««Հայորդյաց տան» ուսուցիչների շնորհիվ թոռնիկներիս ապագան հուսալի ձեռքերում է». Հ. Տանանյան

Ի պատիվ Մայրենի լեզվի միջազգային օրվա` «Հայորդյաց տանն» ամեն տարի փետրվար ամիսը հայտարարվում է մայրենիի միամսյակ: Միամսյակի շրջանակներում հայոց լեզվի ուսուցչուհի Արմինե Իջյանը 1Ա և 2Բ դասարանի սաների մասնակցությամբ կազմակերպել էր «Անաղարտ պահենք մեր ոսկեղենիկ մայրենին» խորագրով միջոցառում, որի ընթացքում սաները ներկայացրին հայոց լեզվի ազգապահպան նշանակությունը, հանդես եկան մայրենիին նվիրված բանաստեղծություններով ու երգերով: Հատկանշական է, որ առաջին դասարանի սաները` ուսուցչուհի Արմինե Իջյանի նվիրման և ներդրման շնորհիվ հասցրել էին հոկտեմբերից մինչ օրս ոչ միայն սովորել հայերեն տառերի մի մասը, այլև լրացուցիչ հանձնարարություններ էին կատարել: Ուսումնական տարվա սկզբում` ուսուցչուհու հանձնարարությամբ, նրանք վերցրել էին մեկական լրացուցիչ տետր և նկարազարդել տառերը: Լրացուցիչ տետրում կատարած աշխատանքներին միջոցառմանը ներկաները ծանոթացան մեծ էկրանի միջոցով: «Նկարազարդման շնորհիվ աշակարտները տառը նույնացնում են որևէ առարկայի, կենդանու հետ և հեշտությամբ մտապահում են այն»,- ասաց Արմինե Իջյանը` հավելելով, որ միամսյակի շրջանակներում նաև էջանշանների մրցույթ էր հայտարարվել, բայց քանի որ բոլորի աշխատանքները յուրօրինակ էին` որևէ հաղթողի անուն չառանձնացվեց:

Միջոցառման ավարտին` 1Ա դասարանցի Ռիմա Հայթյանի տատիկը` Հռիփսիմե Տանանյանը, ով տասնամյակներ շարունակ երևանյան դպրոցներից մեկի տնօրենն է եղել` ասաց. «Այս կրթօջախի ուսուցիչներն օտար հողում շատ ավելին են անում, քան արվում է հայրենի հողում: Նրանց շնորհիվ այստեղ անգամ երգել չիմացող երեխան երգում է մայրենիի, հայրենիքի մասին, իսկ Հայաստանում երգել իմացողն անգամ հաճախ լռում է: Վերադառնալով Երևան` ես կարող եմ վստահ լինել, որ այս կրթօջախում թոռնիկներս հուսալի ձեռքերում են, նրանց խորթ չի լինի հայոց լեզուն, հավատքն ու պատմությունը և այստեղի ուսուցիչների նվիրման շնորհիվ հայրենիքի հանդեպ նրանց սերն այնքան կմեծանա, որ անկախ հանգամանքներից` կստիպի վերադառնալ Հայաստան»:

Արմինե Կարեյան, Մոսկվա 

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed

Scroll Up