Բարոնուհի Քերոլայն Քոքսն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմատենչ սպառնալիքները

Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը Ադրբեջանին կոչ է արել հանուն խաղաղության դադարեցնել հարձակումները և ռազմատենչ սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Guardian թերթը, բարոնուհուն զայրացրել էր Ադրբեջանի դեսպան Ֆախրադդին Գուրբանովի պատասխանը Արցախ այցելած լուսանկարիչ-լրագրող Անաստասիա Թայլոր-Լինդին, որով դեսպանը լրագրողին առաջարկել է ընդլայնել իր մտահորիզոնը` խոսելով նաև տեղահանված ադրբեջանցիների մասին: «Ինձ խորապես մտահոգել է Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպան Ֆախրադդին Գուրբանովի պատասխանը լուսանկարիչ Անաստասիա Թայլոր-Լինդին, ով հոդված և լուսանկար էր հրապարակել Հայաստանի պատմական տարածք Լեռնային Ղարաբաղում կայացած հարսանիքի մասին: Լեռնային Ղարաբաղ ես այցելել եմ 80 անգամ, որոնց մեծ մասը` 1991 -1994 թվականների դաժան պատերազմի ընթացքում, և ականատես եմ եղել հայերի էթնիկ զտումների ադրբեջանական փորձերին, թե ինչպես էր Ադրբեջանն օրական 400 «գրադ» հրթիռներ կրակում մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիների վրա, ինչպես նաև տեսել Մարաղա գյուղի բնակիչների 1992 թվականի սպանդը: Ես տեսել եմ ծխացող տներ, մարդկանց աղավաղված դիեր, այրված աճյունների մնացորդներ և շոկի մեջ հայտնված փրկվածների: Մոտակա հիվանդանոցում ծանոթացել եմ գլխավոր բուժքրոջ հետ, ով կորցրել էր ընտանիքի 14 անդամներին, այդ թվում` իր որդուն, ում գլուխը սղոցել էին: Ինչպես պարոն Գուրբանովն է տիկին Թայլոր Լինդին առաջարկել ընդլայնել իր մտահորիզոնը` խոսելով նաև տեղահանված ադրբեջանցիների մասին, այնպես էլ ես եմ նրան առաջարկում զրուցել Մարաղայի փրկվածների հետ:

Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան վերածվել է պարբերական տնտեսական և ռազմատենչ սպառնալիքների միջոցով հակառակորդին թուլացնելու քաղաքականության` ռազմական գործողություններով սպառնացող ագրեսիվ քարոզչությամբ: Դա երկարաձգում է հակամարտության արդյունքում տեղահանված հայ և ադրբեջանցի մարդկանց տառապանքները, որոնցից շատերը գտնվում են բանտերում կամ աղքատության մեջ:

Եթե Ադրբեջանի կառավարությունը դադարեցնի նոր ռազմական գործողությունների սպառնալիքները, սատարի հրադադարի խարխուլ ռեժիմը և վստահության կառուցման միջոցառումներ ձեռնարկի, այդ դեպքում միայն խաղաղության հաստատման հնարավորություններ կստեղծվեն, ներառյալ` տեղահանված մարդկանց վերադարձի համար, խնդիր, որին դեսպանը այդքան ուժգնորեն հավակնում է»,- նշել է բարոնուհի Քոքսը:

The Guardian-ը օրերս հրապարակել էր բրիտանացի լուսանկարիչ-լրագրող Անաստասիա Թայլոր-Լինդի հարցազրույցը, որում վերջինս պատմել էր Արցախում հայկական հարսանիքի մասնակցելու մասին: Դրանից հետո Ադրբեջանի դեսպանը հայտարարել էր, թե Թայլոր- Լինդը պետք է այցելի Ադրբեջան` տեսնելու տեղահանված մարդկանց վիճակը` միաժամանակ սպառնալով, որ եթե լրագրողը «Լեռնային Ղարաբաղի վիզա ունի իր անձնագրում, նրան կարգելեն այցելել Ադրբեջան»:

http://armenpress.am/

Scroll Up