Հոբելյանական տարվա մեկնարկը՝ Լոս Անջելեսում

2014-ը  Տիգրան Մանսուրյանի տարին է: Եվ ահա հոբելյանական տարվա մեկնարկը տրվեց Լոս Անջելեսում, որտեղ այս օրերին գտնվում է մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտորը: Լոս Անջելեսի հայտնի Zipper սրահում տեղի է ուենեցել Տիգրան Մանսուրյանի հոբելյանական համերգը: Մեծ կոմպոզիտորի ներկայությունը խանդավառությամբ է ընդունել դահլիճը, որտեղ գտնվում էին ոչ միայն հայեր, այլև օտարազգիներ, Մանսուրյանի ստեղծագործության գիտակներ և երկրպագուներ: Հնչել են նրա` տարբեր տարիների գրված ստեղծագործություններից, որոնք ամբողջական պատկերացում են ձևավորել բազմաժանր ու ինքնատիպ կոմպոզիտորի մասին:

«Դիլիջան» կամերային երաժշտության համերգաշարի շրջանակում Լարք երաժշտական ընկերակցության հետ համատեղ կազմակերպված համերգի ընթացքում ներկայացվեցին Տիգրան Մանսուրյանի 50 տարվա ստեղծագործական կյանքի տարբեր շրջանների գործեր, այդ թվում ` վաղ շրջանի գործերից` թավջութակի և դաշնամուրի համար գրված սոնատը և երկու տարի առաջ գրված «Ձոն Լոտոսին» ստեղծագործությունը: Այս ստեղծագործությունները հնչեցին «Դիլիջան» կամերային նվագախմբի և համերգին մասնակցող այլազգի երաժիշտների կողմից, որոնք բազմիցս նշեցին, որ երջանկություն է կատարել Մանսուրյանի ստեղծագործությունները, որոնք իրենց մեջ մեծ առեղծված են պարունակում: Նշենք, որ շատերն իրենց համար բացահայտում էին նոր ու անսովոր Մանսուրյանի, քանզի երաժշտասերներից շատերին ծանոթ էր լոկ նրա կինոերաժշտությունը, մինչդեռ դասական երաժշտության մեջ ներբերած նրա նշանակալի ձեռքբերումներն ու յուրատիպ նորարարությունը ոչ միշտ են ներկայացվել լայն հանրությանը:  Բարդ է Մանսուրյանի երաժշտությունը, ուստի նրա կատարումն ու ընկալումը ևս պահանջում է կենտրոնացում: Եվ ուրախալի էր, որ Լոս Անջելեսում կայացած համերգից մարդիկ հեռացան գոհունակությամբ՝ անհամբերությամբ սպասելով նոր համերգին:

Լ.Մ.

Scroll Up