Գո՛րծն է անմահ, լա՛վ իմացեք
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/03/75725928.jpg)
Ներկայացնում ենք Akhaltskha.Net-ի հարցազրույցը ՎՀՕՄ-ի վարչության ատենապետուհի Կարինե Թադևոսյանի հետ:
–Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:
-Կյանքում միշտ առաջնորդվել և շարունակում եմ առաջնորդվել հայրիկիս որդեգրած կարգախոսով՝ «Ով քիզի լիղի պարգևի, դուն տուր շաքար,- Սայաթ-Նովա»: Իսկ առհասարակ՝ օգնել մարդկանց, միշտ օգտակար լինել նրան, ով ունի դրա կարիքը:
–Կյանքի գերագույն խորհուրդը ո՞րն է՝ ըստ Ձեզ:
– Ըստ ինձ` իմ ապրած տարիների ընթացքում այնպիսի գործեր անելն է, որոնցով ինձ կհիշեն՝ անել ազնիվ քայլեր, երեխաներ դաստիարակել, ովքեր այնուհետև հասարակության համար պիտանի մարդիկ կդառնան:
–Ձեր կյանքի բեկուն գործունեությունը ինչի՞ց սկսվեց, ո՞վ կամ ի՞նչը խթան հանդիսացավ, որ Դուք ընդգրկվեցիք ՎՀՕՄ–ի կազմում:
-Դեռ դպրոցական տարիներից կատարել եմ նման հասարակական աշխատանքներ, ուսանողության տարիներին՝ նույնպես: Դպրոցում պիոներական դրուժինայի խորհրդի նախագահ էի, երևի այդտեղից էլ սկսվեց: Իսկ կառույց ընդգրկվելու հարցում կնշեմ Վալերի Արաբյանի անունը, ով, ճանաչելով ինձ, հրավիրեց դառնալու հօմուհի: Հենց այդպես էլ սկսվեց իմ գործունեությունը կառույցում:
–Առաջին հերթին այդ կառույցը ինչո՞վ է կարևորվում Ձեզ համար:
-Կառույցը ինձ համար առաջին հերթին կարևորվում է նրանով, որ այստեղ հավաքված կանայք շատ բարեհոգի են, գթասիրտ, որ իրենք ներքին մղումով են այս կառույցի անդամ դարձել: Նրանք նվիրյալներ են:
–Մեծ ներդրում ունենալով ՎՀՕՄ–ում՝ դեռ ի՞նչ պլաններ ունի տիկին Կարինեն:
-Շատ ծրագրեր ունեմ, որ դեռ թղթին չեն հանձնված, ի կատար չեն ածվել: Քանի որ մեր կառույցը ողջ Վրաստանում է գործում, իսկ մենք ունենք անելիքներ հանրապետության ողջ հայության շրջանում, և պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք և ծրագրեր մշակենք:
–ՎՀՕՄ–ի շրջանակներում մի շարք ծրագրեր են կյանքի կոչվում. որի՞ դեպքում ի՞նչ դժվարություններ են առաջանում:
-Մենք բոլոր դժվարություններն էլ հաղթահարում ենք: Չկա ծրագիր, որ դժվարություն չունենա: Հիմնականում դժվարությունները առաջանում են կազմակերպչական աշխատանքների ընթացքում, որոնք սիրով ավարտին ենք հասցնում: Բոլոր ծրագրերն էլ աշխատատար են և իրականացվում են հօմուհիների աջակցությամբ:
–Ամենակարևոր ծրագիրը, որն իրականացնում եք, ըստ ձեզ՝ ո՞րն է, և կբացատրե՞ք՝ ինչու:
-Քանի որ կազմակերպությունը բարեսիրական է, և շեշտը դրվում է կարիքավորին օգնելու վրա, ես կառանձնացնեմ հետևյալ ծրագիրը՝ ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող և հիվանդ երեխաներին օգնություն ցուցաբերելու ծրագիրը: Իսկ կրթականից կկարևորեմ ևʼ հայոց պատմության, ևʼ ստեղծագործական շարադրության մրցույթները: Քիչ կարևոր չէ նաև առողջապահության ոլորտը, որտեղ մենք մեծ աշխատանք ենք տանում:
–Ջավախքը այդ ծրագրերից ամենաշատը ո՞րի կարիքն ունի:
-Սոցիալ-տնտեսական ծրագրերն են կարևորվում Ջավախքի համար, որովհետև հացի խնդիրն է առկա, օժանդակություն բազմազավակ ընտանիքներին, կարիքավորներին, միայնակներին: Խոցելի են ևʼ սոցիալական, ևʼ կրթամշակութային, ևʼ առողջապահական ոլորտները:
–Ո՞ր ծրագրի դեպքում ի՞նչ արդյունքներ եք ունեցել, որն, ըստ ձեզ, կարող է երկար կյանք ունենալ:
-Տա Աստված, որ սոցիալ-տնտեսական պայմաններն այնքան բարելավվեն, որ մեր օժանդակության ծրագրերի կարիքը չզգացվի, և մնան միայն կրթամշակութային ասպարեզում իրականացվող ծրագրերը: Դրանից ելնելով էլ ասեմ, որ կրթամշակութային ծրագրերը ավելի երկար կյանք կունենան:
–Կառույցը, լինելով բարեսիրտ կանանց միջազգային կառույց, ի՞նչ է տալիս կնոջը, և ի՞նչ կարևոր ու տարբերվող հատկանիշներով են օժտված այդ կանայք:
-Ոչ բոլոր կանայք կարող են դառնալ հօմուհի, շատերը եկել են և արագ հեռացել, չեն դիմացել: Կառույցում պետք է լինեն աստվածատուր գթասրտությամբ և բարեսիրությամբ օժտված կանայք և ինչու՞ չէ նաև առաքինությամբ: Հօմուհին պետք է դիմանա ու պատվով տանի հոգեբանական և այլ դժվարություններ: Իսկ կնոջը այն տալիս է հպարտություն, բավականություն, հանգստություն:
–Լինելով ձեր աշխատանքին նվիրված հայ կին և միաժամանակ ընտանիքի տիկին՝ ինչպե՞ս եք կարողանում համատեղել հաճելին օգտակարի հետ: Այսինքն՝ ընտանիքին նվիրված մայր, կին և միաժամանակ գործունյա կին:
-Մեկը մեկին լրացնում են իմ պարագայում: Դժվար է այդ ամենը համատեղել, սակայն ես հաճույքով եմ ամեն ինչ անում, դժվարությունն էլ հաճելի զգացողություն է առաջացնում: «Ժամանակ չունեմ» արտահայտությունն էլ չեմ սիրում: Եթե ցանկություն կա, ապա ամեն ինչ էլ հնարավոր է անել և անել հաճույքով:
–Կհիշատակե՞ք մի առանձնահատուկ դեպք, որ տեղի է ունեցել կառույցի ներսում, թեկուզև ՀՕՄ–ի կանանց հավաքներից մեկի ժամանակ:
-Նման դեպքեր բազմիցս են պատահել, բայց կնշեմ ոչ թե ՎՀՕՄ-ում տեղի ունեցած դեպք, այլ իմ ուսանողական շրջանից: Ուսանողությանս տարիներին պատիվ եմ ունեցել որպես առաջադեմ ուսանողուհի թագադրելու Հովհաննես Շիրազին և անմահանալու նրան նվիրված վավերագրական ֆիլմում:
–Հայրենասիրությունը հիմք ընդունելով՝ դժվա՞ր է, թե՞ դյուրին այս կառույցում իրականացնել նման միջոցառումներ:
-Յուրաքանչյուր ծրագրի իրականացմանը գնում ես հայրենասիրական մղումով, ընթացքում ինչքան էլ դժվարություններ լինեն, հաճելի է, եթե արդյունքը միշտ գոհացուցիչ է:
–Եվ, ի վերջո, այդ ծրագրերը ի՞նչ միջոցներով եք իրկանացնում:
-Փառք ու պատիվ մեր աշխարհասփյուռ 18000 այն հօմուհիներին, ովքեր իրենց ջանքերով և նվիրատվություններով ապահովում են մեր ծրգարերի իրականացումը:
–Ի՞նչ բարդություններ եք հաղթահարել այս կառույցում գործելիս:
-Բազում դժվարություններ ենք հաղթահարել, տարածաշրջանում նման հայկական կազմակերպություն չկա, և այս կազմակերպությունը կայուն և ամուր պահելու համար անհրաժեշտ է գործել, գործել ու գործել: Չնայած դեռ անելիքներ շատ կան:
–ՎՀՕՄ–ը ունի՞ արդյոք նոր ծրագրեր և նորամուծություններ:
-Մի հետաքրքիր ծրագիր ունենք, որ ցանկանում ենք կյանքի կոչել. տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով՝ տեղում փնտրել ու գտնել բարերաներ, ծնունդով ջավախքցի անձանց, օգնության կարիք ունեցող ընտանիքներին ներկայացնենք նրանց և ոչ թե դրսից սպասենք նվիրատվությունների: Մարդկանց զգաստացնել, սթափեցնել ենք ուզում և ունենանք շահութաբեր ծրագիր, որ միշտ կարողանանք օգնել մարդկանց:
–Ի՞նչ հիմունքներով են կանայք ընդգրկվում ձեր կառույց, և ինչպե՞ս կգնահատեք ՎՀՕՄ–ի կանանց աշխատանքներն ու նվիրվածությունը:
-18 տարին լրացած յուրաքանչյուր անձ կարող է դիմել ՀՕՄ-ին՝ կառույց ընդուվելու համար, և նա ստանձնում է պարտականություն՝ բարեսիրական, անվարձահատույց աշխատանք իրականացնել, իսկ այդ շնորհը ի վերուստ պետք է ունենան: Կանանց աշխատանքը բարձր եմ գնահատում:
–Ջավախք և ՎՀՕՄ կապը արդյո՞ք ամուր հիմքերի վրա է գտնվում, և որո՞նք են գլխավոր հիմնասյուները:
