Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կհրատարակվի ազգային ատլասի անգլերեն տարբերակը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/01/download-12.jpg)
Ազգային ատլասի Ա հատորի անգլերեն տարբերակը կհրատարակվի մինչ տարեվերջ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանը: 2013 թ-ին թվայնացվել է Ազգային ատլասի Ա հատորի անգլերեն տարբերակի մոտ 100 էջ:
«Կաշխատենք անպայման ավարտին հասցնել այդ աշխատանքները, քանի որ անգլերեն հրատարակությունը կարեւորվում է հատկապես 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»,- ասաց նա:
Հայաստանի Ազգային ատլասի Ա և Բ հատորները հայերեն հրատարակվել են 2006-2008 թթ-ին: Ատլասի Ա հատորում ներկայացված թեմատիկ քարտեզների և բացատրական մասի միջոցով պատկերված են Հայաստանի Հանրապետության և Հայկական լեռնաշխարհի բնության տարբեր ոլորտները` երկրաբանություն, սեյսմոտեկտոնիկա, բնապահպանություն, կլիմա, ջրագրություն, բուսականություն և այլն, բնակչության տեղաշարժերի և տեղաբաշխման սկզբունքները, քաղաքների հատակագծերը, տնտեսության տարբեր ճյուղերի` արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, ինչպես նաև ՀՀ մարզերի վերաբերյալ տարաբնույթ տեղեկատվություն:
Ատլասի Բ հատորում պատկերված են Հայաստանի պատմության կարևորագույն էջերը, մշակույթի տարբեր ճյուղերը, կրոնի ձևավորումը և տարածումը, ինչպես նաև Հայ սփյուռքը և նրա տարածման հիմնական օջախները:
Անդրադառնալով կադաստրային քարտեզներին` Բաշոյանը նշեց, որ 2012-2013 թթ-ին թարմացվել են 24 համայնքների կադաստրային քարտեզները: Այս տարվա բյուջեով եւս նախատեսվում է համայնքների կադաստրային քարտեզների թարմացում: «Կադաստրային քարտեզների պարբերաբար թարմացումը տարածված մշակույթ է ամբողջ աշխարհում»,- ասաց Բաշոյանը:
Կոմիտեի փոխնախագահի խոսքով` կադաստրային քարտեզների ստեղծմամբ եւ գրանցման համակարգն աշխատեցնելուց հետո երկրում զարգացավ հողերի առք ու վաճառքի շուկան, սեփականության իրավունքը դրվեց բարձր դիրքերի վրա, պակասեցին դատական վեճերը:
Հանրապետությունում կադաստրային քարտեզագրումն ավարտվել է դեռ 2006 թվականին: Համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության` կադաստրային քարտեզները համարվում են գրանցման համակարգի հիմնական փաստաթղթերից մեկը, որոնցում արտահայտվում են անշարժ գույքի միավորները, դրանց տեղադրությունը, սահմանները, մակերեսը, կադաստրային ծածկագրերը, տեսքերն ու տեսակները:
armenpress.am