Ուղեղային կենտրոններ և աղբահորեր

Մենք ապրում ենք ուղեղային կենտրոնների «ոսկե դարում»։ Աշխարհում գործում են մոտ 6000 նման հետազոտական հաստատություններ, որից 3000-ը` ԱՄՆ-ում։ Քաղաքականություն, ռազմական գործ, սոցիալական քաղաքականություն, տնտեսություն, տեխնոլոգիա, մշակույթ… այս բոլոր բնագավառներին նվիրված ուղեղային կենտրոններ կան։ Առաջին ուղեղային կենտրոնները, ինչպիսիք էին 1910թ. ստեղծված «Քարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամը» (Carnegie Endowment for International Peace) և 1919թ. հիմնադրված «Բրուքինգզը» (Brookings), քաղաքական անաչառ հետազոտություններին ուղղված հաստատություններ էին։ Մինչդեռ ուղեղային կենտրոնների բազմացումը բերեց դրանցից շատերի բնույթի խեղաթյուրման։
Այս ախտը սկիզբ առավ, երբ ուղեղային կենտրոններն իրենց գործունեության նպատակների շրջանակը հետազոտությունից ընդլայնեցին մինչև շահերի պաշտպանություն։ Օբյեկտիվ հետազոտական տվյալների տրամադրմամբ սահմանափակվելու փոխարեն` նրանք դարձան փառաբանող լոբբիստներ և տարբեր նպատակների ծառայող վարձու գրչակներ։ Այժմ գործում են աջաթևյան հայացքներն առաջ տանողHeritage Foundation, American Enterprise Institute, Cato Institute կենտրոնները և նրանց՝ փոքր-ինչ ավելի սակավաթիվ ձախակողմյան հակառակորդները։
Ուղեղային կենտրոնների հիմնական նպատակը պետական և հասարակական կարծիքի ձևավորումն է։ Դա իրականացվում է կառավարություններին «փորձագետներ» տրամադրելու, հրապարակախոսական հոդվածներ գրելու, քաղաքական գործիչներին և հանրային ծառայողներին խորհրդատվություն տրամադրելու միջոցով։
Ահավասիկ` Թուրքիան և «Ամերիկայի թյուրքական դաշինքը» (Turkic American Alliance, TAA)։ Թուրքիան ԱՄՆ բազմաթիվ համալսարաններում ամբիոններ է ստեղծել, ինչպես և ֆինանսավորել է հեղինակազուրկ հետազոտողների գրքերի հրատարակումը՝ հիմնականում նպատակ հետապնդելով չեզոքացնել ամերիկահայերին։ Իսկ «ամերիկաթյուրքերը» գործունեություն են ծավալում որպես Թուրքիայի տեղական թև ԱՄՆ-ում։ TAA-ն ստեղծվել է «Գյուլենի շարժման» ջանքերով և գործում է Վաշինգտոնյան Rethink Instituteկոչվող ուղեղային կենտրոնի հետ սերտ համագործակցելով։ Որքանո՞վ սերտ։ TAA-ի և Rethink-ի հասցեները, սենյակները և հեռախոսահամարները նույնն են։ «Rethink», այսինքն` «վերանայել» անվանումը պատահական չէ։ Այն ուղղված է Թուրքիայի մասին ամերիկացիների կարծիքը փոփոխելուն։
Rethink Institute-ը ճամարտակելով ու, թերևս, հեգնանքով, իրեն որակում է որպես «անկախ, շահույթ չհետապնդող, անկուսակցական գիտահետազոտական հաստատություն, որը նվիրված է աշխարհի համայնքների ու հասարակությունների առջև ծառացած ժամանակակից քաղաքական և մշակութային մարտահրավերների խորացված ըմբռնմանը` լայն իմաստով խաղաղության և արդարության հասնելու նպատակով»։
