Ժամանակակից Ադրբեջանը ձգտում է «առաջ»՝ դեպի միջնադար

Նրա գրքերը այրվել են Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի ամբոխի կողմից: Նրա կինը և որդին աշխատանքը կորցրին: Գյուղերից մեկում ամբոխը պահանջեց ստուգել գրքի հեղինակի արյունը, որպեսզի պարզի նրա ճշմարիտ էթնիկ պատկանելությունը: 2013թ.-ին երկրի նախագահը զրկեց նրան իր «Ժողովրդական գրող» պատվավոր կոչումից: Եվ զայրացած ամբոխը նրա պատուհանի տակ սպառնում էր նրան և պահանջում լքել երկիրը:

75-ամյա Աքրամ Այլիսլիի խոսքերի համաձայն՝ իր վերջին՝ «Քարե երազներ» գրքի ռուսերեն թարգմանության հրապարակումից հետո իր հանդեպ վերաբերմունքը գերազանցում է նույնիսկ իր սեփական գրական երևակայությանը:

Գրքում պատմվում է դեռևս Խորհրդային Միության վերջին օրերին Ադրբեջանում էթնիկ բռնությունների պայթյունների մասին: Սկսված կոնֆլիկտի արդյունքում ամենաքիչը 30 հազար հայ և ադրբեջանցի զոհվեցին Լեռնային Ղարաբաղի չորսամյա պատերազմի ընթացքում:

Այն բանից հետո, երբ գրքի ռուսերեն թարգմանությունը հայնտվեց Մոսկվայում հրապարակվող «Ժողովուրդների ընկերություն» ամսագրի դեկտեմբերյան համարում, Այլիսլիի կյանքը վերածվեց  դժոխքի: Ռուս գրական խմբագիրն ասաց, որ ինքը կասկածում է, թե Ալիևն ու բողոքող ադրբեջանցիները կարդացել են գիրքը:

«Այդ գիրքը քիչ թե շատ մարդկայնորեն փորձում է հետազոտել այնպիսի տգեղ երևույթի բնույթը, ինչպիսին է միջէթնիկական ատելությունը և, իհարկե, չունի Ալիևի հրամանագրում նրան վերագրված բնութագիր, -ասել է Լեոնիդ Բախնովը՝ ռուսական թերթի արձակի բաժնի ղեկավարը,-  Այլիսլիի հետ կապված այս ամբողջ պատմությունն ինձ հիշեցնում է  Նոբելյան մրցանակի դափնեկիր Բորիս Պաստեռնակի հանդեպ բռնությունները 1950-ականների վերջերին, երբ հազարավոր մարդիկ, որոնք երբևէ ոչ էլ կարդացել էին  «Դոկտոր Ժիվագոյի» թեկուզ մեկ պարբերություն, ստիպված էին հրապարակայնորեն քննադատել վեպը»:

Այլիսլին հայտարարել է, որ մաքսայինում ավագ ծառայող նրա որդու՝ Նադժաֆի վրա ճնշում է գործադրվել, և նա ստիպված է եղել լքել երկիրը փետրվարի 4-ին: Հաջորդ օրը գրողի կինը՝ Գալինան, ստիպված է եղել լքել գրադարանի տնօրենի՝ իր վաղեմի պաշտոնը: «Ես ինձ զգում եմ ստալինյան հետապնդումների զոհը և, անկեղծ  ասած, վախենում եմ փողոց դուրս գալ այս օրերին, -ասել է Այլիսլին, -նրանք կանգնում են պատուհանների տակ և ամբողջ կոկորդով գոռում են, որ ես դավաճան եմ և կա´մ պետք է մեռնեմ, կա´մ լքեմ երկիրը»:

Լեյլա Յունուսը՝ Բաքվի ատլանտյան կենտրոնի ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտի տնօրենը, ասում է, որ ատելությունը հրահրվել է իշխանությունների կողմից, որպեսզի շեղեն ուշադրությունը երկրի խնդիրներից: «Վերջին ամիսների ընթացքում ամբողջ երկրում մենք շատ բողոքի ցույցեր տեսանք կոռուպցիայի, ժողովրդավարության բացակայության դեմ և նախագահ Ալիևի պաշտոնաթող լինելու պահանջով, -ասել է նա հեռախոսային հարցազրույցում, -Այլիսլին որպես ժողովուրդների թշնամի է «ընտրվել» իշխանությունների կողմից, որպեսզի շփոթեցնեն բողոքողներին և ստիպեն նրանց հավաքված ատելությունն ու հուսահատությունը թափել անմեղ հեղինակի վրա»:

«Քարե երազներում» Այլիսլին կոչ է անում իր հայրենակիցներին կարեկցանք արտահայտել հայերի հանդեպ՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք նրանք կրել են դարերի ընթացքում:

armenian-community.ge

Scroll Up