«Դուք կարծում եք՝ ինձ կարո՞ղ եք մոռանալ…»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/01/unnamed4.jpg)
Աստղիկ Սարգսյանի «Դուք կարծում եք՝ ինձ կարո՞ղ եք մոռանալ…» էսսե–հուշգիրքը, որ նվիրված է հայ մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին, ներառում է իր մեջ և՛ կարոտ, և՛ ափսոսանք, և՛ գնահատում, և՛ պատգամ,…
Հեղինակն իր անձնական հուշերով և ճանաչությամբ ներկայացնում է Մեծ մարդու և Մեծ մտածողի կերպարը…
Աժեզրկված չափանիշների ժամանակներում, ամեն պարագայում Ս. Կապուտիկյանի միշտ բարձրության վրա գտնվելու փաստը։ Նրա հոգեվիճակը, մտահոգ ահազանգերն ու սերունդներին հայեցի դաստիարակելուն ուղղված խոսքը, իմաստուն խրատներն ու ողջախոհ ապրելու պատվիրանները։ Նրա տաղանդի, անկրկնելի ոճի, նրա տողերի մտքի ու ոգու մասին։ Եվ վերջապես՝ բանաստեղծուհու չհուսահատվող, ապագայի հանդեպ ունեցած հույս ու հավատի, արժանապատվության մասին։
Ս. Կապուտիկյանն ասում է .
–Սեղմիր ատամդ, դու ամենքի մոտ
Բացեիբաց լալու իրավունք չունես։
Թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ,
Զենքերդ տալու իրավունք չունես։
Դո´ւ հայ բանաստեղծ, ինչ էլ որ լինի,
Վերջին զինվորդ էլ ընկնի հուսահատ,
Քո ժողովրդի հավերժությանը
Չհավատալու իրավունք չունես։
Աստղիկ Սարգսյանը ընդգծում է այն միտքը, որ բանաստեղծուհու հետ անձամբ շփման տարիներն իր համար արժեր մի ողջ գիտակցական կյանք։
«Չէ՞ որ մի ողջ գիտակցական կյանք ինքը՝ բանաստեղծուհին, անձնապես շփվել և ձևավորվել է հայ անվանի մեծերի միջավայրում։ Եղել է նրանց սիրելի սանն ու ընկերը։ Եվ այդ բոլորը՝ ինչ ուներ բուռ–բուռ ափի մեջ , ողջը ստեղծագործություններում փոխանցեց մեզ»–գրում է հեղինակը։
Գրքում շատ հաճախ և մեծ ցավով է խոստովանում Ա. Սարգսյանն իր ափսոսանքը, որ շատ ուշ ճանաչեց իսկական Սիլվա–երևույթին։
Ինչպես ասում է Պ.Սևակը՝
–Ես այն հասկացա և շատ էլ ցավով,
Որ ծառի բնի բուն հաստությունը,
Կտրվելուց հետո է միայն երևում։
Կարծում եմ՝ այդ առումով հեղինակը միակ մեղանչողը չէ։
Նա տարիների հեռավորությունից գտնում է, որ Մեծամայր Սիլվային ուշ հասկացանք։ Բայց, դե, ո՞ր երիտասարդն է ժամանակին ծնողին հասկանում։
Ահա թե ինքը՝ բանաստեղծուհին, ինչպես է դա բնութագրում.
–Այն ո՞ր ջահելն է կյանքով տարվելիս
Հասկանում մորը, թափանցում հոգին,
Մորդ, այդպես էլ քո ժողովրդին,
Զգում ես խորո՜ւնկ տարիքդ առնելիս:
Ս. Կապուտիկյանի կերպարն ամբողջական չէր լինի, եթե հեղինակը չներկայացներ բանաստեղծուհուն նաև որպես անզուգական մայր, հա՜յ մայր, և եթե չխոսվեր Արա–Շիրազի մասին.
.– Ինչ բարիք էլ տամ աշխարհին,
Ամենալավ բերքս դու ես,
Գիտեմ, երգս ինչ էլ դառնա,
Ամենավառ երգս դու ես,
Ախ, մեր մեղքի ցավը պահած
Անմեղ, անմեղ քո աչքերում,
Հոր ու մոր մեջ մոլոր բալիկ,
Ամենախոր վերքս դու ես…
Գրքում ափսոսանքով է նշվում նաև բանաստեղծուհու՝ կանացի երջանկությունը չգտած իրողության մասին։
Ահա թե ինչ է գրում այդ մասին Ա. Սարգսյանը. «Այո՛, Սիլվան փառքի առումով ոչ միայն բազում բարձունքներ նվաճեց, այլև…«Վայրի ժայռեր», բայց սիրո և անձնական երջանկության հարցում բախտը նրա համար , այդ նույն «Վայրի ժայռի ծայրի քմահաճ կակաչը» եղավ։
Տեղին է հիշատակված նաև այն փաստը, որ Հայրենիք–Սփյուռք հաղթանակի կամուրջը Ս.Կապուտիկյանն է հիմնադրել։
«Եվ իզուր չէ ,որ նրա «Քարավանները դեռ քայլում են» գրքի և մնացյալի համար ժողովուրդն իր ժամանակին և ըստ արժանվույն գնահատեց բանաստեղծուհուն՝ նրան շնորհելով գրականության գծով Պատվավոր ակադեմիկոսի կոչում»–մեկ անգամ ևս ընդգծում է Ա. Սարգսյանը ակադեմիկոս Ջրբաշյանի խոսքը։
Օտար- ամայի ափերում դեգերող տարաբախտ հայրենակիցների մասին մտորումների պտուղ է նաև «Սփյուռքահայ բարեկամներիս» բանաստեղծությունը.
