Իվան Գալստյան. «Հայրենիքը իմ տունն է, ուր պիտի անպայման վերադառնամ»

2014թ.Սփյուռքի նախարարությունում հյուրընկալված առաջին հյուրերից է ՌԴ-ից Հայրենիք ժամանած Զելինոգրադի հայկական համայնքի նախագահ Իվան Գալստյանը, ում հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

Բարով եք եկել Հայրենիք, պարո՛ն Գալստյան … Կպատկերացնեի՞ք, որ Հայաստանում այսպիսի ցուրտ ձմեռ է …  

– Շնորհակալություն: Ասեմ, որ եկել եմ Մոսկվայից, Զելինոգրադից, ուր ջերմաստիճանը դրական էր` +4, +5… Չէի պատկերացնում, որ Հայաստանում Հյուսիսի ձմեռ է, և այնուամենայնիվ, Հայրենիքում տարվա բոլոր եղանակներին մի ուրիշ ջերմությամբ ես լցվում:

Քանի՞ տարի է, ինչ բնակվում եք ՌԴ-ում…

– 20 տարի առաջ եմ գնացել Հայաստանից … Դժվար տարիներ էին` մութ, ցուրտ, մի տեսակ անհեռանկար … Իմ տեղափոխվելը շատ հապճեպ ստացվեց, սկզբում միայն ես գնացի, հետագայում` ընտանիքս էլ տեղափոխվեց: Սկզբում շատ դժվարություններ ունեցանք` կապված աշխատանքի որոնումների հետ: Դժվարություններ այն տարիներին էլ կային, հիմա էլ դրանք առկա են:

Ի՞նչ մասնագիտություն ունեք, որով կարող էիք, փորձում էիք աշխատանք գտնել, ոտքի կանգնել և քիչ թե շատ հաղթահարել Ձեր առջև ծառացած դժվարությունները:

– Ես գերազանցության վկայականով ավարտել եմ Երևանի թիվ 2 տեխնիկական ուսումնարանը: Պոմպերի, կոմպրեսատորների, մեքենաների մասնագետ եմ: Ուսումնարանն ավարտելուց հետո աշխատանքի եմ անցել «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում: Մեկ տարի անց նույն ուսումնարանում 4 տարի դասավանդել եմ իմ մասնագիտական առարկաները: Ասեմ, որ այս մասնագիտությունը թե՛ խորհրդային տարիներին, թե՛ հիմա մեծ պահանջարկ ունի: Ունեցել եմ 160 աշակերտ, 4 շրջանավարտ, որոնցից մի քանիսը նախարար դարձան, աշխատեցին հեռուստատեսային ոլորտում. չեմ կարող չհիշատակել իմ շատ սիրելի աշակերտ երջանկահիշատակ Սպիրիդոն Համբարձումյանին, ով Հ-1-ում էր աշխատում, իմ աշակերտներից էր Խորհրդային տարիներին գործկոմի նախագահ Ռաֆայել Բագոյանը, Հովհաննես Շիրազի հետ շատ մտերիմ Շահեն անունով մի հրաշալի երիտասարդ, ում անվանում էինք Շիրազի տղա… Ինքս էլ եմ շատ մոտ եղել Շիրազի հետ:

Պարո՛ն Գալստյան, քանի որ խոսեցինք Շիրազից, պատմեք այդ օրերի մասին:

– Շատ եմ շփվել, հետաքրքիր զրույցներ ունեցել Շիրազի հետ: Մի ծանոթուհի ունեի` Հասմիկ Գյադուկյանը, ով հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի էր և դասավանդում էր Զեյթունի այն դպրոցում, ուր հետագայում ստեղծեցինք Շիրազի թանգարանը: Հասմիկ Գյադուկյանը պաշտում էր Շիրազին, նրա պոեզիան, և Շիրազի մահից հետո որոշվեց այդ ֆիզմաթ դպրոցում, ուր նաև իմ տղան էր սովորել, ստեղծել Մասիսերգակ ու մայրապաշտ գրողի թանգարանը: Ես թանգարանին նվիրեցի 150 տարվա պատմություն ունեցող մի բրոշյուր` Լորիս Մելիքովի մասին: Շատ մեծ կորուստ էր Շիրազի մահը. նրա թաղման արարողությանը ասես ողջ Հայաստանն էր մասնակցում, ինքս էլ էի այնտեղ և շատ շատերի հետ չկարողացա ներս մտնել Պանթեոն, որովհետև մարդիկ դեռ առավոտից արդեն այնտեղ էին, և ասեղ գցելու տեղ չկար: Այս այցելությանս ընթացքում պիտի գնամ նաև այդ դպրոց, քանի որ շատ երկար ժամանակ կապ չեմ ունեցել: Դրանից հետո սկսվեց ղարաբաղյան շարժումը, երկրաշարժ եղավ, արտագաղթ և այլն…

