Հայերն Աբխազիայում
Ըստ Աբխազիայի հայկական համայնքի նախագահ Սուրեն Քեսալյանի՝ հայերի վարկանիշը բարձր է այդ երկրում:
Օրերս ՀՀ սփյուռքի նախարարություն էր այցելել Աբխազիայի հայկական համայնքի նախագահ Սուրեն Քեսալյանը: «Հայերն այսօրի» թղթակիցը հանդիպել և զրուցել է նրա հետ:
– Բարո´ վ եք եկել Հայրենիք, տուն: Հաճա՞խ եք լինում Հայաստանում և ի՞նչ առաքելությամբ:
– Շնորհակալությո´ ւն, այո´ , Հայաստանն է իմ հայրենիքը, չնայած ծնվել, մեծացել, կրթվել և ապրում եմ Աբխազիայում: Անկեղծ ասած` վաղուց չեի եղել Հայաստանում. վերջին այցս 1992ին էր:
Իմ այցելության նպատակը նախ` Սփյուռքի նախարարության հետ մեր համագործակցության առիթն է, նաև` հետագա ծրագրերի մշակումը՝ Աբխազիայի հայկական համայնքի որոշ խնդիրների հետ է կապված: Մենք ցանկանում ենք ավելի սերտ կապեր ունենալ և ավելի շատ շփվել Հայրենիքի հետ:
– Պարո´ ն Քեսալյան, ասացե´ ք, խնդրեմ, ե՞րբ է հիմնադրվել Աբխազիայի հայկական համայնքը:
– Իրավաբանորեն հաստատվել է 1904 թ., թեև փաստացի այն ավելի վաղուց կար: Միավորվեցին տարբեր քաղաքներում ձևավորված հայկական «Կռունկ»,«Մաշտոց», «Մշակութային կենտրոն» կազմակերպությունները, և ստեղծվեց «Համշեն» հայկական համայնքը:
– Այսօր որքա՞ն հայություն է բնակվում Աբխազիայում:
– 45.000 հայ է ապրում Աբխազիայում, հիմնականում` գյուղական համայնքներում: Ներքին արտագաղթ կա. շատերն են գյուղերից քաղաք տեղափոխվում` աշխատանք, աշխատատեղ չունենալու պատճառով և ավելի շատ ձգտում են բնակվել Գագրայում, որն ավելի մոտ է Ռուսաստանի Դաշնությանը, աշխատատեղեր կան, շարժ կա, մարդիկ կարողանում են փող վաստակել, ընտանիք պահել:
– Երկրի կառավարման գործում ի՞նչ դեր են խաղում հայերը, իշխանության պատասխանատու օղակներում, օրենսդիր մարմիններում կա՞ն հայեր:
– Աբխազիայի պառլամենտում ունենք 3 հայ պատգամավոր` Վալերա Մարիամյանը, Ալբերտ Հովսեփյանը, Սերգեյ Մատոսյանը, ով փոխխոսնակ է: Գյուղնախարարի տեղակալը ևս մեր հայրենակիցն է` Աշոտ Մինասյանը, արտակարգ իրավիճակների նախարարությունում` Տիգրան Դելիբոլդյանը, նախագահի լրատվամիջոցներում ղեկավար է Ռուբեն Միհրանյանը, գիտության, կրթության ոլորտում` Ազնիվ Միրվանյանը, առողջապահության ոլորտում` մանկական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Սիրուշ Հովհաննիսյանը, պետական եկամուտների ոլորտում` Ներսես Ներսիսյանը… Ինչպես տեսնում եք, հայերն ամենուր են և գնահատված:
Էլ չեմ խոսում այն նշանավոր հայերի մասին, ովքեր ծնունդով Աբխազիայից են` մարզիկներ, մարզիչներ, ֆուտբոլային աշխարհի ճանաչված անուններ` Սարգիս Հովիվյան, Նիկիտա Սիմոնյան, Ռոբերտ Դիլանյան, Հակոբ Քերսելյան, Ռոբերտ Հալաջյան… Հիշո՞ւմ եք Ժան Թաթլյանին… Հիմա էլ ունենք հնչեղ անուններ շախմատային աշխարհում:
– Քանի՞ հայկական դպրոց կա Աբխազիայում, և ավարտելուց հետո ո՞ւր են մեկնում` շարունակելու ուսումը:
– 32 դպրոց կա, ավարտելուց հետո մեծ մասը մեկնում է սովորելու Կրասնոդարի մարզում, Սոչիում, Դոնի Ռոստովում, Մոսկվայում: Քչերն են մնում սովորելու Սուխումիում:
– Իսկ Հայաստա՞ն…
– Հայաստան չեն գալիս մի պարզ պատճառով. հեռու է, և կան նաև կենցաղային, ֆինանսական խնդիրներ:
– Ի՞նչ հավատք են դավանում Աբխազիայի հայերը, կա՞ արդյոք Աբխազիայի տարածքում եկեղեցի:
– Հիմնականում հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, կան նաև ուղղափառներ, աղանդավորներ, ինչպես Ռուսաստանում: Ունենք մեկ եկեղեցի, բակում` ժամատուն: Եկեղեցին դեռ չի օրհնվել, այն կոչվում է Սուրբ Հռիփսիմե: Մեր հոգևոր հովիվը` տեր Սեդրակը, եկել է Էջմիածնից, ծիսակատարություն է անում, օրհնում նորապսակներին, մկրտվողներին: Մենք ամեն ինչով աջակցում ենք մեր քահանային: Նրա հետ շրջել ենք Սուխումիում, Գագրայում և այլուր: Տեր Սեդրակը, շատ բովանդակալից և օգտաշատ քարոզներ է կարդում տեղի բնակչությանը: Դեռ հնուց հայերը կառուցել են եկեղեցիներ, բացել դպրոցներ: Նախկինում այդ եկեղեցիները փայտաշեն էին: Նաև կաթողիկոս ենք ունեցել Արդվինից:
