Հայաստանի անկախության տարեդարձը. քսանամյա հանրապետություն, հազարամյա ազգ

Համայն հայության համար սեպտեմբերը տոնական ամիս է,  քանի որ հանդիսավոր կերպով նշվում է Հայաստանի և   Արցախի հանրապետությունների անկախության քսանամյակը: Դեռ երկու տասնամյակ առաջ հայերը չունեին մեկ անկախ պետություն: Այժմ նրանք ունեն երկուսը և անհամբեր սպասում են այն օրվան,  երբ երկու պետությունները կմիանան երրորդին`  Արևմտյան Հայաստանին՝ հաստատելով   Միացյալ Հայաստանի Հանրապետությունը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը 2011  թվականի սեպտեմբերի 19-20-ը Երևանում կազմակերպեց Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողովը,  որը համախմբել էր 50  երկրներից ավելի քան 500  մասնակիցների,  ներառյալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական և կրոնական առաջնորդների:  Սա իրոք որ ամբողջ աշխարհի ականավոր հայերի վերամիավորումն էր:

Համաժողովն ուներ չորս հիմնական թեմաներ`  լեզվի և կրթության հիմնախնդիրներ,  երիտասարդության հիմնախնդիրներ, Ցեղասպանության  100-րդ տարելիցի և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հարցեր:  Խոսնակներից ոմանք օգտվեցին այս առիթից,  որպեսզի մատնանշեն անկախությունից 20  տարի հետո դեռ գոյություն ունեցող լուրջ բացթողումները:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը որպես ազգի մեծագույն տագնապ առանձնացրեց արտագաղթը. «Մեր թշնամին ուզեց Հայաստանն առանց հայերի տեսնել, –  նշեց նա. – այսօր մենք մեր ձեռքերով Հայաստանը հայաթափում ենք»: Նորին Սրբությունը նաև դատապարտեց երկրում առկա  կոռուպցիան,  որը պաշտպանում է «փոքրամասնության հղփացած վիճակը»:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կշտամբեց պետական պաշտոնյաններին   աղքատության,  անգործության,  թերաճ տնտեսության,  սոցիալականանապահովության,  անարդարության,  արտոնյալ քրեական,  կիսաքրեական խավի սանձարձակության և արտագաղթի համար: Նա նաև քննադատեց նրանց հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրություններից իրենց ստորագրություններ ետ չվերցնելու համար:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ`  տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության մասին թեմատիկ նիստի ժամանակ մասնակիցներն առաջարկեցին պատրաստել ցեղասպանագետների,  օսմանագետների,  թուրքագետների և միջազգային իրավունքի փորձագետների նոր սերունդ: Նրանք նշեցին,  որ ժամանակն է Հայոց Ցեղասպանության հարցից անցնել հատուցման հարցի բարձրացմանը և պետք է Թուրքիայի դեմ բողոքներ ներկայացնել միջազգային և տեղական դատարաններ:

Հայաստանում ես բազում   ցնծության պահեր ապրեցի,  սակայն նաև ունեցա որոշ հիասթափություններ:  Անկախության օրվա առթիվ զորահանդեսը համայն հայության ուշադրության կենտրոնում էր։ Զորահանդեսին հետևում էր աշխարհասփյուռ հայությունը՝ կանգնած Երևանի հանրապետության հրապարակում կամ նստած այլուր հեռուստացույցի առջև: Մեր քաջարի զինվորների անվերջ շարասյունը և արդիական տանկերի, հրթիռների,  ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների տողանցքը   յուրաքանչյուր հայի սիրտը լցնում էին արդար հպարտությամբ և առաջացնում պաշտպանվածության խորը զգացում մշտապես սպառնացող մեր թշնամիներից։ Ավելի ուշ երեկոյան հարյուր հազարավոր հանդիսատեսներ ականատես եղան բարձր տեխնոլոգիական հատուկ լազերային շոուի,  որը սփռում էր Հայաստանի պատմության գլխավոր դրվագները Հանրապետության Հրապարակի հանդիպակաց շենքերի պատերի վրա։

Այս տարվա զորահանդեսին առաջին անգամ ցուցադրված տեղական արտադրության չորս անօդաչու թռչող սարքերը գրավեցին շատերի ուշադրությունը,  հատկապես,  քանի որ Արցախի զինված ուժերը վերջերս ոչնչացրել էին ադրբեջանական անօդաչու թռչող սարքը,  որն Ադրբեջանը գնել էր Իսրայելից։

Զորահանդեսը ևս մեկ անակնկալ մատուցեց.  կին զինվորների խումբը՝ գնդացիրներով,  ովքեր կամավոր հիմունքներով անցել էին ծառայության բացառապես տղամարդկանցից կազմված հայկական բանակում։ Երթով անցան նաև կրոնական հանդերձանքով զինուժի եկեղեցական դասը։

Անկախության տոնակատարություններին հատուկ փայլ հաղորդեցին երկու այլ իրադարձություններ։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում հանդիսավոր կերպով բացվեց դրա նոր մասնաշենքը,  որի կառուցումը մեծամասամբ ֆինանսավորել էր ռուսաստաբնակ հայ գործարար Սերգեյ Համբարձումյանը։ Այս առիթով Միհրան Մինասյանը՝ սահմանափակ միջոցներ ունեցող համեստ անձնավորություն Սիրիայի Հալեպ քաղաքից, Մատենադարանին նվիրաբերեց ավելի քան 1,000 արժեքավոր ձեռագրեր և էջեր, որոնք նա մեծ դժվարությամբ հավաքել էր իր ողջ կյանքի ընթացքում։

Երկրորդ կարևոր իրադարձությունը,  որը տեղի ունեցավ սեպտեմբեր ամսին,  Երևանի Զվարթնոց օդանավակայանի ժամանակի հրամայականին համապատասխանող տերմինալի բացումն էր։ Նոր համալիրը կարող է տարեկան սպասարկել մինչև 3.5 միլիոն ուղևորի՝ դրանով կրկնապատկելով օդանավակայանի թողունակությունը։  Այս մեծածախս ծրագիրը կյանքի կոչվեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից,  որի «Արմենիա միջազգային օդանավակայաններ»  փակ բաժնետիրական ընկերութանը հանձնվել էր օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը։

Երկու տհաճ երևույթ. անկախության օրը համահայկական համաժողովի մասնակիցներին տրված որոշ վերնաշապիկների վրա կարելի էր նկատել  «Պատրասված է Թուրքիայում» անակնկալ պիտակը։ Վերնաշապիկները զարդարված էին «2011  Հայաստանը դու ես»  լոզունգով։ Շփոթված պաշտոնյաներն այս հանգամանքը բացատրեցին նրանով,  որ վերնաշապիկները նվիրվել էին մի գործարարի կողմից։ Ավելի զարմանալի էր այն փաստը,  որ Հայաստանի Հանրապետության երկու նախկին նախագահները չմասնակցեցին անկախության օրվա որևէ միջոցառման։ Անկախ այն հանգամանքից,  թե նրանք ինչպես էին պատճառաբանում իրենց բացակայությունը,  սա լուրջ բացթողում էր երկրի երկու նախագահների կողմից,  որոնք ղեկավարել էին Հայաստանն անկախության 20 տարիներից 17–ը։

Չնայած երկրի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներին՝ բոլոր հայերը միահամուռ երդվում են պաշտպանել և պահպանել իրենց հայրենիքն ամեն տեսակի չարիքներից և ջանք չխնայել՝ ապահովելու համար Հայաստանում ու Արցախում իրենց հայրենակիցների բարեկեցությունն ու բարգավաճումը։

ՀԱՐՈՒԹ  ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Scroll Up