Հըմ… Այս նկարագիրը կարդալիս կարելի է ենթադրել, որ կազմակերպության նպատակները գլոբալ բնույթի են։ Սակայն նրա հրատարակած հոդվածները, կազմակերպած միջոցառումները, հովանավորած «հետազոտությունները» թյուրքական թեմաներին են վերաբերում։ Կազմակերպության ղեկավարն է գործադիր տնօրեն, դոկտոր Ֆևզի Բիլգինը, որն Անկարայի համալսարանի շրջանավարտ է։ Հոգաբարձուների խորհրդի անդամ, դոկտոր Ռովշան Իբրահիմովի էլեկտրոնային փոստի հասցեն «gov.az» վերջավորությունով է, ինչը նշանակում է, որ նա Ադրբեջանի պետական պաշտոնյա է։ Խորհրդի անդամներ են նաև դոկտոր Էբրու Օղուրլուն (Թուրքիա) և դոկտոր Գալիմ Ժիսբեկը (Ղազախստան)։ Այլ մասնակիցների թվում են Իհսան Դաղին և Հաքան Թաշչին` Միջին Արևելքի տեխնիկական համալսարան խաբուսիկ անվանումով հաստատությունից (Անկարա), Չաղրի Էրհանը (Անկարայի համալսարան), Սավաշ Գենչը (Ֆաթիհի համալսարան), Շեներ Ակթյուրքը (Քոչի համալսարան), Հասան Թ. Արսլանը (Մարմարայի համալսարանի շրջանավարտ), Բեզեն Բալամիր Ջոշկունը (Բողազիչի համալսարանի շրջանավարտ), Օղուզ Դիլեքը (Զիրվեի համալսարան) և «Թուրք գործարարների և արդյունաբերողների կոնֆեդերացիայի» (TUSKON-US) գործադիր տնօրեն Քիլըչ Բուղրա Քանաթը։ Իրենց ինքնությունը «թզենու տերևով» քողարկելու ապարդյուն փորձ կատարելով` Rethink-ի կողմից ներկայանում են նաև գիտաշխատող Վլադիմիր Ֆեդորենկոն և «Ամերիկյան առաջընթացի կենտրոնի» (Center for American Progress) ավագ գիտաշխատող Մայքլ Վերզը։
Rethink-ը չի պատասխանում իր ֆինանսավորման աղբյուրների մասին հարցումներին։
Անցյալ տարի Rethink-ը հրատարակեց «Անդրադարձ հայ-թուրքական հաշտեցմանը» վերնագրով հետազոտական մի հոդված, որը հեղինակել էին կազմակերպության գործադիր տնօրեն Բիլգինը և Ելենա Օսիպովան` Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանից։ Հայերի և թուրքերի հաշտեցումը խրախուսելու առերևույթ մտադրությամբ հանդերձ, հոդվածի բովանդակային խեղաթյուրումները հակասության մեջ են մտնում հեղինակների իբր թե վսեմ ձգտումների հետ։
Հոդվածում բազմիցս Ցեղասպանությունն արծարծվում է որպես «1915թ. դեպքեր» և նշվում, որ միայն հայերն են պնդում, թե ցեղասպանություն է իրագործվել։
Հոդվածում առաջարկվում է, որ հայերն ու թուրքերն «ավելի գործնական մոտեցում ցուցաբերեն հարցի [Ցեղասպանության] նկատմամբ և դրա ներկայիս հետևանքներին առնչվելու գործում՝ միևնույն ժամանակ զգայունություն դրսևորելով ցավագին պատմական հիշողությունների հանդեպ»։ Սա Անկարայի ստանդարտ դատարկաբանությունն է, որով Թուրքիան փորձում է հավասարության նշան դնել Ցեղասպանության և Առաջին համաշխարհային պատերազմում թուրքական կորուստների միջև, կարծես թե հայերն էին մեղավոր Թուրքիայի պարտության համար։
Հոդվածի հեղինակները պնդում են, թե Ադրբեջանը մասնակցություն է բերել հայ–թուրքական հաշտեցման բանակցություններին։ Նրանք չեն բացատրում, սակայն, թե ինչ կապ ունի Բաքվի մասնակցությունը Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հետ։
Բիլգինը և Օսիպովան այնուհետև խորամուխ են լինում հայերի նկատմամբ թշնամանքի հարցի մեջ և գրում. «Հայերը որպես էթնիկ խումբ, դարեր շարունակ ապրել են Հայկական բարձրավանդակում՝ ենթարկվելով տարածաշրջանը գրավող բոլոր տարբեր կայսրությունների և թագավորությունների իշխանությանը…»։ Այլ կերպ ասած, նրանց կարծիքով` հայերը երբեք պետություն չեն ունեցել։ Հայերն արքաներ չեն ունեցել, այլ պարզապես` նրանց գերիշխող կայսերական մեկ տիրակալը փոխարինվել է մյուսով։ Եվ նկատենք «բոլոր տարբեր կայսրություններ» արտահայտությունը։ «Տարբեր կայսրություններ» գրելը բավական չէր, անպայման պետք էր ավելացնել «բոլոր»-ը։
