ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Լիբանանի Հանրապետության էներգետիկայի և ջրի նախարար Արթուր Նազարյանին

Հարգելի պարոն Նազարյան,

Ուրախությամբ տեղեկացանք, որ ընդգրկվել եք Լիբանանի Հանրապետության նորաստեղծ կառավարության կազմում` որպես Էներգետիկայի և ջրի նախարար:

Սիրով շնորհավորում ենք Ձեզ և ողջ հայ համայնքին, քանզի քաջ գիտակցում ենք, որ հենց այս գերատեսչության ղեկավարությունը հային հանձնելը հաստատում և շեշտում է պետության, իշխանությունների և լիբանանցիների վստահությունը համայնքի հանդեպ, և մյուս կողմից ևս մեկ անգամ ընդգծում ձեր դերն ու նշանակությունը Լիբանանի Հանրապետության կյանքում:

Հիրավի անգնահատելի է Ձեր վաստակը ինչպես Լիբանանի պետության զարգացման, այնպես էլ հայ համայնքի պահպանման ու հզորացման և Հայաստան-Լիբանան միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Ձեր պետականակենտրոն և միևնույն ժամանակ ազգանվեր գործունեությամբ ոչ միայն բարձր եք պահում Հայի պատիվը` որպես ազգի լավագույն զավակ, այլև որպես Լիբանանի պետության լավագույն պետական-քաղաքական գործիչ: Եվ այդ մասին է վկայում Ձեր բազմամյա գործունեությունը երկրի քաղաքական կյանքին` թե´ օրենսդիր և թե´ գործադիր իշխանությունների կազմում:

Վստահ եղեք, որ համայն հայության հայրենիք Հայաստանի Հանրապետությունը հպարտ է Ձեզ նման զավակ և առավել ևս քաղաքական ու համայնքային գործիչ ունենալու համար:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեզ և մաղթում քաջառողջություն, ուժ, կորով և եռանդ` շարունակելու Ձեր դժվարին, բայցև անհրաժեշտ ու նվիրական առաքելությունը:

Վստահ ենք, որ այս պաշտոնում ևս կնպաստեք հայ-լիբանանյան ջերմ հարաբերությունների առավել զարգացմանը:

Հարգանքով և սիրով`

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up