Հայերն Աբխազիայում

Ըստ Աբխազիայի հայկական համայնքի նախագահ  սուրէն Քեսալեանի` հայերի վարկանիշը բարձր է այդ երկրում:

Աբխազիայում հայերը հաստատուել են դեռեւս վաղ միջնադարում: Աբխազիայի հայերի հիմնական զանգուածը համշենցիներ են, որոնք գաղթել են Սեւ ծովի հարաւարեւելեան ափերից` Տրապիզոնի, Օրդուի եւ Սամսոնի շրջաններից: Հայերի հոսքը դէպի Աբխազիայ աճեց յատկապէս 1895-96, 1915-ի հայկական կոտորածների ժամանակ: Հայերը Աբխազիայում սփռուած են տարբեր գիւղերում` Լաբրայ, Ախալշենի, Աթարայ, Պսիրցխայ, Մծարայ եւ այլն: Մի մասն էլ ապրում է քաղաքներում` Սուխումում, Օչամչիրայում, Գուդաութայում, Գագրայում: Հիմնականում զբաղւում են գիւղատնտեսութեամբ, արհեստներով, առեւտրով, սակայն քիչ չէ սպորտի, մշակոյթի բնագաւառում կայացած հայերի թիւը:

Օրերս ՀՀ սփիւռքի նախարարութիւն  էր այցելել  աբխազիայի հայկական համայնքի նախագահ Սուրէն Քեսալեանը: «Հայերն այսօրի»  թղթակիցը հանդիպել եւ զրուցել է նրա հետ:

– Բարոբ վ էք եկել Հայրենիք, տուն: Յաճա՞խ էք լինում Հայաստանում եւ ի՞նչ առաքելութեամբ:

– Շնորհակալութեօ´ ւն, այո´, Հայաստանն է իմ հայրենիքը, չնայած  ծնուել, մեծացել, կրթուել եւ ապրում եմ Աբխազիայում: Անկեղծ ասած` վաղուց չէի եղել Հայաստանում. վերջին այցս 1992-ին էր:

Իմ այցելութեան նպատակը նախ` Սփիւռքի նախարարութեան հետ մեր համագործակցութեան առիթն  է, նաեւ`  յետագայ ծրագրերի մշակումը` Աբխազիայի հայկական համայնքի որոշ խնդիրների հետ է կապուած: Մենք ցանկանում ենք աւելի սերտ կապեր ունենալ եւ աւելի շատ  շփուել Հայրենիքի հետ:

– Պարո´ն Քեսալեան, ասացե´ք, խնդրեմ, ե՞րբ է հիմնադրուել Աբխազիայի հայկական համայնքը:

– Իրաւաբանօրէն հաստատուել է 1904 թ., թէեւ փաստացի այն աւելի վաղուց կար: Միաւորուեցին տարբեր քաղաքներում ձեւաւորուած հայկական «Կռունկ»,«Մաշտոց», «Մշակութային կենտրոն» կազմակերպութիւնները, եւ ստեղծուեց  «Համշեն»  հայկական համայնքը:

– Այսօր որքա՞ն հայութիւն է բնակւում Աբխազիայում:

– 45.000 հայ է ապրում Աբխազիայում, հիմնականում` գիւղական համայնքներում: Ներքին արտագաղթ կայ. շատերն են գիւղերից քաղաք տեղափոխւում` աշխատանք, աշխատատեղ չունենալու պատճառով եւ աւելի շատ ձգտում են բնակուել Գագրայում, որն աւելի մօտ է Ռուսաստանի Դաշնութեանը, աշխատատեղեր կան, շարժ կայ, մարդիկ կարողանում են փող վաստակել, ընտանիք պահել:

– Երկրի կառավարման գործում ի՞նչ դեր են խաղում հայերը, իշխանութեան պատասխանատու օղակներում, օրէնսդիր մարմիններում կա՞ն հայեր:

– Աբխազիայի պառլամենտում ունենք 3 հայ պատգամաւոր` Վալերա Մարիամեանը, Ալբերտ Յովսէփեանը, Սերգեյ Մատոսեանը, ով փոխխօսնակ է: Գիւղնախարարի տեղակալը եւս մեր հայրենակիցն է` Աշոտ Մինասեանը, արտակարգ իրավիճակների նախարարութիւնում` Տիգրան Դելիբոլդեանը, նախագահի լրատուամիջոցներում ղեկավար է Ռուբեն Միհրանեանը, գիտութեան, կրթութեան ոլորտում` Ազնիւ Միրուանեանը, առողջապահութեան ոլորտում` մանկական պոլիկլինիկայի գլխաւոր բժիշկ Սիրուշ Յովհաննիսեանը, պետական եկամուտների ոլորտում` Ներսէս Ներսիսեանը… Ինչպէս տեսնում էք, հայերն ամէնուր են եւ գնահատուած:

Էլ չեմ խօսում այն նշանաւոր հայերի մասին, ովքեր ծնունդով Աբխազիայից են` մարզիկներ, մարզիչներ, ֆուտբոլային աշխարհի ճանաչուած անուններ` Սարգիս Հովիւեան, Նիկիտա Սիմոնեան, Ռոբերտ Դիլանեան, Յակոբ Քերսելեան, Ռոբերտ Հալաջեան… Յիշու՞մ էք Ժան Թաթլեանին… Հիմա էլ ունենք հնչեղ անուններ շախմատային աշխարհում:

– Քանի՞ հայկական դպրոց կայ Աբխազիայում,  եւ աւարտելուց  յետոյ ու՞ր են մեկնում` շարունակելու ուսումը:

– 32 դպրոց կայ, աւարտելուց յետոյ մեծ մասը մեկնում է սովորելու Կրասնոդարի մարզում,  Սոչիում, Դոնի Ռոստովում, Մոսկուայում: Քչերն են մնում սովորելու Սուխումիում:

– Իսկ Հայաստա՞ն…

– Հայաստան չեն գալիս մի պարզ պատճառով. հեռու է, եւ կան նաեւ կենցաղային, ֆինանսական խնդիրներ:

– Ին՞չ հաւատք  են դաւանում Աբխազիայի հայերը, կա՞յ արդեօք Աբխազիայի տարածքում եկեղեցի:

– Հիմնականում հայ առաքելական  եկեղեցու հետեւորդներ  են, կան նաեւ ուղղափառներ,  աղանդաւորներ, ինչպէս Ռուսաստանում: Ունենք մէկ եկեղեցի, բակում` ժամատուն: Եկեղեցին դեռ չի օրհնուել, այն կոչւում է Սուրբ Հռիփսիմէ: Մեր հոգեւոր հովիւը` տէր Սեդրակը, եկել է Էջմիածնից, ծիսակատարութիւն է անում, օրհնում նորապսակներին, մկրտուողներին: Մենք ամէն ինչով աջակցում ենք մեր քահանային: Նրա հետ շրջել ենք Սուխումիում, Գագրայում եւ այլուր: Տէր Սեդրակը, շատ բովանդակալից եւ օգտաշատ քարոզներ է կարդում տեղի բնակչութեանը: Դեռ հնուց հայերը կառուցել են եկեղեցիներ, բացել դպրոցնէր: Նախկինում այդ եկեղեցիները փայտաշեն էին: Նաեւ կաթողիկոս ենք ունեցել  արդուինից:

– Աբխազիայում շա՞տ են խառնամուսնութիւնները:

– Այո´ , սակայն դա իրենից վտանգ չի ներկայացնում. աւելի շատ ամուսնութիւններ են գրանցւում հայերի եւ աբխազների միջեւ, քան ուրիշ ազգերի: Մենք խառնամուսնութիւնների մէջ էլ կարողանում ենք պահպանել հայկական աւանդոյթները:

– Բնիկ աբխազների հետ ինչպիսի՞ յարաբերութիւններ ունէք:

– Շատ լաւ, բարեկամական: Հայերն ամէնուր ստեղծող են, արարող, կառուցող, աշխատասէր եւ ազնիւ: Մեր վարկանիշը բարձր է:

– Ինչո՞վ են այսօր զբաղւում Աբխազիայի հայերը, ինչպէ՞ս են ընտանիք պահում:

– Հիմնականում` գիւղատնտեսութեամբ, առեւտրով, զբօսաշրջութեան գործով, ցիտրուսային մրգերի մշակմամբ, ձեռնարկատիրութեամբ:

– Իսկ ինչո՞վ էք զբաղւում Դուք, պարո´ն Քեսալեան:

– Գիւղատնտես եմ, բայց մասնագիտութեամբ չեմ աշխատել, աշխատել եմ Աբխազիայի գիւղնախարարութիւնում, Առեւտրի պալատում` որպէս փորձագէտ: Բացի համայնքի նախագահ լինելուց, ես նաեւ գործարար եմ:

– Ինչպիսի՞ն է  մթնոլորտը հայկական համայնքում:

– Հրաշալի: Թող տպաւորութիւն չստեծուի, թէ հայերը միայն առեւտրով կամ գիւղատնտեսութեամբ են զբաղւում. մենք ունենք Գրողների միութիւն, որը ղեկավարում է ՀԳՄ եւ Ժուռնալիստների միութեան անդամ, 20-ամեա  «Համշեն» (նախկինում` «Կռունկ») ամսագրի գլխաւոր խմբագիր Արտաւազդ Սարեցեանը: «Համշենը»  հրատարակւում է ամիսը 2 անգամ, նաեւ հրատարակում է գրքեր:

Աբխազիայի Գրողների միութիւնը դարձաւ 50 տարեկան: Աբխազիայում կան հայ ուսուցիչների, բժիշկների, ինժեներների գերդաստաններ: Կազմակերպում  ենք ցուցահանդէսներ, համերգներ եւ այլ միջոցառումներ: Երբ լրացաւ Եղեռնի 90-րդ տարելիցը, 16 նկարիչների 65 կտաւների ցուցադրութիւն եղաւ` Հայոց ցեղասպանութեան թեմաներով: Այս տարի` Մեծ եղեռնի 96-րդ տարելիցին, կրկին ցուցադրութիւն ունեցանք, ուր ներկայացուած էին Եղեռնի ականատեսների, վերապրածների պատմութիւնների հիման վրայ արուած նկարներ:

Մայիսի 5-ին կայացաւ Հայկական երաժշտութեան փառատօն, որն արդեն  10 տարի է` աւանդոյթ է դարձել: Փառատօնին մշտապէս մասնակցում են թեբ  տեղի, թեբ  Կրասնոդարից ժամանած երգիչ-երգչուհիներ, երաժիշտ-կատարողներ, պարային համոյթներ:

– Ինչի՞ կարիք ունեն Աբխազիայի հայերը,  հայկական համայնքը` գրքե՞ր, դասագրքե՞ր…

– Դուք արդէն իսկ Ձեր հարցի մէջ կիսով չափ տուեցիք պատասխանը, ես էլ հաստատեմ` այո´ , գեղարուեստական գրականութեան, դասագրքերի, հայկական երաժշտական գործիքների, հայկական  ազգային տարազների, որի կարիքը շատ ունեն պարային, երաժշտական խմբերը:

Այս հարցերի մեծ մասի լուծմանը  աջակցելու  է Սփիւռքի նախարարութիւնը` ի դէմս նախարար Հրանոյշ Յակոբեանի, ով միշտ իր խօսքի տէրն է: Արդէն պայմանաւորուել ենք տիկին Յակոբեանի հետ մեր գրադարանը գեղարուեստական գրականութեամբ համալրելու մասին:

– Քանի՞ համագումար է ունեցել համայնքը:

– Երեք համագումար: Մեր խորհուրդն ունի 27 անդամ, 3 տեղակալներ, տարբեր յանձնաժողովներ`  կրթութեան, վետերանների, տեղեկատուական, իրաւական, երիտասարդական (սպորտ, մշակոյթ):

– Պարո´ն Քեսալեան, ե՞րբ էք որոշել կրկին այցելել Հայրենիք:

– Յաջորդ այցս կը լինի սեպտեմբերին. պիտի մասնակցեմ Սփուռքի հայկական համայնքների ֆորումին, ուր քննարկուելու են համահայկական խնդիրներ, եւ ձեւաւորուելու է համահայկական օրակարգը:

– Շնորհակալութիւն,պարո’ն  քեսալեան, Ձեզ բարի ճանապարհ եւ միշտ վերադարձ Հայրենիք, տուն:

Զրոյցը վարեց Կարինէ ԱՒԱԳԵԱՆԸ

Scroll Up