Դուք ի՞նչ էիք անում այդ տարիներին:

– Այդ ժամանակաշրջանում Մոսկվայում ես ծանոթացա ակտիվ և հայանպաստ քաղաքականություն վարող հայերի հետ. հայրենասիրական մեծ ակցիաներ էինք կազմակերպում: Այդ ժամանակ կար «Ղարաբաղ» կոմիտե, «Կռունկ» կոմիտե, շփվել եմ բոլորի հետ, և պայքարել ենք: Այդ հայրենասիրական շարժման ակտիվիստներից ուզում եմ հիշել հայտնի նկարիչ Կորյուն Նահապետյանին, ով շատ մեծ ավանդ ունի Մոսկվայում, ՌԴ-ում հայերի ինքնահաստատման, հայրենասիրության դրսևորման գործում: Հայոց Եղեռնի 80-րդ տարելիցին՝ ապրիլի 24-ին, պաստառնեով շարժվեցինք դեպի թուրքական դեսպանատուն, և Կորյուն Նահապետյանը շատ խրոխտ ելույթ ունեցավ: Մեծ բազմություն էր հավաքված. դեսպանատան լուսամուտներից վախվորած մեզ էին նայում. նրանք տեսան հայի ուժը: Այսպես է տպավորվել իմ մեջ Կորյուն Նահապետյանը:

Դուք Ձեզ գործարար համարո՞ւմ եք:

– Ես արտադրության մարդ եմ, թեև մի 10 տարի Մոսկվայում եղել եմ բիզնեսի ոլորտում: Գործարարությունն ինձ համար միշտ մղվել է ետին պլան. ընտրել էի դժվար ոլորտ, ծախսերը շատ էին, հարկավոր էր ունենալ տրանսպորտ, նյութեր… Թեև 5-6 տարի աշխատեցինք, սակայն տեղի գումարը և մնացած այլ ծախսերը շատ էին, և չարդարացան իմ հույսերը:

Խոսենք համայնքի մասին. քանի՞ տարվա պատմություն ունի Զելինոգրադի հայկական համայնքը:

–  15 տարվա պատմություն ունի: 1998թ. մեր ընկերների աջակցությամբ (Նորայր Մուրադյանի, Ռազմիկ Մադոյանի, Ռոման Հարությունյանի և այլոց) ստեղծեցինք մեր Հայկական ազգային մշակութային միավորումը: Կային մանր-մունր կազմակերպություններ, որոնք ցրված էին. միավորվեցին բոլորը «Միացում» կազամկերպության մեջ (այն ստեղծել էր Նորայր Մուրադյանը), որը հետագայում դարձավ Մոսկվայի հայկական համայնք: Զելինոգրադում ապրում է մոտավորապես 2300-2500 հայ, իսկ փաստացի գրանցվածները 1700-ն են: Այժմ Հայկական ազգային մշակութային միավորումում ընդգրկված է մոտ 500 մարդ` հաջողակ գործարարներ, շինարարներ, բժիշկներ, ստեղծագործող անհատներ: Բոլորը մասնակցում են քաղաքում ծավալվող հետաքրքիր և կարևոր միջոցառումներին, հայկական ազգային տոնակատարություններին: Միշտ ուշադրության կենտրոնում է Ապրիլի 24-ը` Հայոց եղեռնի զոհերի հիշատակման օրը: Ունենում ենք մարզական միջոցառումներ, օրինակ` նարդու մրցաշարը, որին մասնակցում են և՛ հայերը, և՛ ռուսները, և՛ վրացիները: Համայնքում գործում է «Ախթամար» պարային համույթը, որը ղեկավարում է Ելենա Շամոյանը: Պարախմբում չկա տարիքային սահմանափակում. պարում են ոչ միայն հայերը, այլև ռուսները:

Համայնքն ունի՞ եկեղեցի, կիրակնօրյա դպրոց:

