Նվիրում Հովհաննես Չեքիջյանին. «Սահակ-Մեսրոպ» երգչախումբը Հայաստանում

2014 թվականը Հովհաննես Չեքիջյանի տարին է: Ականավոր խմբավարի անունն այսօր հնչում է աշխարհի շատ երկրներում, նրա միջոցով աշխարհը ճանաչեց հայ երգը, նրա միջոցով հայ խմբերգային արվեստը հասավ իսկապես համաշխարհային բարձունքների: Հովհաննես Չեքիջյանի մեծագույն ծառայությունը Կոմիտասին էր ուղղված, քանզի հենց նրա շնորհիվ կոմիտասյան մեղեդիները հասանելի դարձան շատերին, կոմիտասյան երգը դարձավ աշխարհի հայտնագործություններից մեկը: Եվ ահա նշանավոր խմբավարի ծննդյան 85-ամյակին նվիրվել է միջոցառումների շարք, որին ՀՀ Սփյուռքի նախարարության հրավերով եկել է մասնակցելու Մարսելի «Սահակ-Մեսրոպ» երգչախումբը, որը Սփյուռքի ամենանշանավոր երգչախմբերից է, Եվրոպայում մեծ ճանաչում ձեռք բերած համույթ, որի համերգները տեղի են ունեցել եվրոպական տասից ավելի երկրներում:
–Մենք Հայաստան մասնավորաբար Հովհաննես Չեքիջյանին նվիրված համերգաշարին մասնակցելու ենք եկել՝ ինձ համար անչափ սիրելի նախարարուհի Հրանուշ Հակոբյանի հրավերով: Ուրախ ենք, որ նա մեզ հրավիրեց և նաև առաջարկեց գալիք օգոստոսին մասնակցել մեծ համերգին, որը պիտի կայանա Օպերայի և բալետի թատրոնի մեծ համերգասրահի մեջ: Հովհաննես Չեքիջյանը համաշխարհային անուն է: Ստամբուլից գալով Հայաստան և դառնալով ակադեմիկ երգչախմբի ղեկավար՝ նա իր համար ընտրեց հրաշալի ճանապարհ: Եվ այդ ճանապարհը Կոմիտասն էր: Չեքիջյանը յուրովի զգաց Կոմիտասին, նա բացահայտեց կոմիտասյան երաժշտության գաղտնիքները, Չեքիջյանի շնորհիվ Կոմիտասը դարձավ համաշխարհային անուն: Բազմաթիվ կատարումներ ապշեցնում և հիացնում են, կոմիտասյան մեղեդիների մատուցումները դառնում են աղոթք ու ներշնչանք,- մեզ հետ զրույցում ասաց «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի ղեկավար Խաչիկ Յըլմազյանը:
Խաչիկ Յըլմազյանն այս երգչախումբը ղեկավարում է երեսունվեց տարի: Ավարտելով Դորտմունդի պետական երաժշտանոցը՝ նա հրավիրվել է Մարսել և ստանձնել «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի ղեկը՝ նոր շունչ հաղորդելով հայ երգի նվիրյալ համույթին:
–Տասը տարուց ավելի չէր գործել երգչախումբը: Խնդիրներ կային առաջացած, որոնք հարկավոր էր հարթել: Հայտարարություն տվեցինք, և հավաքվեց հարյուրց ավելի երաժշտասեր: Ամեն մեկի մեջ մեծ մղում և ցանկություն կար մասնակից դառնալ երգչախմբի աշխատանքներին: Երգչախումբը նաև կամուրջ էր Սփյուռքում ապրող հայի և հայ երգի միջև: Մարսելի հայ համայնքը հիմնականում միատարր էր, այստեղ գլխավորապես հավաքվել էին Մեծ եղեռնից մազապուրծ հայեր, որոնք տակավին չէին կտրել իրենց կապը հայկականության հետ: Պատահական չէ, որ Մարսելի համայնքը կարելի էր ինքնուրույն հանգրվան անվանել, որովհետև ստեղծված էին բոլոր ազգային, կրթական, մշակութային և, բնականաբար, նաև կեղեցական կառույցները: Հետևաբար երգչախմբի վերհառնումը մեծ ոգևորություն ծնեց ամենքի մոտ: Մեծ ընտրություն կատարվեց. 100 հոգուց ընտրվեց հիսունը: Առաջնային պահանջ էր մասնագիտական կարողությունը, երգելու հմտությունը: Եվ ահա շուրջ երեսունվեց տարի երգչախմբի անդամները, իրենց ամենօրյա աշխատանքից հետո, իրենց գործատեղերում անցկացնելով 8-10 ժամ, գալիս են փորձերի, անսահման նվիրումով երգում: Հայ երգը նրանց համար հոգևոր պահանջմունք է դարձել,- շարունակեց երգչախմբի բազմափորձ ղեկավարը:
Այս երգչախմբի համար էլ առաջին մեծությունը Կոմիտասն է: Կրոնական տոների ժամանակ երգչախումբը կատարում է Կոմիտասի Պատարագը: Կոմիտասի ուշադրությունը ժողովրդական երգի հետ մեկտեղ զբաղեցրել է նաև հոգևոր երաժշտությունը։ Մեծանալով Էջմիածնում, կրթություն ստանալով և աշխատելով հոգևոր ճեմարանում՝ նա չէր կարող անտարբեր մնալ հայ հոգևոր երաժշտության նկատմամբ. այդ իմաստով պատահական չէր նրա կողմից Պատարագի ստեղծումը։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում, կոմիտասյան խնամատար հանձնաժողովի ջանքերով՝ «Դաշնաւորեալ երգեցողութիւնք սրբոյ պատարագի, վասն միասեռ արական խմբի» խորագրով։ Բնագիրը սեւագրությունից վերծանել և խմբագրել է Կոմիտասի սան, կոմպոզիտոր և խմբավար Վարդան Սարգսյանը։ Պատարագը Մարսելի «Սահակ-Մեսրոպ» երգչախումբն առաջին անգամ հնչեցրել է հենց Վարդան Սարգսյանի ղեկավարությամբ: Նա է հիմնել այս երգչախումբը և երկար ժամանակ ղեկավարել: Խաչիկ Յըլմազյանը մեծագույն հարգանքով խոսեց Կոմիտասի աշակերտի ներբերած ձեռքբերումների մասին, կարևորեց այն հանգամանքը, որ Վարդան Սարգսյանի շնորհիվ այս երգչախմբին հաջողվել է հնչեցնել այս բարդագույն ստեղծագործությունը: Կոմիտասյան Պատարագը տարբերվում է բոլոր նախորդ նմանօրինակ գործերից, այդ թվում՝ Մակար Եկմալյանի Պատարագից։ Չնայած վերջինս քննադատության է ենթարկվել Կոմիտասի կողմից իր «Երգեցողությունք Ս.Պատարագի» գրախոսականում, այդուհանդերձ կոմպոզիտորը բարձր է գնահատել Եկմալյանի ստեղծագործությունը՝ անվանելով այն «ներդաշնակության անդրանիկ բուրաստան հայ երգեցողության ամայի անդաստանի մեջ»։ Կոմիտասի Պատարագն առանձնանում է իր ինքնատիպությամբ, համարձակ նորարարական կողմերով և նույնիսկ հագեցած է աշխարհիկ ոգով։ Ահա թե ինչու հայ եկեղեցին այն չէր ընդունում՝ համարելով իր ոգուն անհամապատասխան։ Կոմիտասի ստեղծագործություններից զատ, երգչախմբի երկացանկում ընդգրկված է վեց հարյուրից ավելի ստեղծագործություն ինչպես հայ դասական, այնպես էլ ժամանակակից երգահաններից: Որտեղ էլ հանդես է գալիս երգչախումբը, ներկայացնում է հարուստ հայտագիր՝ այսպես երգը դարձնելով հայապահպանման կարևորագույն կռվաններից մեկը:
…Երեկոյան պիտի կայանար համերգը: Ես նստած էի դահլիճում և մեծագույն ուշադրությամբ հետևում էի Խաչիկ Յըլմազյանի վարած փորձին: Նրա ձեռքերը մերթ բարձրանում ու մերթ էլ իջնում էին, նա մերթ ներշնչված ու ոգևորված ղեկավարում էր ստեղծագործությունը, մերթ էլ ձեռքերը կողքի տարածում՝ խնդրելով դադարեցնել երգը: Ու սկսում էր կիսաձայն բացատրություններ տալ, մեկնաբանել հատվածը, ապա նորից առաջարկել երգչախմբին կատարել հատվածը՝ հաշվի առնելով իր դիտողությունները:
–Հովհաննես Չեքիջյանը համաշխարհային խմբավարական արվեստում իր դպրոցը ստեղծեց, որն իսկապես բացառիկ է: Այդ դպրոցի ավանդույթներն այսօր ուսանելի են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի երաժիշտների համար: Ամեն մեկը պիտի փորձի այդ դպրոցի դասերն անգիր սերտել, որովհետև Չեքիջյանը բոլորին պարտադրում է երգչախմբային արվեստում իր մոտեցումներն ու իր հաստատումները: Մենք էլ ենք փորձում ընթանալ այդ դպրոցի ավանդույթների միջով: Ուստի այսօր մեզ համար մեծ քննություն է՝ երգել Հովհաննես Չեքիջյանի համար,- մեր զրույցն ամփոփեց Խաչիկ Յըլմազյանը:
Լևոն Մութաֆյան