Բոլորը մեզ ճանաչում են որպես հայ ոսկերիչներ
Դարեր ի վեր Հայաստանում արհեստները փոխանցվել են սերնդեսերունդ, ու տոհմական գաղտնիքներն ընտանիքի շրջանակներից դուրս չեն եկել: Այսօր էլ այդ ամենը շարունակվում է. սերունդները հաջորդաբար զարգացնում են ընտանեկան ավանդույթներն ու նոր ճանաչում բերում իրենց ընտանիքին ու ապրանքանիշին:
«Ծնողներս Ուրֆայից են. ես ծնվել եմ Հալեպում, ետքը Լիբանան գաղթած ենք, իսկ արդեն 30 տարի է` Իտալիայում ենք ապրում: 42 տարի այս գործով եմ զբաղվում. տղաս և աղջիկս ինձ հետ են աշխատում: Մեծաքանակ ոսկեղեն և ադամանդեղեն ենք պատրաստում և վաճառում ողջ աշխարհում,- պատմում է Գրիգոր Իստամբուլին: – Իտալիայում տարին երեք անգամ ցուցահանդես ենք կազմակերպում. մասնակցում ենք նաև Բազելում, Հոնգ Կոնգում կազմակերպվող հեղինակավոր ցուցահանդեսներին: Առաջին տարին է, որ մեր ընկերության աշխատանքները կցուցադրվի Հայաստանի մեջ:
Կմաղթեմ, որ ապագայում Հայաստանը ոսկերչության միջազգային կարևոր կենտրոն լինի: Այսօր 40 հոգի են մասնակցում, կմաղթեմ, որ եկող անգամ 400-ը, 1000-ը լինեն, և ոչ միայն հայ, այլև օտար ոսկերիչներ մասնակցեն: Օինակ՝ Իտալիայում 30 տարի առաջ 80 հոգիով էինք սկսել ցուցահանդեսներ կազմակերպել, այսօր հազարավոր մասնակիցներ կան:
Չեմ կարող ասել, թե Հայաստանում ինչ ավանդույթներ կան, քանի որ ես դրսում եմ ապրում, բայց, օրինակ, Պոլիսում շատ ճանաչված էին հայ ոսկերիչները: Տեղյակ եմ, որ տարիներ առաջ Հալեպում արաբ ոսկերիչներ չկային, բոլորը հայեր էին»:
Հոր խոսքերը շարունակում է Վաչեն, ով արդեն դեռ վաղ տարիքից իմացել է, թե ինչով է զբաղվելու.
«Ցանկություն հայտնեցինք AJA-ի հետ համագործակցել, որովհետև աշխարհի մեջ հայկական ոսկերչական ուժը բավական զորավոր է: Ցանկանում եմ, որ Հայաստանում նույնպես զորանա, ու դրսից գնորդներ գան և հայկական ապրանքները գնեն:
Այս ցուցահանդեսին ամեն աշխարհից հայ ոսկերիչներ են եկել, ու յուրաքանչյուրը բերել է իր ոճը. իտալականը մաքուր գործեր են, ֆրանսիական զարդերը շիկ, էլեգանտ են, իսկ հայկական գործերում հազարամյակների շունչն է նկատվում. չէ՞ որ պատմությունից է հայտնի, որ հայերը միշտ էլ ոսկերիչներ են եղել: Դժբախտաբար այդ մասին աշխարհը չգիտի: 20 տարի է, որ Հայաստանը անկախ է , և դեռ ժամանակ ունի մեծանալու, հզորանալու: Առավել ևս, որ մեծ պոտենցիալ կա զարգանալու համար: Նոր շուկաները Ռուսաստանում, Արևելյան Եվրոպայի երկրներում կկարողանան Հայաստանի կողմից օգտագործվել: Ոսկերչության զարգացման համար շատ կարևոր է, որ Հայաստանը դառնա ազատ տնտեսական գոտի: Գիտեք՝ այն երկրները, որոնք ազատ տնտեսական գոտի են, շատ արագ կերպով զարգանում են, և այդ երկրներում մեծ նեդրումներ են կատարվում, անգամ հայ գործարարների կողմից:
Սա առաջին քայլն է, և կհուսանք, որ ապագայում այս ցուցահանդեսը միջազգային շոու կդառնա: Մեր ընտանիքը ապրում և աշխատում է Իտալիայում, մեր աշխատանքները ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում, բայց բոլորը մեզ ճանաչում են որպես հայ ոսկերիչներ, ովքեր ապրում են Իտալիայում: Իսկ մենք մեզ միշտ հայ ենք զգում, ու հայի ոգին, հայկականության շունչն արտահայտվում է մեր գործերում»:
Լուսինե Աբրահամյան