-Քանի որ ողջ Վրաստանում ամենահայահոծ տարածքը Ջավախքն է, և հենց այստեղ է գտնվում ՎՀՕՄ-ի Վարչության գրասենյակը, բնականաբար, ամուր է այդ կապը, իսկ որպես հիմնասյուն կնշեմ , որ դա հենց Ջավախքի ժողովուրդն է:
–Վրաստանի իշխանությունները Ջավախքում ՎՀՕՄ–ի գործունեությանը ինչպե՞ս են վերաբերվում, խոչընդոտներ եղե՞լ են, և կհիշատակե՞ք նման դիպված:
-Ինչ անում ենք, անում ենք օրենքի շրջանակներում և խոչընդոտներ չեն եղել:
–Ձեր մի շարք ծրագրերում պահպանելով և շեշտը դնելով հայեցի մնալու և հայոց լեզվի ու պատմության վրա՝ ի՞նչ արդյունքներ եք գրանցել:
-Սկզբնական շրջանում լայնածավալ, լայնամասշտաբ բնույթի էին այդ մրցույթները, մի քանի փուլերով էինք անցկացնում, հիմա աշակերտների թիվը նվազել ,է սակայն որակն է բարձրացել: Մայրենին և հայոց պատմությունը խորապես ուսումանսիրելու ձգտումը աշակերտների շրջանում ավելացել է:
–Ձեր իրականացրած ծրագրերի շրջանակներում երբևէ մոնիտորինգ անցկացրե՞լ եք:
-Բոլոր ծրագրերի շրջանակներում էլ մոնիտորինգ անցկացրել ենք այս տարիների ընթացքում: Դա օգնում է, որ մենք ավելի ճիշտ և արդյունավետ աշխատենք:
–ՎՀՕՄ–ը ամուր հարաբերությունների մեջ է Հայ Առաքելական Եկեղեցու հետ, այ հենց այս փաստը ինչքանո՞վ է կարևորվում կառույցի համար և անձամբ Ձեզ համար:
-Մեկդարյա պատմություն ունեցող կառույցը միշտ եկեղեցու կողքին է գործել: Աշխարհի 27 երկրներում ՀՕՄ-ը ունի կառույցներ և համագործակցել եկեղեցու հետ կառույցի հիմնական գործառույթներից մեկն է: Մենք եկեղեցու հետ որոշ ծրագրեր ենք իրականացնում և դրանով մարդկանց տանում դեպի եկեղեցի: Հավաքական մկրտություն ենք իրականացնում, և մեր հօմուհիները մասնակցում են կրոնական բոլոր ծիսակարգերին:
–Կտրվելով գործունյա կնոջ այս մի կերպարից՝ անդրադառնանք ընտանիքի կին և մայր Կարինեին: Ինչպիսի՞ն է տիկին Կարինեն:
-Մարդիկ մտածում են, որ ես տանը ոչ մի գործ չեմ անում, բայց ամեն ինչ ես եմ անում, սիրում եմ թխվածք թխել, կերակուրներ պատրաստել, հարևանների հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Չեմ սիրում օտարանալ շրջապատից:
–Ի՞նչ անակնկալներով և ի՞նչ գաղտնիքներով է համեմված Կարինե Թադևոսյան կերպարը:
-Սիրում եմ նվերներ անել մարդկանց, ինչու չէ, նաև ինքս ստանալ: Ինքնամփոփ անձնավորություն եմ, չարը չեմ կարողանում տանել, նախանձությունն էլ ատում եմ: Կարևորում եմ հոգեբանական և բարոյական աջակցությունը: Չեմ սիրում, երբ իմ մասին գովեստի խոսքեր եմ լսում:
–Կին լինելով և գործելով հենց կանանց կառույցում՝ կմեկնե՞ք հենց «մայր» գաղափարը և կբացատրե՞ք Կարինե–մայր տեսակը, կերպարը:
-Ուսանողությանս տարիներին լավ էի սովորում: Հենց այդ ժամանակ էլ ծանոթացա իմ ապագա ամուսնու հետ: Այնուհետև ամուսնացա՝ չհրաժարվելով կրթությունս ասպիրանտուրայում շարունակելու մտքից: Սակայն ամեն ինչ փոխվեց այն պահին, երբ ծնվեց առաջնեկս: Առաջին անգամ գրկեցի, զգացի երեխայիս ջերմությունը, «մայր» ասվածը, մայրական բնազդը խաղաց իմ մեջ, և այդ պահից հրաժարվեցի ուսումս շարունակելու մտքից: Բավարարվեցի համալսարանն ավարտելով:
–Հետագա Ձեր անելիքները որո՞նք են լինելու:
-Ես կշարունակեմ իմ գործունեությունը, որտեղ իմ կարիքը զգացվի, պատրաստ եմ օգնել և աջակցել: Որպես հօմուհի, միևնույն է, կշարունակեմ գործել, քանի որ ինձ համար այս կառույցը անփոխարինելի է և նրանից դուրս ես ինձ չեմ պատկերացնում:
–Շնորհակալություն և քաջառողջություն Ձեզ:
Հարցազրույցը վարեց Քիշմիշ Ղազարյանը
www.Akhaltskha.Net