Գևորգյան հոգևոր ճեմարանն ընդլայնել է ուսումնասիրություններ կատարելու հնարավորությունները

Վերջերս Գևորգյան հոգևոր ճեմարանին պրն. Ջոն Փրիջյանի (Նյու Ջերսի, ԱՄՆ) ազնիվ նվիրատվությամբ տրամադրվել է 30 նոր համակարգիչ և սարքավորում` նախատեսված սերտարանի և համակարգչային սենյակի համար: Համակարգչային սենյակի 11, իսկ սերտարանի 19 համակարգիչները կապահովվեն համացանցային կապով և նորագույն ծրագրերով: Պրն. Փրիջյանն ապահովելու է նաև սարքավորումների տեխնիկական ծառայության և հետևողական աշխատանքների իրականացումը: Ամերիկաբնակ բարերարը նաև այցելելու է Մայր Աթոռ Ս. Էջմիածին՝ վերահսկելու վերջնական կարգավորումների գործընթացը:
Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նշեց, որ համակարգչային սենյակը համալրելով` ավելի մեծ թվով սաներ հնարավորություն կունենան բարելավելու իրենց համակարգչային գիտելիքները: Ճեմարանի ուսումնական ծրագրում ներառված է նաև տարրական համակարգչային հմտությունների ուսուցում: Սերտարանում համակարգիչների թվի ավելացումն ուսանողներին ու շրջանավարտներին հնարավորություն կտա ուսումնասիրություններ կատարել ավարտաճառ գրելիս: «ճեմարանի սաների` ուսումնասիրություններ կատարելու հարավորություններն այսպիսով ընդլայնվում են, դա անհրաժեշտ է մեզ, քանի որ մենք պատրաստվում ենք ավելացնել ճեմարանի բաժինները, մշակում ենք ասպիրանտուրայի նոր ծրագիր»,- նշեց Գևորգ սրբազանը: Նախատեսված է դրանք շահագործման հանձնել փետրվարի սկզբին` տեխնիկական կարգավորումներն ավարտելուց հետո:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական ծառայություն