Գագիկ Հարությունյան. 2013թ. Անդրկովկասում ուժերի նոր հավասարակշռություն է ստեղծվել

Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես՝ Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման մասին համաձայնագիրը, այդ պետությունում շարունակվող պատերազմը, Թեհրանի միջուկային խնդրի շուրջ Արևմուտքի և Իրանի միջև համաձայնագիրը գտնվել են համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում։ Այդ գործընթացները դրականորեն են ազդել տարածաշրջանում և Անդրկովկասում խաղաղության ամրապնդման վրա։ Այս մասին դեկտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, աշխարհաքաղաքականության գծով փորձագետ Գագիկ Հարությունյանը՝ ամփոփելով անցնող 2013 թվականի արդյունքները։

Ինչպես նշեց Գ.Հարությունյանը, ԱՄՆ և Իրանի հարաբերությունների ապասառեցումը և Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման համաձայնագիրը, ինչպես նաև Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը Անդրկովկասի տարածաշրջանում և Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցության մասին որոշումը էապես նվազեցրել են Իրանի և Սիրիայի դեմ ռազմական ինտերվենցիայի և ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ «Սիրիայի պարագայում նկատվել է հակամարտությանն ահաբեկչական ինտերնացիոնալի մասնակցություն, որը մարտնչում է սիրիական իշխանությունների կանոնավոր զորքերի դեմ։ Փաստորեն, նշված խմբավորումներն առաջին անգամ միասին, նման քանակությամբ ռազմական գործողություններ են մղում կանոնավոր բանակի դեմ»,- ընդգծել է Գ.Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ խաղաղության ամրապնդումը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում դրականորեն է ազդում նաև Հարավային Կովկասի վրա։ «Մյուս կողմից՝ տարածաշրջանում հետաքրքիր գործընթացներից մեկը դարձավ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը։ ՄՄ հիմքի վրա ձևավորվող Եվրասիական միությունը փաստորեն ներառում է երեք բաղադրիչ՝ քաղաքական, տնտեսական և ռազմական։ Այսպիսով, Մաքսային միությանը Հայաստանի միանալով տարածաշրջանում ձևավորվում է ուժերի այնպիսի հավասարակշռություն, որի խախտումը ոչ մեկի շահերից չի բխում։ Դրանից հետո ադրբեջանական լրատվամիջոցներում հակահայկական հայտարարությունները զգալիորոն շատացան»,- ասել է նա։

Ըստ Գ.Հարությունյանի՝ 2013թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպումների վերսկսումը (երկամյա ընդմիջումից հետո) նույնպես վկայում է տարածաշրջանում դրական միտման մասին։ «Հույս կա, որ նախագահների մակարդակով անցկացվող հանդիպումները շարունակական բնույթ կկրեն (արդեն հաջորդ հանդիպման նախապատրաստման աշխատանքներ են վարվում- խմբ.)։ Ներկայում հնարավորություն կա, որ Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացը շարունակվի ավելի կառուցողական հունով, քանի որ վերը թվարկված գործընթացների պատճառով տարածաշրջանում նվազել է պատերազմի վերսկսման հավանականությունը»,- ասել է մամուլի ասուլիսի հյուրը։

Փորձագետը համաձայնել է այն կարծիքին, որ սահմանազատիչ գծերը տարածաշրջանում ապագայում ավելի հստակ կդառնան թուրք-ադրբեջանական հարաբերությունների խորացման և ինստիտուցիոնալացման, ԵՄ-ի հետ Ասոցիատիվ համաձայնագիր ստորագրելու Վրաստանի ձգտման և Մաքսային միություն մտնելու Հայաստանի ցանկության հետ կապված։ «Լարվածությունը տարածաշրջանում կարող է ավելանալ, բայց դա չի հանգեցնի զինված բախման։ Ներկայում տարածաշրջանում ստեղծվել է «սառը պատերազմի» դարաշրջանի նման իրավիճակ։ Իհարկե, դա կրում է լոկալ բնույթ։ Այս իրավիճակում ուժերի ստեղծված հավասարակշռության խախտումը ոչ մեկի շահերից չի բխում։ Այստեղ կարևոր է նաև այն, որ Վրաստանի նոր ղեկավարությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը նույնպես հետաքրքրություն է մտցնում տարածաշրջանային գործընթացներում։ Ժամանակին դեռևս ամերիկյան Stratfor ուղեղային կենտրոնն էր եկել այն եզրակացության, որ Վրաստանն աստիճանաբար հակվելու է Ռուսաստանի կողմը»,- եզրափակել է Գ.Հարությունյանը։ Այս մասին տեղեկացնում է soyuzinfo.am-ը՝  վկայակոչելով  regnum.ru-ն:

Scroll Up