Դու դրսում Հայաստա´նն ես, Հայաստանը դո´ւ ես…
Տխուր վիճակագրություն է, բայց այսօր Հայաստանից դուրս ապրող հայերի թիվը մի քանի անգամ գերազանցում է բուն հայրենիքում ապրողների թվին: Մեր բաժան-բաժան լինելու, աշխարհով մեկ սփռվելու գլխավոր մեղավորը Ցեղասպանությունն էր, ազգային մեծագույն աղետը, որը տեղահան արեց հատկապես Արևմտյան Հայաստանի բնակիչներին, ողջ մնացածներին պարտադրեց գաղթականի ցուպն առած՝ աշխարհի միջօրեականները չափչփել՝ հանգիստ ու խաղաղ հանգրվան գտնելու, ավերված բույնը նորից հյուսելու համար…
Այսպես դասական գաղթավայրերի կողքին ավելացան նորերը, այսպես հայը դարձավ Սփյուռքի ստեղծողն ու նրա սյունը: 1988-ի երկրաշարժից հետո, անկախության հռչակմանը հաջորդած ընկերային դժվարությունների ու Արցախում ընթացող պատերազմի հետևանքով շատերը թողեցին հայրենիքն ու հեռացան՝ արձանագրելով ոչ թե քարավանների տունդարձի, այլ նոր ու սրտակեղեք հեռացման ժամանակը… Գուցե այս ամենի մեջ այն հնագույն ճշմարտությունը կա, թե մեկ անգամ բնավեր եղած մարդն իր ողջ կյանքում հանգրվան է որոնում… Գուցե փոքր-ինչ մեղավոր եղավ հայրենիքի արևը, որը չկարողացավ այնպես ջերմացնել, որ մարդիկ չհեռանային: Գուցե նաև մեղավոր եղան նրանք, որոնք դժվարություններին դիմակայելու անզոր եղան… Ինչևէ:
Հեռացողներին չեն դատում: Այլ հավատում են, որ մի օր մեծ ազգահավաք է լինելու, որ տունդարձի ճամփան բոլորի համար թանկ ու սիրելի է լինելու:
Իսկ քանի դեռ ուռճանում է Սփյուռքը, ամեն մի հայ, որն ապրում է օտար միջավայրում և օտար երկնքի տակ՝ Հայաստա´նն է, հայության ու հայրենիի պատվիրակն է; Մեր բարոյականության, պատմության, մեր արժեքների ու մեր հոգեկերտվածքի ներկայացուցիչն է: Դրսում մեր մեծ համախմբումի երաշխավորն է: Ուրեմն, դու դրսում Հայաստա´նն ես, սիրելի´ հայրենակից, Հայաստանը դո´ւ ես…
Հենց այս յուրատեսակ կոչն ու պատգամն էլ առիթ տվեցին մեր մտորումներին, որոնք կարող են երբեմն դառնություն պարզել, անհանգստացնել: Որոնք կարող են ոմանց համար սրտահաճ չլինել: Բայց այս մտորումները կիսողներ կլինեն, որովհետև հատկապես Սփյուռքում, հայրենիքից հեռու, ազգային հոգեկերտվածքի ու արժեքների պահպանումը, օտարի մոտ մեր արժանապատվությունը մատուցելը հիրավի ազգային խնդիր է ու գործ:Մենք հաճախ ենք հիացմունքով խոսում մեր այն սփյուռքահայ հայրենակիցների մասին, ովքեր ոչ միայն մեր մշակութային ու հոգևոր արժեքներն են պահպանում հայրենիքից դուրս, ոչ միայն կրթարաններ ու եկեղեցիներ են կառուցում, իրենց բարեգործություններով նպաստում հայրենի կառույցների գոյության պահպանմանը, այլև մեր ազգային նկարագրի վեհությունն են ի ցույց դնում օտարներին՝ այսպես շեշտելով, որ մենք աշխարհում առաջին քրիստոնյա երկրի շառավիղներն ենք, քաղաքակրթության արշալույսի շարունակողներն ենք: Քաղաքակրթության պատմության մեջ մեր ներբերածն առաջին հերթին մեր եկեղեցիներն են, մեր դպրոցներն են, որոնց պահպանումը, հատկապես հայրենիքից դուրս, ամեն հայի սրբազան պարտքն է: Հատկապես եկեղեցին ազգային միաբանության հանգրվանն է, այն միավորող ուժն է, առանց որի մենք ցիրուցան կլինեինք, հիշողության կորուստ կապրեինք, կվերածվեինք մանկուրտների՝ անհայրենիք-անհիշողություն մարդկանց: Եվ, ուրեմն, հատկապես հայրենիքից դուրս, եկեղեցու նկատմամբ հարգանքն ու սերը պետք է լինի գլխավորը, որպեսզի ոչ ոք չկարողանա փլուզել միասնությունն ու հավատը, որպեսզի մեր թշնամիները չփորձեն մեր հավատի տներից ներս մտնել…
Անհաշտություններ ու անհամաձայնություններ ամենուրեք կան, որովհետև բնավորությունների ու կենսըմբռնումների կռիվն ամենուրեք է, սակայն կան հասկացություններ, որոնք վեր են անձնայինից, որոնք արդեն քոնը չեն, այլ ազգինն են, բոլորինն են: Ուրեմն՝ սրտացավ վերաբերմունք է պետք, արժանապատվության ընդգծում է պետք: Երբ ելնում ես քո իսկ ազգային կառույցի, ազգային արժեքների դեմ, երբ ներքին անհամաձայնություններն ի ցույց ես դնում, ապա առավել ոգևորում ես բոլոր նրանց, ովքեր հրճվում են մեր անհամաձայնություններից, ովքեր շատ են կամենում, որպեսզի մենք կորցնենք մեր ազգային ինքնության հենարանները…
Մեր ներքին խնդիրները մերն են, համայնքինն են: Դրանք երբեք անլուծելի չեն կարող համարվել: Սակայն երբ այս ամենը մատուցում ենք դրսում որպես ազգային երկպառակության ցուցիչներ, մենք ձևավորում ենք անճիշտ պատկերացումներ մեր մասին, մենք խաթարում ենք մեր ներդաշնակ գոյության ուղիները, ստեղծում ենք անհամերաշխ խմբի, բայց ոչ երբեք ազգային համահավաքի տպավորություն…
…Մեծ Եղեռնից հետո աշխարհի մի շարք երկրներում իրենց կեցության նոր դրոշները պարզած մեր հայրենակիցները գոյատևեցին, փոքրիկ Հայաստաններ ստեղծեցին, որովհետև գործում էին Հայի ու Հայաստանի անունից, որովհետև գիտեին, որ իրենք Հայաստա´նն են, Հայաստանն իրե´նք են…
Այս գիտակցումն այսօր էլ պետք է…
Լևոն Մութաֆյան