Հայաստանի պետական ջազ-նվագախումբը «Երաժշտության կասկադ» կնվիրի ունկնդրին

Ջազի սիրահարների համար Հայաստանի պետական ջազ-նվագախումբն անակնկալ է պատրաստել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցը նշեց, որ մարտի 14-ին կոլեկտիվը համերգով հանդես կգա «Գաֆեսճյան» արվեստների կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում:
«Համերգը տեղի կունենա «Երաժշտության կասկադ» ծրագրի շրջանակում: Որպես հատուկ հյուր հանդես կգա երգիչ Աղվան Պապոյանը»,- նշեց Հյուսնունցը:
Պապոյանը ջազային երաժիշտ է, ով որպես մեներգիչ հանդես է գալիս ջազ-նվագախմբի հետ: Նա երգում է ջազ և սոուլ ոճերում: «Երաժշտության կասկադ» համերգային ծրագրում կհնչեն նվագախմբի հին ու նոր ստեղծագործությունները:
Անդրադառնալով նվագախմբի առաջիկա գործունեությանը` Հյուսնունցը հայտնեց, որ առաջիկայում նվագախումբը նախանշված մեծ հյուրախաղեր և փառատոնային հրավերներ չունի, սակայն իր հանդիսատեսին խոստանում է ներկայանալ տարբեր երևանյան և մարզային համերգների միջոցով: Կայանալիք միջոցառման տոմսերի արժեքը 5000 դրամ է:
http://armenpress.am/