– Եկեղեցի չունենք. մի խաչքար ունենք միայն: Մկրտության և ամուսնական ծեսերի համար գնում ենք Մոսկվա. մեքենայով ընդամենը մի 20 րոպեի ճանապարհ է: Միտք ունեմ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ Զելինոգրադի, Մոսկվայի հայ գործարարների, բարեգործների օգնությամբ մի վեհաշուք խաչքար կառուցել: Որոշել եմ դիմել Պուտինին կամ մեր քաղաքապետին, որ Զելինոգրադում մի տարածք տրամադրվի` կառուցելու Հայ մշակույթի կենտրոն: Չնայած ունենք թե՛ երգի, թե՛ պարի խմբեր, սակայն մեզ հարկավոր է մշակույթի տուն, ուր կունենանք դասարաններ, կստեղծենք նաև այլ խմբեր, կընդլայնենք մեր գործունեությունը: Առայժմ որևէ ժողով, հանդիպում, միջոցառում կազմակերպելու համար դիմում ենք Զելինոգրադի մշակույթի տան ղեկավարներին, ովքեր մեծ հաճույքով այդ օրը տեղ են տրամադրում մեզ, իսկ կիրակնօրյա դասերն անց ենք կացնում տեղի մանկական կենտրոնում:

Պարո՛ն Գալստյան, ինչո՞վ են զբաղվում հայերը Զելինոգրադում, ո՞ր ոլորտներում են ավելի շատ ընդգրկված մեր հայրենակիցները:

– Զելինոգրադում հայերի մեծ մասը զբաղված է գործարարությամբ. ունենք 3-4 խոշոր գործարարներ, մյուսների բիզնեսն ավելի փոքր է, ունենք մոտ 8-10 լավ ուսուցիչներ, բժիշկներ, արհեստավորներ, շատերը շինարարական կազմակերպություններ ունեն: Մարդիկ կարողանում են ապրել և օգնել նաև Հայրենիքում ապրող իրենց հարազատներին:

Հայերն իրար հետ հաշտ ու համերա՞շխ են, և ինչպիսի՞ հարաբերություններ են ձևավորված մյուս ազգությունների հետ:

– Դա շատ ցավոտ հարց է. եթե ասեմ, թե ՌԴ-ում, Զելինոգրադում, Մոսկվայում ապրող հայերն իրար հետ բացարձակապես հաշտ ու համերաշխ են, սուտ կլինի: Պարզապես, գտնվելով օտարության մեջ, մի քիչ սթափ են իրենց պահում: Շատ բաներ կան, որ ինձ բոլորովին դուր չեն գալիս: Լավ հարաբերություններ են ձևավորված առավել քաղաքակիրթ մարդկանց միջև, ասենք` մտավորականների, բիզնեսմենների, իսկ առհասարակ տարբեր ազգությունների մարդկանց միջև լինում են և՛ վեճեր, և՛ տհաճ միջադեպեր: Տեղացիներից շատերն անգամ չգիտեն, որ հայերը քրիստոնյա են: Մեր հրաշալի քանդակագործ Ֆրիդ Սողոյանի քանդակը` հայ և ռուս աղջկա, որը միավորված է քանդակի ներքևից մինչև սրտի հատվածը մի մեծ խաչով, մեծ խորհուրդ ունի երկու քրիստոնյա ազգերի համար: Տեղացիներից շատերը` թեև կարդացած, զարգացած, գաղափար անգամ չունեն Հայոց եղեռնի մասին: Մենք պիտի տեղեկատվական դաշտում ակտիվ լինենք և անընդհատ ներկայացնենք մեր երկիրը, մեր պատմությունը, մեր մշակույթը:

Այսինքն` դրսում հայերին չճանաչելու փաստը տեղեկատվության պակասն է…

– Այո՛: Չկան հայկական հեռուստահաղորդումներ, որոնք ներկայացնում են մեր պատմությունը, մեր ավանդույթները, մեր գրողներին, մեր պատմամշակութային հուշարձանները, մեր աշխարհագրությունը, մեր քարտեզները: Քարտեզագրության մասին մի հաղորդում կար, որը ուշ գիշերով էին ներկայացնում. ո±վ պիտի նայի այդ ժամին: Համացանցում պետք է շատ ակտիվ աշխատել:

Զելինոգրադի հայկական ընտանիքներում պահպանվո՞ւմ է մայրենին:

– Այո՛: Իմ ընտանիքը ևս հայախոս է. թե՛ աղջիկս, թե՛ երկու տղաներս, թե՛ թոռս, թե՛ կինս սրբությամբ են պահպանում մայրենին: Ասեմ, որ թոռնիկս ծառայում է Արցախում:

Քանի՞ տարի չեք եղել Հայրենիքում:

– 7 տարի… Եվ շատ մեծ է կարոտս: Շատ փոփոխություններ եմ տեսնում:

