Գլենդելում տեղի կունենա Ղարաբաղում զոհված զինվորի հոգեհանգստի արարողություն
ԱՄՆ-ում Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության արեւմտյան հատվածի կենտրոնական կոմիտեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայող Արմեն Հովհաննիսյանի սպանությունը Լեռնային Ղաչաբաղի Հանրապետությունում: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Կենտրոնական կոմիտեի հայտարարության մեջ ասվում է. «ԱՄՆ-ում Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության արեւմտյան բաժնի կենտրոնական կոմիտեն եւ տարածաշրջանի մեր բոլոր անդամները հարգանքով խոնարհվում ենք հերոս Արմեն Հովհաննիսյանի հիշատակի առաջ, ով ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհվել է: Մենք վճռականորեն քննադատում ենք Ադրբեջանի սադրիչ գործողությունները եւ հաստատում ենք մեր անբեկանելի միասնականությունը մեր ժողովրդի անվտանգության երաշխավորի՝ զինված ուժերի հետ: Նահատակությունը հանուն հայրենիքի ՀՅԴ աչքերում ամենավեհ զոհաբերությունն է, իսկ Արմեն Հովհաննիսյանը դրա վառ օրինակ է, ով ցուցաբերեց իր հերոսությունը»:
ԱՄՆ-ում Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության արեւմտյան բաժնի կենտրոնական կոմիտեն նաեւ հաղորդել է, որ կիրակի քալիֆորնիական Գլենդել քաղաքի Սուրբ Մարիամ եկեղեցում տեղի կունենա Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողություն: Արարողությունից անմիջապես հետո եկեղեցու բակում գտնվող հայկական խաչքարի առջեւ տեղի կունենա համայնքի ժողով:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի հյուսիսարեւելյան շփման գծում(Ջրաբերդ) եւ հարավարեւելյան գծում(Կորգան) գրանցվել են ադրբեջանական ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձեր: Ռազմական գործողությունների կատարման ընթացքում զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը: