Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ընտանիքին, մերձավորներին, արվեստասեր հասարակությանը

Անասելի ցավ եմ զգում. հայ ժողովուրդը կորցրեց ևս մեկ տաղանդավոր մարդու, որն իր արվեստով, իր ազնվական տեսակով մեր մշակութային անդաստանում կմնա որպես հավերժ ներկայություն:

 Արամ Ղարաբեկյանի գործունեությունն անզուգական արվեստագետի անհատակա­նութ­յան վառ դրսևորում էր. նրան այդպես է ճանաչում ոչ միայն հայ, այլև օտար արվեստասեր հասարակությունը:

Կրթված լինելով հեղինակավոր դպրոցներում՝ նա կարողացավ իր գիտելիքներն ու փորձառությունը, զգացողություններն ու գեղագիտական ճաշակը բերել հայ մշակույթ, հաղորդել նրան ղարաբեկյանական շունչ ու ոգի: Եվ այսօր, կորցնելով նրան, սգում ենք և´ մարդկային կորստի, և´ այդ շունչի վաղաժամ կանգի համար:

Անդառնալի այս կորստի դժվարին պահին կիսում եմ Ղարաբեկյան ընտանիքի վիշտը, որը համայն հայության վիշտն է:

Համոզված եմ, որ Արամ Ղարաբեկյանի հիշատակը միշտ վառ է մնալու նրան ճանաչողների հիշողություններում՝ որպես իրական, բարձր արվեստի կրող, որպես անմիջական մարդ և ընկեր:

Ափսոս, հազա˜ր ափսոս, որ դադարեց բաբախել նրա սիրտը…

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up