ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին

Հունվարի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Հանդիպմանը մասնակցում էր նաև նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը:

Սփյուռքի նախարարը ողջունեց և շնորհավորեց դեսպանին Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու կապակցությամբ: Իր խոսքում նախարարը կարևորեց Իտալիայի հայ համայնքի դերն ու նշանակությունը երկրի հասարակական, մշակութային կյանքում: Խոսվեց Մխիթարյան Միաբանության՝ որպես հոգևոր և մշակույթային կենտրոնի կատարած աշխատանքների, հայ-իտալական բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի Իտալիա կատարած այցերի մասին: Նախարարը նշեց, որ հայ համանքը Իտալիայում ակտիվ է՝ գործում են ամենօրյա և մեկօրյա դպրոցներ, հայկական եկեղեցիներ, մի շարք այլ մշակույթային կենտրոններ:

Դեսպան Ռիչուլլին նշեց, որ շատ ուրախ է Հայաստանում դեսպանի պարտականությունները ստանձնելու համար: Նրա խոսքով, հայերն ու իտալացիները մշակութային առումով շատ նման են միմյանց, և հայերը շատ լավ են ընդունում իտալական մշակույթը: Նա հույս հայտնեց, որ էլ ավելի կզարգանան երկու երկրների միջև մշակութային, տնտեսական կապերը: Դեսպանի վկայությամբ՝ ինքը կփորձի սովորել հայերեն, որին ի պատասխան՝ Հրանուշ Հակոբյանը հավելեց, որ դա մեծ պատիվ և հպարտություն կլինի հայերի համար:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին մաղթեց բեղմնավոր և արգասաբեր աշխատանք, հաջողություններ և նոր ձեռքբերումներ հայ-իտալական հարաբերություններում:

Scroll Up