում եմ կենդանիների աշխարհին, մասնավորապես`ձիերին, ձիաբուծությանը վերաբերող թեմաներ:
Շատ կապված եմ Էջմիածնի Մայր տաճարի՝ գիտական աշխատանքներով զբաղվողների հետ: Դուք գիտեք, որ Հայոց Վեհափառը ուսանել է Ավստրիայում, նա ինձ հաճախ է հրավիրում Հայաստան` Էջմիածին, ուր ես շատ բան ունեմ ուսումնասիրելու և սովորելու հայագիտության առումով: Սերտ կապեր ունեմ նաև ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի հետ:

Այսպես ասեմ` ես մի կամուրջ եմ Ավստրիայի և Հայաստանի միջև:

-Ի՞նչ  ակնկալիքներ ունեք այս համաժողովից,ի՞նչ ծրագրեր` կապված Սփյուռքի նախարարության հետ:

-Կարծում եմ, որ համաժողովը տարբեր երկրների սփյուռքների և հայկական Սփյուռքի հետ կապված շատ հարցերի լուծում կտա: Սփյուռքի նախարարության հետ բարեկամներ ենք: Կարելի է կազմակերպել փոխադարձ դասախոսություններ մեր համալսարանի հայագիտության ամբիոնի և Երևանի պետական համալսարանի համապատասխան ամբիոնի միջև:

-Ի՞նչ են ուսումնասիրում Ձեր ուսանողները:

-Հայոց պատմություն, լեզու, գրականություն: Այդ բոլորը ես եմ դասավանդում և տեսնում եմ, թե ինչ սիրով ու ջանասիրությամբ են նրանք սովորում:

-Ի՞նչն է Ձեզ անհանգստացնում սփյուռք հասկացության շրջանակներում:

-Ամենից շատ ինձ անհանգստացնում է ակունքներից հեռանալը, ուծացման վտանգը, որը կարելի է կանխել միայն և միայն տարբեր երկրների փորձի փոխանակման, համագործակցության միջոցով, և այդ առումով այս համաժողովը շատ նպատակային էր և օգտակար: Հուսամ, որ այս առիթով դեռ կհանդիպենք, քննարկումներ կունենանք, և սփյուռք հասկացության հիմնախնդիրները աստիճանաբար ճիշտ լուծում կգտնեն` այդպիսով պահպանելով ազգային ինքնագիտակցության բարձրարժեք և շատ կարևոր գիտակցումը:

Զրույցը վարեց Կարինե Ավագյանը

Scroll Up