Ռուսաստանում հայ միգրանտների խնդրով ձեւավորվել է հայ-ռուսական միջգերատեսչական խումբ

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին ուղղված նամակի արդյունքում ձեւավորվել է համատեղ միջգերատեսչական խումբ, որը գլխավորելու են երկու երկրների ԱԽՔ քարտուղարներն ու փորձելու են ՌԴ միգրացիոն օրենքի խստացումներից հետո ուղիներ փնտրել Ռուսաստանում հայ միգրանտների խնդիրների կարգավորման հարցում: «Ռուսաստանում հասկացել են Հայաստանի մտահոգություններն եւ միջգերատեսչական խմբի միջոցով կփորձենք փոխընդունելոի լուծումներ գտնել»,- Ազգային անվտանգության խորհրդի շենքում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ խնդիրն արդեն սոցիալական, տնտեսական եւ քաղաքական մտահոգություններ է առաջացնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, միջգերատեսչական խմբի անդրանիկ նիստը տեղի կունենա փետրվարի 27-ին: Օրակարգային է 170 հազար հայ միգրանտների հարցը, որոնք արդեն ենթարկվել են դեպորտի: «Կան հազարավոր դեպքեր, երբ ընտանիքի հորը դեպորտի են ենթարկել իսկ կինն ու երեխաները մնացել են այնտեղ: Այս ու բազմաթիվ հարցեր կան քննարկելու, որոնք վերաբերում են մեր քաղաքացիների անվտանգությանն ու սոցիալական ապահովությանը»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Հունվարի 1-ից փոխվել է Ռուսաստանի Դաշնությունում մնալու կարգը: ՌԴ-ում ուժի մեջ են մտել «Ռուսաստանի Դաշնությունից ելքի եւ Ռուսաստանի Դաշնություն մուտքի մասին» եւ «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Համաձայն նոր կարգի՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում: Այսինքն՝ այդ պետությունների քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլեւս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը եւ անմիջապես վերադառնալ, ինչպես դա անում էին նախկինում: Վերոհիշյալ կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք՝ 3 տարի ժամկետով: Այս հարցով ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդարսարյանը նամակ էր հղել իր ռուս գործընկերոջը:
http://armenpress.am/