Չկա մի շվեդ, որ չիմանա Հայոց ցեղասպանության մասին. շվեդահայ համայնքի ներկայացուցիչ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/02/download1.jpg)
Շվեդահայ համայնքն ակնկալում է, որ այս տարվա սեպտեմբերին շվեդական խորհրդարանի ընտրությունները կարող են բերել իշխանափոխության, որը հայերի օգտին կլինի:
«Սեպտեմբերին Շվեդիայում սպասվում են ընտրություններ, որոնց արդյունքում կարող են իշխանության գալ սոցիալ-դեմոկրատները, որոնք բազմիցս են արտահայտել հայամետ դիրքորոշում, բացի դրանից`իրենց կուսակցության կոնգրեսում ճանաչել են Հայոց ցեղասպանությունն ու մտադիր են հարցը դարձնել նաև կառավարության օրակարգի մաս»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը: Նա խոսքով` կարևոր է, որ տարվեն աշխատանքներ, որ Շվեդիայի կառավարության և խորհրդարանի միջոցով Հայոց ցեղասպանության հարցի տարածման ուղղությամբ աշխատանքներ տարվեն նաև Եվրամիության այլ երկրներում:
Հարցին, թե Շվեդիայի հայ համայնքը ինչ հաջողություններ ունի Հայոց ցեղասպանության մասին իրազեկման գործում` Կարո Հակոբյանը փաստեց, որ երկրում համատարած թուրքամետ տրամադրությունների ֆոնին կան նաև դրական արդյունքներ: «Շվեդիայում Հայոց ցեղասպանության տեղեկատվության տարածման աշխատանքներն ակտիվորեն կատարվել են վերջին 10-15 տարվա ընթացքում, որը ազգային, մշակութային, հասարակական կառույցների համընդհանուր ջանքերի արդյունքն է: Գրեթե չկա մի շվեդ, ով չիմանա Հայոց ցեղասպանության մասին»,-ասաց Կարո Հակոբյանը:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կան որոշակի քննարկումներ` սպասվելիք ծրագրերի առնչությամբ, բայց դեռ հստակ նախագիծ չկա: «Հնարավոր է հավաք լինի, որի ժամանակ կհստակեցվեն մեր անելիքները »,-նշեց Եվրոպայի հայերի համագումարի նախագահը:
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Շվեդիայի հայ համայնքը և Եվրոպայի հայկական կառույցները կարևորում են պահանջատիրության մոտեցումների հստակեցումը: «100-ամյա տարելիցին ընդառաջ պետք է իրավական մակարդակում գալ համաձայնության պահանջատիրության հարցում, հստակեցնել համազգային պահանջները, համադրել դրսի և ներսի ուժերը: Այստեղ աշխարհասփյուռ հայ համայքներն ու Հայաստանի Հանրապետությունը պիտի գործեն համատեղ: Այն, ինչ չի կարող անել սփյուռքը, կարող է Հայաստան պետությունը, և հակառակը` սփյուռքի ներկայացուցիները, լինելով ազատ քաղաքացիներ` չկաշկանդված այս կամ այն հանգամանքներով, կարող են ունենալ մեծ պահանջներ, որոնք էլ պետք է արտահայտվեն»,-ասաց Կարո Հակոբյանը` շեշտելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քայլեր կատարելուց զատ, պետք է մշակել պահանջատիրության հստակ մոտեցումներ:
Հունվարի 30-ին Շվեդիայի Ստոկհոլմի Բոտ Շիրքա(Բոտկիրկա) արվարձանային շրջանի խոհուրդը թույլատրեց 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանված քրիստոնյաների` հայերի, ասորիների, հույների հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնել: Շրջանային խորհուրդը ներկայացնող իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներից 54-ը կողմ քվեարկեց առաջարկին, 5-ը` դեմ, 1-ը` ձեռնպահ:
2000 թվականին Շվեդիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի կողմից օրենսդրական մարմնին ներկայացվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ զեկուցագիրը: 2010-ին էլ Շվեդիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, որը, սակայն, կառավարության կողմից չի ընդունվել:
http://armenpress.am/