ԱՎԵՏՈՒՄ

Ավետիս մեծ` սուրբ խորհրդի, գաղտնի խորհուրդն հայտնվեց մեզ.
Ավետիս, Հոր լույսն է ծագել Իր ծոցածին էությունից.
Ավետիս, որ հայտնվեց Աստված էակներիս մեջ հողեղեն,
Ավետիս, պետն հրեշտակաց Գաբրիելն երկիր է ուղարկվել,
Որ ավետիս տա սրբուհուն` դստեր Դավիթ թագավորի.
Ավետիս քեզ, Աստվածամա´յր, ուրա´խ եղիր, Տերն է քեզ հետ:

(Գր. Նարեկացի «Տաղ հայտնության», հատված)

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր ամենապայծառ տոներից մեկը` սբ. Աստվածածնի Ավետման տոնը` ի հիշատակ Գաբրիել հրեշտակապետի` կույս Մարիամին բերած այն ավետիսի, թե Սուրբ Հոգու զորությամբ Աստծո Որդին իրենով պիտի մարդեղանա:

«Ահա կույսը պիտի հղիանա և որդի պիտի ծնի, և նրա անունը Էմմանուել պիտի կոչվի,- ասված է Եսայու մարգարեության մեջ,- Էմմանուել, որ թարգմանվում է «Աստված մեզ հետ»:

«Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը քեզ հովանի կլինի»,– այդպես էր ավետել Գաբրիել հրեշտակը սբ. Կույս Մարիամին` ըստ Ղուկաս ավետարանչի:

Հավատո հանգանակում  Աստծո Որդու մարդացման հանդեպ մեր հավատը խոստովանելիս ասում ենք. «Ծնվեց կատարելապես սուրբ Կույս Մարիամից Սուրբ Հոգով»: Եկեղեցին սրբուհի Կույս Մարիամին Աստվածամայր է անվանում, որովհետև նա հղիացավ Սուրբ Հոգուց, և նրանից ծնվեց Ինքն Աստված` Հոր միածին և փառակից Որդին` միավորված մարդկային բնությանը: Եկեղեցու պաշտամունքի մեջ Աստվածամայրը ոչ միայն բոլոր սրբերից, այլև հրեշտակներից էլ բարձր է դասվում: Քրիստոսից ևխաչից հետո նա ամենաբարձր պատիվը և տեղն ունի: Նրան են նվիրված բազմաթիվ ներբողներ ու շարականներ, նրա բարեխոսությունը հայցելով է սկսվում Պատարագի արարողությունը, և բազում աղոթքներ անմիջականորեն ուղղված են նրան` որպես Աստվածորդուն ամենամերձ և իր գթառատությամբ մեզ ամենից շուտ անսացող սուրբ անձնավորության: Աստվածամայրը զերծ էր թե´ մահացու, թե´ ներելի մեղքերից, իսկ ադամական մեղքից սրբվեց ավետման պահին:  Մարիամը ծագումով Դավիթ մարգարեիթագավորական ցեղից էր: Մանուկ հասակից իր բարեպաշտ ծնողների` Հովակիմի և Աննայի կողմից նա ընծայվեց Աստծուն և հանձնվեց Երուսաղեմի տաճար` հոգևոր կրթություն ստանալու և տաճարում ծառայելու: Այստեղ Մարիամը զբաղվում էր ձեռագործով, Սուրբ Գրքի ընթերցանությամբ և աղոթքով: Նա աչքի էր ընկնում իր բարեպաշտությամբ, խոնարհությամբ և հեզությամբ:

Մարիամն իրեն ամբողջությամբ հանձնել էր Տիրոջ կամքին: 14 տարեկանում, երբ ծնողներն այլևս չկային, նա վճռեց իրեն նվիրել կուսակրոնության: Այդժամ նրան նշանեցին Հովսեփի` մի ծեր և բարեպաշտ մարդու հետ, որը փաստորեն դարձավ Մարիամի խնամակալը: Հովսեփը նույնպես սերում էր Դավթի ցեղից: Նրանք բնակվում էին փոքրիկ Նազարեթ քաղաքում: Այստեղ էլ Կույս Մարիամին այցելեց Գաբրիել հրեշտակապետը` նրան բերելով մեծագույն ավետիսը, որով սկսվում է մարդկության փրկագործությունը:

ՅԻՍՈՒՍԻ  ԾՆՆԴԵԱՆ  ԱՒԵՏՈՒՄԸ

Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսեփ անունով մի մարդու հետ` Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի´ր, ո´վ  շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»: Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը: Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի´ վախեցիր, Մարիա´մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եւ ահա´ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու Նրա անունը Յիսուս կը դնես: Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի: Եւ Տէր Աստուած Նրան կը տայ Նրա հոր` Դաւթի աթոռը, եւ Նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, ու Նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում: Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ Նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծու Որդի կը կոչուի: Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ այս` յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած. որովհետեւ Աստծու համար անկարելի բան չկայ»: Եւ Մարիամն ասաց. «Ահաւասի´կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ»: Եւ հրեշտակը հեռացաւ նրանից: (Ղուկ. Ա 26-38)

Այդ պահից Աստվածամայրն իր մեջ ընդունեց Աստծո միածին Որդուն` դառնալով մարդկային ապականված, շնորհազուրկ բնության նորոգության սկիզբը:

ՄԱՐԻԱՄԻ  ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ  ԵՂԻՍԱԲԵԹԻՆ

Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց: Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա´լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա´լ է քո որովայնի պտուղը: Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: Եւ երանի´ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն»: (Ղուկ.  Ա  39-45)

Ինչպես ասվեց, սուրբ Կույս Մարիամը գերագույնն է բոլոր սուրբերից, և ահ թե ինչ պատճառով: «Նախ,- ինչպես գրում է Շնորհք պատրիարք Գալուստյանը,- սուրբ Կույսն ունի առատապես այն բոլոր առաքինությունները և հատկությունները, որոնք անհրաժեշտ են սրբության համար, ինչպես օրինակ` խոնարհությունը, համբերությունը և Աստծո կամքին համակերպությունը: Երկրորդ` Մարիամը եղավ ամենամոտիկ անձը մեր Փրկչին` թե´ ֆիզիկապես, թե´ հոգեպես. ոչ ոք Նրան չսիրեց այնքան շատ, որքան ինքը,- շարունակում է Շնորհք պատրիարքը:- Ան եղավ Աստծո Որդվույն սնուցիչը և առաջնորդը անոր մանկության տարիներուն: Հետևաբար արդար և տեղին է այն մեծագույն հարգանքը և պատիվը, զոր քրիստոնյա Եկեղեցին առաջին օրերեն իսկ ընծայեց այս սուրբ կնոջը: Արդարև, սուրբ Կույսը ինքն իսկ աստվածային ներշնչումով մարգարեացավ, թե «Այսուհետև բոլոր ազգերն ինձ երանի պիտի տան»:

Աստվածամոր բացառիկության, սրբության, խոնարհության, Աստծու հանդեպ ունեցած վստահության համար է, որ Նախնի Եկեղեցում խորին հարգանքով ու երկյուղածությամբ էին վերաբերվում նրա անձին:Մեծ հաշվով հենց նրա շնորհիվ է, որ կինը ի վերջո իր արժանի տեղը գտավ մարդկային քաղաքակրթության մեջ: Մինչ այդ կինը տղամարդուն հավասար անձ չէր համարվում` հակառակ իր արժանիքների: Այսօր էլ ոչ քրիստոնյա շատ ժողովուրդների մոտ նույն վերաբերմունքն է կանանց հանդեպ: Քրիստոնեությունն էր, որ բարձրացրեց կնոջը` որպես կենսունակ ուժի: Չէ՞ որ կինն օժտված է նվիրումի, սիրո հեզության, հնազանդության, քաղցրության շնորհներով, և քրիստոնեությունը, որ իր էությամբ սեր է, արժևորեց կնոջը` «խավարի տաճարից» դարձնելով «լույսի տաճար»: Այս բոլոր օրհնությունների սկիզբը դրեց Սբ. Կույս Մարիամը` լինելով ամենաօրհնյալը բոլոր կանանցից, և մարմնավորեց այդ առաքինությունները: Եվ իբրև մայր Աստվածորդու` հետևեց Նրան Մսուրից մինչև Գողգոթա: Չմոռանանք` Հիսուսի խաչվելու պահին կանայք էին Նրա մոտ (տղամարդիկ փախել էին): Տեսնելով Նրա չարչարանքները, մահը` նրանք դարձան նաև Տիրոջ հաղթական Հարության ավետաբերները: Այս է«Մահացյալ Եվան կենդանացավ» արտահայտության իմաստը:
Սբ. Կույս Մարիամի հիշատակը ոգեկոչելու և պանծացնելու համար Նախնի եկեղեցիները բազմաթիվ օրեր են հատկացրել: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, օրինակ, տոնում է սուրբ Կույսի կյանքի բոլոր կարևոր հանգրվանները` Հղացումը Աննայից, Ծնունդը, Ընծայումը տաճարին, Գոտու և տուփի գյուտի հիշատակումները, Ավետումը, Ննջումը և Վերափոխումը: Եվ, անշուշտ, ուրախալի է, որ Սբ. Աստվածածնի Ավետման տոնը իր յուրատեսակ վերածնունդն ունեցավ նաև աշխարհիկ ոլորտում` դեռ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց երջանկահիշատակ կաթողիկոսի օրով պաշտոնապես ընդունվելով որպես պետական տոն`Մայրության և գեղեցկության տոն անունով, որն այնքան հարազատորեն համահունչ է Ավետման տոնի խորհրդին և Աստվածամոր էությանը:

Եվ ուրեմն ի խորոց սրտի շնորհավորենք մեր սիրելի մայրերին ու քույրերին, բոլոր-բոլոր հայ կանանց` մաղթելով, որ այս սքանչելի տոնը նրանց պարգևի իսկական, հրճվագին ուրախություն, լինի մշտազվարթ ավետիս սիրո և խաղաղության, և դարձյալ սուրբ Գրիգոր Նարեկացու շուրթերով աղերսենք Աստվածածնին բարեխոս լինել իր միածին Որդու առաջ` Նրա անճառելի Լույսով ու անեզր Սիրով պարուրելու սրտերը մեր…

  Ահա մի կաթիլ կուսական կաթիդ
Մեջս անձրևելով` կյանք է տալիս ինձ,
Ո´վ  մայրդ բարձրյալ Տիրոջ Հիսուսի`
Արարչի երկնի և համայն երկրի,
Որին ծնեցիր դու անճառորեն`
Բովանդակ մարմնով ու համաբոլոր Իր աստվածությամբ,
Որ փառավորն է Հոր հետ, Սուրբ Հոգով,
Կապված էությամբ և անքննությամբ մեր բնության հետ,
Որն Ամենայն է և ամեն ինչում`
Որպես Մեկը Սուրբ Երրորդությունից.
Նրան վայել է փա´ռք հավիտենից հավիտյանս. Ամեն:

Պատրաստեց   Հայկ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Scroll Up