Համահայկական ձմեռային խաղեր.«Երբ որ վերադառանան, վստա´հ եղեք, որ ուրիշ անձեր պիտի ըլլան…».Պոլ Քիշյան

Համահայկական ձմեռային առաջին խաղերին Կանադայի Մոնրեալ քաղաքը ներկայացված է հոկեյի թիմով:

Մեր զրույցը  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ, Մոնրեալի համադրիչ մարմնի ատենապետ Պոլ Քիշյանի հետ կայացել է Մոսկվա-Մոնրեալ թիմերի խաղից առաջ: Կարծում եմ` կարիք չկա անդրադառնալու խաղի հաշվին, որովհետև երբ միմյանց դեմ մրցում են երկու հայկական թիմեր, հաշիվը երկորդական է դառնում, և, ինչպես կեսկատակ-կեսլուրջ նշում էին խաղերի մասնակիցներից շատերը,  ով էլ որ հաղթի,  միևնույնն է,  հայն է հաղթելու.

– Առաջին համահայկական խաղերի հենց սկզբից` 1999 թվականից, եռանդուն մասնակցություն եմ բերել նախ որպես կազմակերպիչ մարմնի ատենապետ և երկրորդ` որպես Մոնրեալի համադրիչ մարմնի ատենապետ: Երկու տարի է նաև` ընտրված եմ որպես գործկոմի անդամ:

Երբ հայտնի դարձավ, որ անցկացվելու են համահայկական ձմեռային առաջին խաղերը, մենք պատշաճ պատրաստված խումբ մը չունեինք, որպեսզի մասնակցեր խաղերին:

Այս ուղղությամբ մեր առաջին գործնեությունը եղավ այն, որ մոտ մեկ տարվա ընթացքում կարողացանք զանազան լիգաներում խաղացող անձեր հավաքել, իրար քով բերել և մոտ 30 հոգիանոց խումբ մը մեջտեղ բերել: Այդ խմբից զտվեցին այն մասնակիցները (շուրջ 22 խաղացող, երեք մարզիչ), ովքեր այսօր Հայաստանում են:

Մեր աշխատանքը պատճառ դարձավ, որ առաջին անգամ Մոնրեալում, ինչպես նաև ամբողջ Կանադայում, ստեղծվեց հոկեյի հայկական լիգա:

Հպարտ ենք ասելու, որ մենք ֆինանսապես, մեր տարած աշխատանքներով, դրամահավաքներով և զանազան միջոցառումներով կարողացանք խմբին թիկունք կանգնել: Կարողացանք շաբաթական փորձերի շարունակական շղթա ստեղծել, և այս երիտասարդները, ովքեր այսօր այստեղ են և մեզ հպարտություն են պատճառում, կարողացան երկրորդ տեղը գրավել Մոնրեալի լիգայում: Դա մեծ հաջողություն է մեզ համար և ձևով մը կոգևորե, որպեսզի գալիք համահայկական ձմեռային խաղերին շատ ավելի պատրաստված ներկայանանք:

– Կանադայից այս խաղերին մասնակցում է միայն հոկեյի թի՞մը:

– Այս պարագայում կարողացանք միայն հոկեյի թիմ հավաքել: Հուսանք, որ այս խաղերի հետևանքը և ձգած արձագանքը պիտի պատճառ դառնան, որ գալիք սերունդները շատ ավելի ակտիվ ձևով մասնակցեն, և, ինչու չէ, համահայկական ձմեռային խաղերին ավելի շատ մասնակից կունենանք և շատ ավելի պատրաստված կներկայանանք:

– Պարո´ն Քիշյան, խաղերի կարգախոսն է «Միասնություն սպորտով»: Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի այն:

– Կարգախոսը մեծ նշանակություն ունի, որովհետև առաջին օրն իսկ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի մոտեցումն այս հարցին, քաջալերանքն այս աշխատանքի նկատմամբ շատ հստակ էր, որովհետև կը քաջալերե, որ երիտասարդությունը շատ ավելի մոտեն հետաքրքրվի Հայաստանով և զորացնե, ամրացնե կապերը հայրենիքի հետ: Միաժամանակ մեր ներկայությամբ ձևով մը մեր աջակցությունը բերենք մեր ժողովրդի կենսամակարդակի բարելավմանը և փորձենք երիտասարդության մեջ ոգևորություն ստեղծել: Իսկ Սփյուռք-Հայրենիք կապերը շատ ավելի կամրապնդվեն առաջիկա սերունդների համար, որոնց և պատկանում է ապագան:

– Հետաքրքիր է՝ թիմի անդամներն ինչպե՞ս ընդունեցին խաղերին մասնակցելու հրավերը: Հավանաբար  նրանցից շատերն առաջին անգամ են լինում Հայաստանում:

– Խաղերին մասնակցելը շատ մեծ նշանակություն ունի նրանց համար: Այսօր ես խոսում էի երիտասարդների հետ և փորձում իմանալ, թե որքա՞ն են ոգևորված, որ հայրենիքում են: Նրանք պատասխանեցին, որ մեծ նշանակություն ունի իրենց համար, որովհետև նրանցից շատերն առաջին անգամ են լինում Հայաստանում: Հատկապես այն երիտասարդները, ովքեր նախկինում ձևով մը հետաքրքրված չէին հայկականությամբ, այս պայմաններու բերմամբ շատ ավելի կապվեցին մեր ազգային արժեքներին, և ձևով մը նրանց մեջ արթնացավ հայրենիքի սերը, Սփյուռքի և Հայրենիքի կապերը զորացնելու միտքը: Երբ որ վերադառանան, վստա´հ եղեք, որ ուրիշ անձեր պիտի ըլլան, իսկական հայեր` կապված հայրենիքին, մեր մշակույթին և մեր ժողովրդի անցյալին և ապագային:

– Որքան էլ կարևորենք խաղերի խորհրդանշական բնույթը, այնուամենայնիվ, առկա է մրցակցությունը, սպորտային պայքարը:

Զրույցին  միանում է Մոնրեալի կազմակերպիչ հանձնախմբի անդամ Տիրան Շահինյանը, ով նույնպես հետևում էր խաղին.

– Մարզական աշխարհում շատ հստակ միտք կա, որն է՝ ոչ թե հաղթանակն է կարևոր, այլ մասնակցությունը, ջանք թափելը: Մեր խումբն այս կարգախոսով է մասնակցում: Կարևորը մեր մասնակցությունն է հայրենիքում կազմակերպվող բոլոր ձեռնարկներին, իսկ բուն նպատակը` այս երիտասարդների սրտերի մեջ տեսնել հայրենիքի սերը, ոգին: Մարզական հաջողությունները երկրորդական են, և ինչպես ասաց մեր պատասխանատուն, երիտասարդների մեծ մասը առաջին անգամ են լինում Հայաստանում: Երբ նրանք վերադառնան, նրանց կապը հայրենիքի հետ շատ ավելի զորավոր պետք է լինի: Սա է մեր շահը` Սփյուռքի երիտասարդներին կապել հայրենիքի հետ: Եվ ով էլ որ հաղթի, մեզ համար հայն է հաղթելու, պատիվ կլինի մեզ համար և կուրախանանք: Արդյունքները կարևոր չեն:

Տիրան Շահինյանի խոսքը շարունակում է Փոլ Քիշյանը:

– Արդյունքները կարևոր չեն, կարևորը մասնակցությունն է, ինչպես ասաց եղբայր Տիրանը: Ինչ որ պետք է լինի` հաղթական կամ ոչ հաղթական, մեզ համար երկրորդական է: Եվ վստահ ենք, որ հաղթողն ավելի ուրախ պիտի վերադառնա իր երկիր: Եվ յուրաքանչյուր պարագայում էլ հայ խումբ մը պետք է հաղթի:

Զրուցեց  Լուսինե Աբրահամյանը

big_c1d23c17c big_cdcfb2f56 big_c2839bed2 big_b7be11f1c big_abb8cd30f big_19de10adb big_8fed05970 big_6f2af2343 big_e6aa9795c big_be5dfeb67 big_b96b143e1

Scroll Up