ԱԺ պատգամավոր Ն. Զոհրաբյանի հետ «Թերթ.ամ»-ի հարցազրույցում տեղ գտած որոշ արտահայտությունների վերաբերյալ ՀՀ սփյուռքի նախարարությունը պարզաբանում է

«Թերթ.ամ» (www.tert.am) լրատվական կայքի 2014թ. փետրվարի 26–ի` «Ադրբեջանցիները «Խոջալուի ցեղասպանություն» ալբոմում Կոսովոյում զոհվածների նկարներն են տեղադրում» հրապարակման մեջ նշված «կեղտոտ խավիարով զուգորդված ադրբեջանական քարոզչությանը»  հակահարված հասցնելու անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարությունը մշտապես գրավոր և բանավոր կապի մեջ է հայկական համայնքների հետ,  նրանց տրամադրվում են նյութեր, տեսահոլովակներ, ուղեցույցներ՝ թուրք–ադրբեջանական կեղծարարությանը և ապատեղեկատվությանը  դիմակայելու համար:

Սումգայիթյան ջարդերի, այսպես կոչված Խոջալուի իրադաձությունների,Գուրգեն Մարգարյանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անօրինական որոշման և այլ հարցերով ՀՀ սփյուռքի նախարարությունը ուղարկել է համապատասխան նյութեր, դիմել հայկական համայնքներին և խնդրել բոլոր հնարավորություններն օգտագործել, օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնել պետական–քաղաքական կառույցներին, պատգամավորներին ու լրատվամիջոցներին, որտեղ որ բնակվում են։

Օգտվելով առիթից` խորին շնորհակալություն ենք հայտնում բոլոր համայնքների և համահայկական կառույցների ղեկավարներին, որոնք այս հարցում ակտիվորեն աշխատում են նախարարության հետ և մեծ ներդրում ունեն հայկական խնդիրների շուրջ ստորագրահավաքներ, ցույցեր, միտինգներ կազմակերպելու, իրենց ընտրողներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու համար:

 ՀՀ սփյուռքի նախարարություն

Scroll Up