Աթենքում մեծ շուքով տոնվեց ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձը

Հունվարի 27-ին Հունաստանի զինված ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում կայացավ ՀՀ ԶՈՒ վերակազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն՝ մոտ 300 հրավիրյալների ներկայությամբ:
Պաշտոնական հյուրերին ողջունել և զինվորական պատիվներով են ընդունել Հունաստանի Հետևակի բարձրագույն դպրոցի հայ ունկնդիր սպաները, ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները և ՀՄԸՄ արի-արենույշների խմբերը:
Առանձնահատուկ զինվորական պատիվներով են ընդունվել Ազգային Պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսը, նրա տեղակալ, Ռազմածովային ուժերի փոխծովակալ Ալեքսանդրոս Թեոդոսիուն, ԱՊ ԳՇ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Պետկոսը, Ռազմաօդային ուժերի ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էվանգելոս Տուրնասը, ՌԾՈՒ ԳՇ պետ, փոխծովակալ Էվանգելոս Ապոստոլակիսը, ԱՊ ԳՇ պատվավոր պետ, պահեստազորի գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը:
Միջոցառումն սկսվել է ազգային օրհներգերով՝ ՀՀ ԶՈՒ կուրսանտների և սպաների կատարմամբ: Օրվա խորհրդի, ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ամփոփ ելույթով հանդես է եկել ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը:
Այնուհետև բեմ է հրավիրվել ԱՊ ԳՇ պետը, ում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թիվ 24 հրամանի համաձայն՝ հանձնվել է «Ռազմական համագործակցության համար» մեդալը: Իր ելույթում գեներալ Կոստարակոսը շեշտել է, որ «Հայ-հունական ռազմական համագործակցությունն անպայման զարգացման ուղով է ընթանալու` ի շահ երկու եղբայր երկրների ու ժողովուրդների», և հավելել է. «Պատիվ է Հունաստանում ունենալ գերազանց պատրաստություն ունեցող հայ կուրսանտների ու սպաների»: ԱՊ ԳՇ պետը նշել է, որ «առանձնահատուկ հուզմունքով է ունկնդրել հայ զինվորականների կողմից հունական օրհներգի կատարումը»:
ՀՀ ՊՆ ընթերցված հրամանագրի համաձայն՝ ԱՊ ԳՇ պետի և ՀՀ դեսպանի մասնակցությամբ հանդիսավոր պայմաններում հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում իրենց անձնական ավանդը ներդրած բարձրաստիճան հույն հինգ սպաներ պարգևատրվեցին ՀՀ ԶՈՒ գերատեսչական մեդալով:
Միաժամանակ պատվո հուշատախտակներ է հանձնվել տիկին Վիկտորիա Բիբերյանին, ում եղբայրը` Կիպրոսում հունական զորախմբի շարքային Բարսեղ Բիբերյանը, հերոսաբար նահատակվել է 1974թ. օգոստոսի 16-ին՝ Նիկոսիայի պաշտպանության ժամանակ, և տիկին Շառլոտա Մանուկյանին, ում ամուսինը` Նորիկ Մանուկյանը, հայոց կամավորական զորքերի կազմում մասնակցել է արցախյան ազատամարտին և հերոսաբար զոհվել 1993թ. օգոստոսի 19-ին:
Վերջում ընթերցված՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրամանագրով «Արժանյաց և Պատվո խաչ» շքանշանով է պարգևատրվել ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը` «հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման մեջ ներդրած անձնական ավանդի համար»: Շքանշանը հանձնել է գեներալ Կոստարակոսը համապատասխան պատիվներով:
Պարգևատրումներին հաջորդել է ՀՀ ԶՈՒ զինանշանով տորթի կտրումը: Ապա տեղի է ունեցել պաշտոնական հյուրասիրություն` հայկական և հունական խոհանոցի տարրերով, ինչն ուղեկցվել է ազգային և ռազմական երգերի կատարմամբ:
Հանդիսությանն իրենց ներկայությունն են բերել Հունաստանի խորհրդարանի հայ-հունական բարեկամության խմբից Պրոկոպիս Պավլոպուլոսը, Հունաստանի այլ բարձրաստիճան զինվորականներ և դիվանագետներ, Հունաստանում հավատարմագրված Վրաստանի, Լիբանանի, Ուկրաինայի, Սերբիայի, Խրովաթիայի, Բոսնիայի, Ղազախստանի դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցիչները, ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Սերբիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Իրանի, Լիբիայի ռազմական, զինվորական, ՌՕՈՒ, ՌԾՈՒ և սպառազինության կցորդների, նրանց օգնականների, ռազմադիվանագիտական կորպուսի դուայեն, ՀՀ-ում հավատարմագրված առաջին հույն դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը, ՀՀ-ում պաշտոնավարած հույն ռազմական կցորդներ, Հունական ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչներ, Հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ կուրսանտների ուսումնառությանն օժանդակող «Երևան» խնամակալ միության ներկայացուցիչներ, Փոքրասիական հույների, պոնտական և ասորական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայկական, հունական, ռուսալեզու և անգլալեզու ազգային-հասարակական և ռազմական ԶԼՄ-ների խմբագիրներ ու թղթակիցներ:
«Հայաստան» լրատու ցանց
Աթենք