– Աբխազիայում շա՞տ են խառնամուսնությունները:
– Այո´ , սակայն դա իրենից վտանգ չի ներկայացնում. ավելի շատ ամուսնություններ են գրանցվում հայերի և աբխազների միջև, քան ուրիշ ազգերի: Մենք խառնամուսնությունների մեջ էլ կարողանում ենք պահպանել հայկական ավանդույթները:
– Բնիկ աբխազների հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք:
– Շատ լավ, բարեկամական: Հայերն ամենուր ստեղծող են, արարող, կառուցող, աշխատասեր և ազնիվ: Մեր վարկանիշը բարձր է:
– Ինչո՞վ են այսօր զբաղվում Աբխազիայի հայերը, ինչպե՞ս են ընտանիք պահում:
– Հիմնականում` գյուղատնտեսությամբ, առևտրով, զբոսաշրջության գործով, ցիտրուսային մրգերի մշակմամբ, ձեռնարկատիրությամբ:
– Իսկ ինչո՞վ եք զբաղվում Դուք, պարո´ ն Քեսալյան:
– Գյուղատնտես եմ, բայց մասնագիտությամբ չեմ աշխատել, աշխատել եմ Աբխազիայի գյուղնախարարությունում, Առևտրի պալատում` որպես փորձագետ: Բացի համայնքի նախագահ լինելուց, ես նաև գործարար եմ:
– Ինչպիսի՞ն է մթնոլորտը հայկական համայնքում:
– Հրաշալի: Թող տպավորություն չստեծվի, թե հայերը միայն առևտրով կամ գյուղատնտեսությամբ են զբաղվում. մենք ունենք Գրողների միություն, որը ղեկավարում է ՀԳՄ և Ժուռնալիստների միության անդամ, 20-ամյա «Համշեն» (նախկինում` «Կռունկ») ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազդ Սարեցյանը: «Համշենը» հրատարակվում է ամիսը 2 անգամ, նաև հրատարակում է գրքեր:
Աբխազիայի Գրողների միությունը դարձավ 50 տարեկան: Աբխազիայում կան հայ ուսուցիչների, բժիշկների, ինժեներների գերդաստաններ: Կազմակերպում ենք ցուցահանդեսներ, համերգներ և այլ միջոցառումներ: Երբ լրացավ Եղեռնի 90-րդ տարելիցը, 16 նկարիչների 65 կտավների ցուցադրություն եղավ` Հայոց ցեղասպանության թեմաներով: Այս տարի` Մեծ եղեռնի 96-րդ տարելիցին, կրկին ցուցադրություն ունեցանք, ուր ներկայացված էին Եղեռնի ականատեսների, վերապրածների պատմությունների հիման վրա արված նկարներ:
Մայիսի 5-ին կայացավ Հայկական երաժշտության փառատոն, որն արդեն 10 տարի է` ավանդույթ է դարձել: Փառատոնին մշտապես մասնակցում են թե´ տեղի, թե´ Կրասնոդարից ժամանած երգիչ-երգչուհիներ, երաժիշտ-կատարողներ, պարային համույթներ:
– Ինչի՞ կարիք ունեն Աբխազիայի հայերը, հայկական համայնքը` գրքե՞ր, դասագրքե՞ր…
– Դուք արդեն իսկ Ձեր հարցի մեջ կիսով չափ տվեցիք պատասխանը, ես էլ հաստատեմ` այո´ , գեղարվեստական գրականության, դասագրքերի, հայկական երաժշտական գործիքների, հայկական ազգային տարազների, որի կարիքը շատ ունեն պարային, երաժշտական խմբերը:
Այս հարցերի մեծ մասի լուծմանը աջակցելու է Սփյուռքի նախարարությունը` ի դեմս նախարար Հրանուշ Հակոբյանի, ով միշտ իր խոսքի տերն է: Արդեն պայմանավորվել ենք տիկին Հակոբյանի հետ մեր գրադարանը գեղարվեստական գրականությամբ համալրելու մասին:
– Քանի՞ համագումար է ունեցել համայնքը:
– Երեք համագումար: Մեր խորհուրդն ունի 27 անդամ, 3 տեղակալներ, տարբեր հանձնաժողովներ` կրթության, վետերանների, տեղեկատվական, իրավական, երիտասարդական (սպորտ, մշակույթ):
– Պարո´ ն Քեսալյան, ե՞րբ եք որոշել կրկին այցելել Հայրենիք:
– Հաջորդ այցս կլինի սեպտեմբերին. պիտի մասնակցեմ Սփուռքի հայկական համայնքների ֆորումին, ուր քննարկվելու են համահայկական խնդիրներ, և ձևավորվելու է համահայկական օրակարգը:
– Շնորհակալություն,պարո’ն Քեսալյան, Ձեզ բարի ճանապարհ և միշտ վերադարձ Հայրենիք, տուն:
Զրույցը վարեց Կարինե ԱՎԱԳՅԱՆԸ