Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում նշվեց մայրենի լեզվի օրը

Օրերս Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում նշվեց մայրենի լեզվի օրը: Միջոցառումը նվիրված էր փետրվարի 21-ի մայրենի լեզվի միջազգային օրվան: Այն` որպես միջազգային տոն, հռչակվել է 1999 թ. նոյեմբերին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Նպատակը լեզվական, մշակութային բազմազանությանն ու բազմալեզու մշակույթների զարգացմանը և պահպանմանը նպաստելն է:

Միջոցառման ընթացքում ԱԵԿ-ի սաները պատմական ակնարկների միջոցով ներկայացրին հայոց լեզվի առաջացման, ձևավորման և զարգացման պատմությունը, արտասանեցին բանաստեղծություններ` ոսկեղենիկ հայերենին նվիրված: Միջոցառումը կազմակերպել էր ԱԵԿ-ի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Սերինե Յայլախանյանը, ով միջոցառման ավարտին ԱԵԿ-ի տնօրինության կողմից երեխաներին հայեցի դաստիարակելու համար ստացավ Զ. Սարգսյանի «Իմ բալիկի հրաշք տետրը» գիրքը: Ծնողների անունից Փ. Դոխոյանը իր շնորհակալական խոսքը հայտնեց ԱԵԿ-ին` երեխաներին անվճար կրթելու համար:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ԱԵԿ-Ի տնօրեն Վալերի Արաբյանը. «Մայրենիի օրը չպետք է սահմանափակվել մեկ օրով, այն պետք է լինի ամեն օր, որպեսզի մնանք Հայ, չմոռանանք մեր Մայրենի լեզուն և վանենք օտարահունչ բառերը» :

Akhaltskha.Net

Scroll Up