Արտամարմնային բեղմնավորմանն աջակցող «Արագիլ» հիմադրամը գրանցել է գոհացուցիչ արդյունքներ

Արտամարմնային բեղմնավորման միջոցով երեխա ունենալու նպատակով «Արագիլ» հիմնադրամին դիմել է 300 զույգ, որոնցից 100- ն ուղարկվել է տարբեր կենտրոններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Արագիլ» հիմնադրամի փորձագետ Կարինե Թոխունցը:
«Հիմադրամը գործում է անապահով ընտանիքների համար, որոնց միջին ամսական եկամուտը չպետք է գերազանցի 200 հազար դրամը: Արդեն 300 զույգ դիմել և անցել է նախնական բժշկական հետազոտություն, որոնցից 100-ն ուղարկվել է տարբեր կենտրոններ: Մյուս զույգերին չենք ուղեգրում, քանի որ սկզբից էլ հաստատել էինք, որ պետք է աշխատենք այն կենտրոնների հետ, որոնք ամենաարդյունավետն են: Մարտին կամփոփենք վերջնական արդյունքները և կհրապարակենք այն կենտրոնների ցանկը, որոնք աշխատելու են հիմնադրամի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Անահիտ Թոխունցը:
Վերարտադրողական առողջության հայկական ասոցացիայի նախագահ, բ.գ.դ, գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանի խոսքով` Հայաստանում յուրաքանչյուր վեցերորդ զույգը տառապում է անպտղությամբ, իսկ բժշկական ծառայությունները բավականին թանկ են:
«Անպտղաբերության առաջացման պատճառները բազմաթիվ են` հորմոնալ խանգարումներից սկսած, ավարտած սննդակարգով և ապրելակերպով: Կանանց մոտ առկա է 22 պատճառ, իսկ տղամարդկանց մոտ դրանք 18-ն են: Միևնույն ժամանակ, բարձր են դրանց վերացման բժշկական ծառայությունների գները: Ստեղծվել էր պահանջարկ-առաջարկի անհավասարակշռություն. զույգերը չէին դիմում ֆինանսական դժվարություններից ելնելով: Առաջացավ «Արագիլ» հիմնադրամի ստեղծման անհրաժեշտությունը: Դիմեցինք ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ում բարձր հովանու ներքո էլ գործում է հիմնադրամը»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը:
Բանախոսների հավաստմամբ` մեծ է զույգերի ակտիվությունը, իսկ արդյունքները` հաճելիորեն զարմացնող: «Արդեն ունենք 22 զույգ` որպես շահառուներ: Ի զարմանս մեզ` շատ լավ արդյունքներ են գրանցվում` համաշխարհային միջին վիճակագրության համեմատ»,- ասաց Անահիտ Թոխունցը` հավելելով, որ «Արագիլ»-ի շնորհիվ լույս աշխարհ է եկել եռյակ: «Մոր և մանկան առողջության կենտրոնում ծնվել է մեկ եռյակ, առկա է մեկ հղիություն, ևս մեկ հղիություն` զույգով: Այսինքն` կատարվել է չորս ցիկլ, բոլորն էլ հաջողությամբ են պսակվել»,- ասաց Անահիտ Թոխունցը` ներկայացնելով նաև այլ կենտրոններում գրանցված արդյունքները, որոնք ևս հուսադրող են:
«Հիմնադրամի միջոցները գոյանում են բարեգործների կամավոր հանգանակություններից: Առայժմ դիմող բոլոր զույգերին տրամադրվում է մեկ փորձ, քանի որ բուժման կարիք ունեցողների թվաքանակը շատ մեծ է: Մեկ զույգի մեկ փորձի համար անհրաժեշտ է առավելագույնը 1 միլիոն 600 հազար դրամ` ներառյալ բժշկական միջամտությունն ու դեղորայքը: Այդ գումարի մեջ չի մտնում նախնական հետազոտությունը`150-200 հազար դրամ »,- ասաց Անահիտ Թոխունցը:
«Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որն ունի առողջապահական, բարեգործական և այլ հանրօգուտ նպատակներ: Հիմնադրվել է 2011թ. ապրիլի 18-ին՝ հիմնադրի որոշմամբ: Հիմնադիրն է «Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:
http://armenpress.am/