Գիտաժողով Իտալիայի Նարդո քաղաքում

Փետրվարի 18-ին Պուլիա նահանգի Նարդո քաղաքում տեղի ունեցավ «Հայաստան և Առնեյոյի երկիր. միջազգային համագործակցության հիպոթեզ» խորագրով գիտաժողովը, որին մասնակցեցին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզին, առևտրաարդյունաբերական պալատի նախագահը, տեղական իշխանությունների (այդ թվում` Պուլիա նահանգի) գործարար և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

Իր ելույթում դեսպան Ղազարյանը խոսեց հայ-իտալական բարեկամական հարաբերությունների և պատմամշակութային սերտ առնչությունների, երկու երկրների համագործակցության հեռանկարների և Հայաստանի տնտեսական հնարավորությունների մասին: Նա գոհունակությամբ նշեց, որ Նարդո և Գյումրի քաղաքների միջև անցյալ տարի ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հույս հայտնելով քաղաքների միջև կապերի զարգացման ու գործակցության ամրապնդման վերաբերյալ:

Իտալական կողմից ելույթ ունեցողները նույնպես կարևորեցին երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև բազմաբնույթ կապերի, այդ թվում` ապակենտրոնացված համագործակցության զարգացումը:

Նույն օրը դեսպան Ղազարյանը հանդիպումներ ունեցավ Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզիի և  շրջանային թեմի առաջնորդ Ֆերնանդո եպիսկոպոս Ֆիլոգրանի հետ:

Իր այցի շրջանակներում ՀՀ դեսպանը մասնակցեց նաև Նարդո քաղաքի պաշտպան և հովանավոր Սբ.Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Scroll Up