Կարևորվում է Հայաստան-Նիդերլանդներ գիտակրթական համագործակցությունը

Այս օրերին աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում է գտնվում  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը: Հաշվի առնելով Հայաստանի և Նիդերլանդների միջև գիտակրթական համագործակցության զարգացման ու ընդլայման հեռանկարները՝ այցը կարևորվում է նաև  հոլանդահայ համայնքներում  հայկական կիրակնօրյա դպրոցների ուսուցման խնդիրներին ուշադրություն արժանացնելու առումով:

Արմեն Աշոտյանը նախ հանդիպել է Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Մարիետտա (Յեթ) Բուսեմակերի հետ: Մեր նախարարը ներկայացրել է Հայաստանում Բոլոնիայի գործընթացի վերջին զարգացումները, տեղեկատվություն ներկայացրել Հայաստանի կողմից Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու համատեքստում կատարած աշխատանքների մասին: Տիկին Յ. Բուսեմակերը բարձր է գնահատել  քարտուղարության կատարած աշխատանքները: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մասնագիտական հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանն իր եվրոպացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականին Երևանում կայանալիք նախարարական գագաթնաժողովին: Աշոտյանը Յեթ Բուսեմակերի ուշադրությունը հրավիրել է Նիդերլանդների Թագավորությունում ապրող մեր հայրենակիցների կրթական խնդիրներին, մասնավորապես՝ մայրենի լեզվի ուսուցմանը:

 ՀՀ պատվիրակությունն այցելել է նաև աշխարհի լավագույն հարյուր բուհերի ցանկում ընդգրկված Լեյդենի համալսարան, որը ժամանակին  հայտնի  հայագիտական կենտրոն էր,  քննարկվել է  հայագիտական ամբիոնի վերստեղծման հարցը: Այն գործել է 1994-2009 թվականներին:

Ամբիոնի վերականգման համար  հայկական կողմը մի շարք  արժեքավոր առաջարկություններով է հանդես եկել’ հայագիտության բնագավառում, Հայաստանի  առաջատար բուհերի մասնակցությամբ, համատեղ գիտական ծրագրերի իրականացման ուղղություններով:Հայկական պատվիրակությունն այցելել է  համալսարանի գրադարան, որտեղ առկա են ավելի քան 250 հայալեզու հին տպագիր գրքեր:  Հարկ է նշել, որ  հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված «Հայ գրքի սփյուռքը.1512-2012թթ.» թեմատիկ ցուցահանդեսում, ի թիվս  Մատենադարանից  բերված մատյանների,  լայնորեն  ներկայացվել են գրադարանի  հիշյալ հայկական գրքերի  ցուցանմուշները:

Նախարար   Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև հոլանդական մի շարք հիմնադրամների ղեկավարների, ինչպես նաև կիրակնօրյա դպրոցի տնօրենների, ուսուցչական կազմի ներկայացուցչների հետ, քննարկել հետաքրքրություն  ներկայացնող  հարցեր:

Հանդիպումներին  մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Նիդերլանդական Օրագիր»

 

Scroll Up