Մեծարվեց անվանի դերասանուհին

ՀՀ վաստակավոր արտիստ Հայկուհի Խուդավերդյանը հայկական թատրոնի, շարժանկարի և հեռատեսիլի այն անհատականություններից է, որն իր ստեղծածով ու վաստակով վաղուց դարձել է հանդիսատեսի սիրելին, տեղ գրավել մեր անվանիների շարքում:

 Հայկուհի Խուդավերդյանն իր շատ սերնդակիցների նման սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո գործուղվել է Գյումրի, աշխատել Հայաստանի ամենանշանավոր թատրոններից մեկում: Այստեղ երիտասարդ դերասանուհին կարճ ժամանակում դարձել է խաղացանկի ծանրությունն իր ուսերին տանող արվեստագետներից մեկը, սիրվել հանդիսատեսի կողմից: Ընդամենը երկու թատերաշրջան աշխատեց այս թատրոնում Հայկուհի Խուդավերդյանը, սակայն նրա ստեղծած բեմատիպարներն իրենց անկեղծությամբ ու անմիջականությամբ, նուրբ քնարականությամբ հուզեցին ու վարակեցին հանդիսատեսին: Դերասանուհին խաղաց նաև պատանի Գիքորի դերը՝ դեռ մինչև այսօր շատ գյումրեցիների հիշողության մեջ մնալով որպես այդ դերի լավագույն մարմնավորողներից մեկը:

1968-ին Հրաչյա Ղափլանյանը ստեղծեց Դրամատիկական թատրոնը, որն այսօր իր անունն է կրում: Հայկուհի Խուդավերդյանը եկավ այս երիտասարդական թատրոն և արդեն 45 տարի այս թատրոնի դերասանուհի է՝ իր ողջ ստեղծագործական եռանդն ու նվիրումը տալով  թատրոնին:

 Առաջին դերն այստեղ Սարոյի մայրն էր՝ Հովհաննես Թումանյանի նշանավոր «Անուշ» պոեմի բեմադրության մեջ: Հրաչյա Ղափլանյանը երիտասարդ դերասանուհուն էր վստահել ողբերգական որոշակի շեշտերով այս դերը՝ համոզված, որ բեմում կհայտնվի որդուն կորցրած ու իր ցավի պոռթկմանը դիմակայող հայ մայրը… Հայկուհի Խուդավերդյանի այս դերակատարումը երկար պահպանվեց նրա խաղացանկում, նրա մեջ բացահայտեց ողբերգականի հույժ զգացողությունը: Այս դերին հաջորդեցին ինչպես դրամատիկական որոշակի շեշտվածության, այնպես էլ ընդգծված կատակերգական դերեր, որոնք բացահայտեցին դերասանուհու անսպառ կարողությունները՝ դրսևորվելու ամենատարբեր ժանրերում:

 Հայկուհի Խուդավերդյանի հետ այս թատրոնում աշխատեց ռուսական թատերական ռեժիսուրայի երևելիներից մեկը՝ Բորիս Ռավենսկիխը, որի «Շոկոլադ ուտող զինվորը» բեմադրության մեջ Հայկուհին գլխավոր դերակատարն էր:

Իր երկարամյա բեմական կենսագրության ընթացքում Հայկուհի Խուդավերդյանը թատրոնում խաղացել է մոտ հիսուն դեր, գրեթե այդքան են նաև հեռուստաթատրոնում ստեղծած նրա դերատիպարները, որոնց մեջ է նաև Բլանշ Դյուբուան՝ Թեննեսի Ուիլյամսի նշանավոր «Ցանկություն. տրամվայը» պիեսի բեմադրության մեջ: Դերասանուհին մասնակցել է բազմաթիվ ռադիոբեմադրությունների, կրկնօրինակել բազմաթիվ ֆիլմեր, մասնակցել հեռուստասերիալների:

Իր հոբելյանի օրը, որը տեղի ունեցավ Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնում, դերասանուհին բեմ բարձրացավ արդեն դասական դարձած «Սիրելի ստախոսը» պիեսի բեմադրության մեջ Պատրիկ Քեմպեբելի դերով: Դեր, որը խորհրդային թատրոնում ունեցել է այնպիսի նշանավոր դերակատարներ, ինչպիսիք են Անգելինա Ստեպանովան, Վերա Մարեցկայան, Լյուբով Օրլովան, Յուլիա Բորիսովան…

Ներկայացումից հետո դերասանուհուն շնորհավորեցին դրամատիկականցիները: Հայկուհի Խուդավերդյանն արժանացավ Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալին, և հարազատ թատրոնի «Դրամատիկականի ասպետ» մեդալին…

Լ.Մ.

Scroll Up