ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են գերեվարված ծերունուն

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի 77-ամյա Մամիկոն Խոջոյանին: Ինչպես PanARMENIAN.Net ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, Խոջոյանին փոխանցելեն ընտանեկան բովանդակությամբ իր հարազատների նամակը: Գերին իր հերթին որևէ նամակ չի փոխանցել հարազատներին: Զառա Ամատունու խոսքով, հետագայում էլ Խոջոյանի գործով երկխոսությունը կողմերի միջև կաշրունակվի, նա հավելեց նաև, որ Խոջոյանի ընտանիքի հետ մշտապես կապի մեջ են: ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչը չմեկնաբանեց Խոջոյանի առողջական վիճակը՝ նշելով, որ չի կարող:

Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը, ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել է: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից»,- գրել էին ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հայաստանի ՊՆ-ն կտրականապես հերքել էր «հայ դիվերսանտի» գերեվարման մասին ադրբեջանցիների տարածած հաղորդագրություն: ՊՆ-ից հայտնել էին, որ այդ հատվածում տեղակայված զորամասերում ոչ մի բացակա զինվոր չկա: Ավելի ուշ պարզվել էր, որ քաղաքացին Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որին վերջին անգամ տեսել էին հունվարի 28-ին՝ 14:00-15:00-ն ընկած հատվածում: Ոստիկանության փոխանցմամբ, ծերունին ապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր: Հովիվներից մեկը նկատել էր Խոջոյանին Մաֆլար կոչվող վայրում, սահմանից մոտ 2 կմ հեռավորությամբ: Նա ասել էր, թե գնում է մորի հավաքելու, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Հունվարի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները բանակցություններ էին սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ԿԽՄԿ աշխատակիցներին թույլ տան այցելել Խոջոյանին: ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունու խոսքով, բանակցությունները սկսվել են, բայց արդյունքներ դեռ չկան:

Ադրբեջանի սահմանը հատած հայ ծերունու «հարցազրույցն» ադրբեջանական հեռուստատեսությամբ իրեն երկար սպասել չտվեց։ Ինչպես գերեվարվելուց մի քանի օր անց 2013-ի օգոստոսին Հակոբ Ինջիղուլյանը հատնվեց ադրբեջանական ANS-ի տաղավարում, այնպես էլ հերթը հասավ Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանինն է։ Անհետանալուց երկու օր անց նա հայտնվել էր կոտրված ձեռքով, որը, ինչպես ինքն էր պատմում, իբր սահմանն անցնելուց է կոտրել։ Ավելի վաղ համացանցում հայտնված լուսանկարում ձեռքը կոտրվածի տեսք չուներ։

Այսպիսով, ANS-ի «հարցազրույցում» «քեզ ստեղ ոնց են նայում» հարցին ծերունին «պատասխանել էր»՝ «լավ են նայում, ձեռքս կոտրվել էր, բայց արդեն լավանում է»։ Հեռուստաալիքի փոխանցմամբ, իբր, Խոջոյանն իր մասին «անհասկանալի տեղեկություններ է տալիս, մեկ ներկայանալով երկրի անվտանգության մարմինների աշխատակից, մեկ՝ ալկոհոլ պատրաստող խաղողագործ։ Այժմ գերին բուժվում է հիվանդանոցում, բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում»։

Օրերս ադրբեջանցի ռազմական լրագրող Ռահիբ Գարիբն անդրադարձել էր Խոջոյանի հարցին՝ նշեոլվ, ոչ Ադրբեջանի ու Հայաստանի միջև տեղեկատվական պատերազմ է: Ըստ նրա, դատելով ծերունու արտաքինից, կարելի է ենթադրել, որ նրան ծեծել են, ինչը չէր բացառել նաև ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը: Լրագրողը նշել էր, որ 77-ամյա ծերունուն, այն էլ՝ հոգեկան խնդիրներով, ծեծելու համար ադրբեջանցիներին ոչ ոք «կեցցես» չի ասի: Հակառակը, դա աշխարհում կմեծացնի տարածված կարծիքը, որ մահմեդականից պետք է վախենալ: «Պիտի փոխենք մոտեցումը, որովհետև բացել ենք դռները Եվրոպայի առջև, «Եվրատեսիլ» ենք անցկացրել, պատրաստվում ենք Օլիմպիական խաղեր անցկացնել»,- հավելել էր լրագրողը:

Հոդվածի համաձայն, նախկին տեսանյութում Մամիկոն Խոջոյանն ազատ շարժում էր ձեռքը, կոտրվածքի մասին անգամ խոսք չկար: Բայց հետագայում տարածված տեսանյութերում նրա ձեռքը վիրակապած էր:

http://www.panarmenian.net/

Scroll Up