Շառլ Ազնավուր. «Իմ երգերում ամեն ոք գտնում է իր մասնիկը»
«Ամենից առաջ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ «շանսոնյե» բառն անհամապատասխան է գործածվում: Ես երգերի հեղինակ-կոմպոզիտոր եմ եւ իհարկե կատարում եմ իմ երգերը»,-«մեծարգո շանսոնյե» ձեւակերպմանն արձագանքելով` «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարզազրույցն սկսեց աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը: Ներկայացնում ենք մեծանուն արվեստագետի առաջիկա անելիքների, ծրագրված համերգային շրջագայությունների մասին հարցազրույցը:
-Մայիսի 22-ի` Ձեր ծննդյան տարեդարձի առիթով նախ շնորհավորում ենք` մաղթելով Ձեզ ամուրառողջություն, երկարակեցություն, նորանոր հաջողություններ: Ապա ցանկանում հետաքրքրվել`ի՞նչ տրամադրությամբ եք տոնել այն:
-Շնորհակալ եմ ձեր բարեմաղթանքների համար: Առողջությունը, երկարակեցությունն ու նոր հաջողությունները մշտապես շատ բարձր են գնահատվում: Ծննդյանս օրը նշել եմ ընտանիքիս հետ փարիզյան մի ռեստորանում, որը շատ եմ սիրում:
-Ո՞րն եք համարում աշխարհում հռչակ վայելելու եւ այդքան շատ սիրվելու գրավականը: Ո՞րն էՁեր ստեղծագործական ուղու լավագույն ձեռքբերումը:
-Մշտապես հաճելի է լսել, որ սիրված ես: Սա ամենագեղեցիկ նվերն է, որ կարող ենք ակնկալել: Կարծում եմ` իմ երգերում ամեն ոք գտնում է իր մասնիկը, ուրախության ու տխրության մեջ գտնում իր ճանապարհը` լսելով դրանք:
-Աշխարհահռչակ երգչին ե՞րբ նորից կտեսնենք բեմում եւ որտե՞ղ:
-Մի նոր համերգային շրջագայություն` «Ամբողջությամբ անձնական» (En toute intimitռ) խորագրով, կսկսվի սեպտեմբերին: Փարիզի «Օլիմպիա» սրահում սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 6-ը 22 համերգ կունենամ, անմիջապես դրանից հետո ողջ Ֆրանսիայով 35 համերգով հանդես կգամ մինչեւ դեկտեմբերի 4-ը:
Նույնիսկ ավելի քան 60 տարի ստեղծագործելով ու լինելով բեմի վրա` պետք է ասեմ, որ անհամբերությամբ եմ սպասում` վերադառնալու ամենահեղինակավոր ու ամենամեծ ֆրանսիական բեմեր: Մեկ խոսքով ասած` ես հուզմունքով եմ սպասում իմ երկրպագուների հետ հանդիպմանը:
Օգտագործելով առիթը` տեղեկացնեմ նաեւ, որ իմ անձնական մենեջերը` Լեւոն Սարյանը, սեպտեմբերի 28-ին կկազմակերպի հեղինակավոր համերգ «Օլիմպիա» սրահում: Այնտեղ ֆրանսիական հանրահայտ արտիստները կմիանան ինձ` պաշտոնական, բարեգործական երեկոյով նշելու Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձը: Այդ համերգը, որը կկազմակերպվի «Ազնավուրը Հայաստանին» ասոցիացիայի աջակցությամբ, կանցկացվի Ֆրանիսիայի եւ Հայաստանի նախագահներ Նիկոլա Սարկոզիի եւ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
-Ծրագրո՞ւմ եք Հայրենիք գալ: Հնարավո՞ր է, որ Հայաստանի հանդիսատեսը նորից վայելի Ձերբարձրարվեստ երգեցողությունը:
-Հնարավոր է` մինչեւ տարեվերջ այցելեմ, սակայն Հայաստանում գտնվելու ընթացքում համերգ ծրագրված չէ:
-Ե՞րբ տեղի կունենա Երեւանում Ձեր տուն-թանգարանի բացման պաշտոնականարարողությունը:
-Ցանկանում եմ նշել, որ խոսքը «տուն-թանգարանի» մասին չէ, այդ կառույցը կկոչվի «Շառլ Ազնավուրի մշակութային կենտրոն», որի բացումը ծրագրված է 2011թ.-ի ընթացքում:
-Մեծ է Ձեր ներդրումը Հայաստանի եւ Ֆրանսիայի կապերի ամրապնդման գործում. այժմ Ձերջանքերն ուղղում եք հայ-շվեյցարական հարաբերությունների կատարելագործմանը: Ինչպե՞ս եքհամատեղում դիվանագիտական եւ ստեղծագործական գործունեությունը:
-Գիտեք, ես միշտ փորձել եմ լինել իմ հնարավորությունների գագաթնակետին` հետեւելով աշխատանքային կարգուկանոնին: Մեծ ջանք ու պրոֆեսիոնալիզմ է պահանջում դիվանագիտական եւ ստեղծագործական գործունեութան կարգավորումը: Ինձ համար մեծ պատիվ եմ համարում եւ հպարտ եմ` Հայաստանի ու Շվեյցարիայի հարաբերությունների զարգացմանն աջակցելու հնարավորությանս համար:
Հարցազրույցը` Նարինե Նազարյանի