Նախարար Նալբանդյանն ընդունեց բրիտանացի խորհրդարանականներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/02/48.-Minister-Nalbandian-UK-parliamentarians-19.02.2014-2.jpg)
Փետրվարի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը, Մայք Գեյփսը, Հերիեթ Բոլդուինը, Լորդերի պալատի անդամներ լորդ Ֆոլկները և բարոնուհի Հուփերը։
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՄԹ խորհրդարանականների ներդրումը հայ-բրիտանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության առավել սերտացման ուղղությամբ։
Հանդիպմանը քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը: Այդ համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական համագործակցությունը՝ որպես երկկողմ կապերը խթանելու արդյունավետ միջոց, և անդրադարձ կատարվեց խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը:
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը: Այս մասին «Հայերն այսօր» -ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից: