Անզուգական Հասմիկ Պապյանը կատարեց «Տոսկայի» դերերգը

Համաշխարհային օպերային արվեստի անկրկնելի գլուխգործոցներից մեկը` Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերան համերգային կատարմամբ ներկայացվեց հայ հանդիսատեսին:
Աշխարհում Տոսկայի ամենահայտնի դերակատարներից երգչուհի Հասմիկ Պապյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 11-ին ելույթ ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Իր ելույթներով հանրությանը մշտապես հիացրած երգչուհին այս անգամ ևս անտարբեր չթողեց հանդիսատեսին:
Ողբերգական ավարտ ունեցող սիրո մասին պատմող յուրօրինակ օպերայում ՀՊՖՆ-ի հետ հանդես եկան մի շարք հայտնի հայ մենակատարներ, որոնց թվում էին Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, նաև Հրանտ Պապյանը, ով Հասմիկ Պապյանի եղբայրն է:
Օպերայի համերգային կատարումը նվիրվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի հիշատակին:
Միջոցառման սկզբում ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին շնորհակալություն հայտնեց նախաձեռնության կազմակերպիչներին և Ֆիլհարմոնիկի երաժիշտներին: «Մշակութային համագործակցությունն անչափ կարևոր է երկու երկրների միջև համագործակցության համատեքստում, որովհետև հնարավորություն է ընձեռում փոխադարձաբար ճանաչել միմյանց: Հայաստանի պարագայում դա ավելին է խորհրդանշում, որովհետև մենք ներքուստ շատ նման ենք միմյանց: «Տոսկայի» գլխավոր հերոսներն ազատ հոգիներ են: Տոսկան շատ ազատամիտ և ժամանակակից կին է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց դեսպանը:
Միջոցառմանը մասնակցեցին նաև «Հովեր» կամերային (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սոնա Հովհաննիսյան) և «Սպեղանի» (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սարինե Ավթանդիլյան) երգչախմբերը:
«Տոսկան» վերջին անգամ Հայաստանում հնչել էր մոտ 50 տարի առաջ: ՀՊՖՆ երաժիշտները և գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը մեծ ուրախությամբ և ոգևորվածությամբ էին պատրաստվում այս իրադարձությանը: Թոփչյանը հատկապես երջանիկ էր, որ աշխարհի ամենալավ Տոսկաներից մեկը` Հասմիկ Պապյանը երգում է Ֆիլհարմոնիկի հետ:
«Տոսկայի» երկրպագուները հնարավորություն կունենան վայելելել օպերայի համերգային կատարումը նաև փետրվարի 13-ին:
Իտալացի հայտնի օպերային կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերան ամենահաճախ բեմադրվող գործերից է: Երեք գործողությամբ ստեղծագործության իտալերեն լիբրետոն գրվել է Վիկտորիեն Սարդուրի համանուն պիեսի հիման վրա: Առաջին անգամ օպերան ներկայացվել է 1900 թվականի հունվարի 14-ին և ունեցել է մեծ հաջողություն։ Պուչինին Վերդիից հետո համարվում է ամենախոշոր օպերային կոմպոզիտորներից մեկը:
http://armenpress.am/