– Իմ հա´յ ժողովուրդ, իմ բազմաշնո´րհ,
Աշխարհի այգու մի ծայրում բուսած
Ընկուզենի ես՝ դարավոր ու նոր։
ՈՒ այնքան փոքր է հողը ոտքիդ տակ,
Իսկ դու այնքան հոծ ու ճյուղատարած,
Որ պտուղներդ դարեր շարունակ
Քո արյամբ սնված՝ թափվում են հեռվում՝
Օտար ճամփեքին, օտարի հողում…
Աստղիկ Սարգսյանն ուրախությամբ է նշում բանաստեղծուհու՝ ժամանակին Հայաստանում կիրառած անգլիական Հարվարդի համալսարանի մեթոդի առավելության մասին.–«Գրական միջոցառումներն ու դահլիճներն ավելին են ուսուցանում սերնդին, քան մեկ կիսամյակ տևող դասընթացները։ Գիտական, գրական ասուլիսներն ու նշանավոր մարդկանց երեկոները բազմակի անգամ օգնում են, որ վեր կանգնենք կենցաղայինից, որ մեզ ավելի հպարտ ու բարձր զգանք»–գրում է հեղինակը։
ԵՎ ինչպես Ս.Կապուտիկյանի, այնպես էլ մեր մյուս մեծերի զորավիգ շունչն է մեզ վեր քաշում գաղջ առօրյայից դեպի իրենց ոգեղեն բարձունքները։
–Ջահել չես, հագի´ր վերարկուդ,
Շու´տ հագիր, ձմեռ է գալիս,
Իրար բեր դուռ ու լուսամուտ
Ու փակի´ր, ձմեռ է գալիս,
Սուտ մարդկանց ականջ մի՛ կախիր,
Մի՛ վիճիր, ժամանակ չկա,
Չթողնես բերքերդ ձյան տակ,
Հավաքի´ր, ձմեռ է գալիս։
«Այս շարքն ամբողջությամբ ողջախոհ ապրելու մի պատվիրան է։
«Յոթ տասնյակ տարի» ժողովածուում ընթերցողը կտեսնի լայնածավալ ու շքեղ տաղանդով մի բանաստեղծի, գրողի, հրապարակախոսի, քաղաքական գործչի և եզակի տաղանդով կնոջ, Մեծ մտածողի մոտ իննսունամյա կյանքը։ Իր ողջ բերքն ու բարիքը հավաքել, ամբարել է սույն ժողովածուում ու թողել իր ապագայի ընթերցողին։ Նրա յուրաքանչյուր ժողովածուն ուղղակի դասագիրք է, ապրելու ձեռնարկ։
Ահա սա է իմ Սիլվան»–հիացած շեշտում է հեղինակը։
Եվ հիմա նա կոչ է անում ողջ աշխարհասփյուռ հայությանը. «Որպես անմահության կոթող, եկեք կանգնեցնենք նրա հուշարձանը այն մեկիկ–մեկիկ մարգարտաշար հուշերից, որ ապրում են բոլորիս մեջ։
Ս.Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն»–ը ապագայում կամրագրվի մեր Սահմանադրությանը, վստահ ասում է Ա. Սարգսյանը, իսկ Գրողների միության համագումարում բանաստեղծուհու կարդացած «Ազգային դիմադրություն» ելույթը, ըստ հեղինակի , պետք է դիտվի որպես հայապահպանության ծրագիր։
«Պանթեոնում կկառուցվի մեր Մեծերի տուն–թանգարանը,որտեղ նոր սերունդները կզորանան պանթեոնականների ոգով, արժանապատվությամբ,Սիլվայով…
Կգա ժամանակը, որ սերունդները կգրեն նրա մոնումենտալ քանդակին . Նա հաղթեց մահին»,- համոզված շեշտում է «Պանթեոն» հիմնադրամի նախագահ Աստղիկ Սարգսյանը։
–Դու հեռացար…բայց ես գիտեմ, ես գիտեմ,
Ուր էլ լինես, ես քեզ հետ եմ,ես կգամ,
Քո հոգու մեջ ես այնքան շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա…
Ո՛չ, չես կարող, ինձ չես կարող մոռանալ…
Ամալյա Իսայան , Մոսկվա
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