Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի նախագահին

Փետրվարի 26-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի հանդիպումը:

Զրուցակիցները ջերմությամբ վերհիշեցին անցյալ տարվա մարտին Աթենքում ունեցած հանդիպումը և գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված է սերտ համագործակցություն, միջխորհրդարանական բարեկամության խմբերն ակտիվ գործունեություն են ծավալում, ինչը մեծապես նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը:

Հունաստանի խորհրդարանի ղեկավարն ու Հայաստանի արտգործնախարարը նշեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության սերտացման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-հունական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Կարևորվեց առևտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված փոխգործակցությունը։

Եվրոպական Միությունում Հունաստանի նախագահության համատեքստում անդրադարձ արվեց Հայաստան – Եվրոմիություն համագործակցությանը։

Կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջերս արձանագրված առաջընթացի համատեքստում Էվանգելոս Մեյմարակիսը ներկայացրեց հիմնահարցի վերաբերյալ Հունաստանի մոտեցումները։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանն ու Էվանգելոս Մեյմարակիսը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Այս մասին «Հայերն այսօր»  -ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Scroll Up