Ցեղասպանությունն արդարացնելու նպատակով հեղինակները գրում են, որ Օսմանյան Թուրքիայի կարծիքով` «հայերը կարող էին անցնել Ռուսաստանի կողմը, եթե վերջինս ներխուժեր երկիր»։ Եվ ոչ մի բառ այն մասին, որ թուրքերի կողմից դարեդար իրականացվող հետապնդումներն ու կոտորածները կարող էին անպաշտպան հայերին մղել դեպի Ռուսաստանի գիրկը։
Ինչ վերաբերում է տխրահռչակ արձանագրություններին, հոդվածում դրանց ձախողման մեղքը դրվում է Հայաստանի վրա։ Ըստ այդ հոդվածի, Արևմուտքում գործող հայկական և թուրքական լոբբիները «սաստիկ մրցակցություն են ծավալել, թե ով ավելի շատ միջոցներ կծախսի…»։ Այսպիսով, ստացվում է, որ սփյուռքահայությունը ֆինանսական նույնքան խոշոր միջոցների է տիրապետում, որքան տնտեսության մեծությամբ աշխարհում 17-րդ տեղը գրավող երկիրը։
Վերջապես, հոդվածի հեղինակներն Անկարային խորհուրդ են տալիս պաշտոնապես և անկեղծորեն ճանաչել «1915թ. դեպքերը»՝ հավելելով, սակայն, որ հայերը «պետք է ընդունեն, որ հողերը չեն կարող «վերադարձվել», և փոխհատուցում չի կարող վճարվել, երբ բացակայում են պաշտոնական փաստաթղթերն ու ապահովագրությունը»։ Որքա՜ն հիմար և անպատասխանատու են գտնվել հայերը, որ անապատ քշվելիս անտեսել են իրենց տների ու ձեռնարկությունների սեփականությունը հաստատող փաստաթղթերն իրենց հետ վերցնելու կարևորությունը և չեն պահպանել իրենց կահույքի գնման անդորրագրերը, էլ չենք ասում` ընտանեկան զարդեղենի մանրամասն ցանկերը։
Այս ամենը բերում է Րաֆֆի Պետրոսյանի «Երկու միայնություն, երկու պատմություն» հոդվածին, որը սփյուռքահայության միակ հետազոտական (ուղեղային) կենտրոնը հանդիսացող Զորյան ինստիտուտի մասին է։ Քանի դեռ Անկարան միլիոնավոր դոլարներ է ծախսում իր «ուղեղային կենտրոնների» և վարձու «գիտնականների» միջոցով անհերքելին հերքելու համար, սփյուռքահայերը ընդամենը մեկ ուղեղային կենտրոն ունեն` մի ինստիտուտ, որտեղ հիրավի գիտական գործունեություն է իրականացվում։ Զորյան ինստիտուտը երեք Սարգսյան եղբայրների մտահղացումն է։ Այն ղեկավարում է Գուրգեն (Գրեգ) Սարգսյանը Տորոնտոյից։ Անցած օգոստոսին Ստամբուլի «Ագօս» թերթին տված հարցազրույցում նա նշել է. «Մենք ուսումնասիրում ենք աշխարհով մեկ հայոց իրողությունները ձևավորող ուժերն ու գործոնները»։
Երեսուն տարիների ընթացքում Սարգսյան եղբայրները Զորյան ինստիտուտի անհամեմատորեն ամենաառատաձեռն ֆինանսավորողներն են եղել։ Ինստիտուտի կողմից իրականացվող կենսականորեն կարևոր աշխատանքի շարունակականությունն ապագայում ապահովելու համար անհրաժեշտ է, որ ճշմարտության, մարդու իրավունքների և ցեղասպանության կանխարգելման մասին հոգ տանող մարդիկ անմասն չմնան և ֆինանսապես աջակցեն Զորյան ինստիտուտին։ Հայերը հատկապես մեծ բարոյական պարտավորություն ունեն թուրքական մութ գիշերում այս միայնակորեն փայլատակող փարոսին զորավիգ լինելու հարցում։
Զորյան ինստիտուտի էլեկտրոնային հասցեներն են՝ zoryan@zoryaninstitute.org և zoryanusa@aol.com։
http://www.noravank.am/