Որքա՞ն ժամանակ է, որ դարձել եք ՀՀ սփյուռքի նախարարության բարեկամը:

– Նախ ասեմ, որ Սփյուռքի նախարարությունը դեռ 20 տարի առաջ պիտի ստեղծվեր. շատ ուշ ստեղծվեց, բայց ուրախ եմ, որ կա և արդեն 5 տարեկան է: Ես կարծում եմ, որ Սփյուռքի նախարարությունը պիտի ավելի մեծ տարածք ունենա շենքային առումով և պիտի ավելի ընդլայնվի: Շատ գործեր է անում նախարարությունը, բայց անելիքներ դեռ շատ կան. պետք է ուժեղացնել, շատացնել քարոզչական աշխատանքը` կապված Ցեղասպանության, մեր պատմական տարածքների հետ, պիտի տպագրել Ծովից ծով Հայաստանի, հայկական բոլոր նահանգների, Արցախի քարտեզները և բաժանել Սփյուռքի հայկական համայնքներին: Անհրաժեշտ է ավելի շատ ֆիլմեր նկարել մեր պատմության անցած ճանապարհների մասին, ցույց տալ խեղաթյուրումները: Մի խոսքով` քարոզչություն, քարոզչություն…

Պարո՛ն Գալստյան, մեր զրույցի ընթացքում դժվար չէր հասկանալ, որ Դուք, 20 տարուց ավելի գտնվելով օտարության մեջ, պահպանել եք հայի ինքնությունը, եղել  ու մնացել եք հայրենասեր… Ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:

– Հայրենիքն ինձ համար ամենավեհ զգացմունքն է, Հայրենիքն իմ տունն է, ուր պիտի անպայման վերադառնամ, Հայրենիքն իմ հայկական անձնագիրն է, որը դեռ չունեմ… ՌԴ-ի պաշտպանության առաջին նախարարի` Գրաչովի հետ շատ եմ հանդիպել, մտերիմ էինք. նա միշտ հպարտանում էր Հայաստանի քաղաքացիության իր անձնագրով… Դե պատկերացրե՛ք, թե ինձ համար ինչ մեծ արժեք ունի Հայաստանի քաղաքացիության անձնագիրը:

Ինչի՞  կամ ո՞ւմ մասին կցանկանայիք խոսել, որին ես չանդրադարձա…

–  Շատ կարևոր է Ձեր այս հարցը. Նորատ Տեր-Գրիգորյանցի մասին կուզեի խոսել, վերջերս նա ստեղծել է հասարակական մի կազմակերպություն` Արևմտյան Հայաստանի հետնորդների հայրենակցական միություն, որը գրանցված է ՄԱԿ-ում: 20 տարի է, ինչ ճանաչում եմ այդ մեծ հայրենասերին` Նորատ Տեր-Գրիգորյանցին, և հաճախ եմ նրան հանդիպում Մոսկվայում կազմակերպվող միջոցառումների ժամանակ: Նա հայապահպան և հայանպաստ մեծ գործունեություն է ծավալել, որին ես էլ իմ փոքրիկ լուման եմ ունեցել: Նա ինձ համար Մեծ հայ է, նա լավագույն հայերից մեկն է, ռազմական հրաշալի ստրատեգ, նրանից շատ բան կարելի է սովորել… Ես կնախընտրեի, որ իմ մասին գրելու փոխարեն նրա մասին գրվեր…

Ահա այսպես ավարտվեց իմ զրույցը Իվան Գալստյանի հետ` անվանակոչված Հայրենական պատերազմի մասնակից հոր կյանքը փրկած մարտական ընկերոջ` Իվանի պատվին: Դեռևս 1993-ին Զելինոգրադում ընտանիքով հաստատված Գալստյանը, մշտապես գտնվելով հասարակական կյանքի կենտրոնում, լինելով Մոսկվայում, շփվելով հայազգի զավակներ Արմեն Ջիգարխանյանի, Եվգենի Պետրոսյանի, Սերժ Ջիլավյանի, Կորյուն Նահապետյանի, Ֆրիդ Սողոյանի, Նորատ Տեր-Գրիգորյանցի, Հենրի Աղայանի, Եզրաս արքեպս. Ներսիսյանի, Արտաշես Հարությունովի, Ղազար Կյուրեղյանի, Արկադի Մանուչարովի և այլոց հետ` իր ապրած կյանքով կերտել է Հայրենիքից հեռու, սակայն Հայրենիքի բախտով ու պատմությամբ, ներկայով ու ապագայով ապրող հայրենասեր հայի օրինակելի կերպար:

Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի

 

 

Scroll Up