«Հայերն այսօրը»-ը շնորհավորում է համայն հայության Նոր տարին և Սուրբ Ծնունդը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/01/unnamed-1.jpg)
Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում ենք բոլորիդ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Հայտնության 2014-րդ տարին թող անսահման ուրախություն, անափ բերկրանք ու երջանկություն պարգևի բոլորիդ՝ մեր ողջ ժողովրդին՝ աշխարհի չորս ծագերում:
Այս օրերին տոն է բոլորիս հարկից ներս ու հոգուց ներս: Եվ որքան էլ հաճախ հոգսաշատ ու տագնապալի մտածումներով է շաղախված մեր առօրյան, սակայն Ամանորի և Սուրբծննդյան տոները լի են հուզառատ զվարթությամբ՝ մի տեսակ նորի, անիմանալիի խորհրդավոր ակնկալիքով: Մեզ այցելում են ընկեր-բարեկամ-հարազատներ, մենք ենք այցելում, շնորհավորում ենք միմյանց, անկեղծ բարեմաղթանքներ հղում, սիրառատ խոսքեր ասում, ոգևորում ու մխիթարում ենք իրար: Իսկ երբ մենակ ենք լինում, մեզ «այցելում են» նաև բազում հիշողություններ ու մտածումներ՝ անցած տարվա ու տարիների, մեր ձեռքբերումների ու կորուստների շուրջ, որոնք առավել շոշափելի են դարձնում ժամանակի անդառնալիությունը:
«Երբ տեսնում ենք, որ անցյալ տարին բոլորեց ու անցավ, – գրում է սբ. Գրիգոր Տաթևացին,- խորհրդածում և հասկանում ենք, որ մեր ողջ կյանքն անկայուն է ու փոփոխելի, և մնայուն չեն ո՛չ հարստությունը, ո՛չ փառքը, ո՛չ ուրախությունները, ո՛չ հաճույքները, ո՛չ այլ ինչ,այլ ամեն բան փոփոխվելու է և անցնելու, ինչպես որ հին տարին անցավ»:
Ամանորի և Սուրբծննդյան ուրախությունը, սակայն, չի խաթարվում այս տագնապալի մտածումներով, քանզի ուրախության ակունքները բխում են ժամանակների Իշխանի և Տիրոջ շնորհած այն անպարագիծ պարգևից, ինչը կոչում ենք Հավիտենական կյանքի հույս:
Ըստ Եկեղեցու սբ. վարդապետների՝ նոր տարվա օրը քրիստոնյայի համար առաջին հերթին աղոթքի և հոգևոր հաշվետվության օր է Աստծո և իր խղճի առաջ: «Տարեվերջին հաստատությունները փակում են իրենց տոմարները և հաշիվ տալիս ավելի բարձր հաստատություններին,- իր քարոզներից մեկում գրում է Գարեգին Ա Հովսեփյանց Մեծի տանն Կիլիկիո երջանկահիշատակ կաթողիկոսը:- Այսպես պետք է լինի և անհատը. նա հաշիվ պիտի տա Աստուծո և իր խղճի առաջ, թե ինչ է ձեռք բերել անցած տարվա մեջ, որ մնայուն է, որ տևական է և ոչ այնպես անցավոր, ինչպես հին տարին էր: Մենք իրավունք ունենք ուրախանալու միայն այն դեպքում, երբ մեր հոգու հաշվեմատյանները ուղիղ են, երբ անցավոր ժամանակի մեջ այնպիսի բարիք ենք ձեռք բերել, որ մեզ համար և մեր ժողովրդի կամ Եկեղեցու համար տևական նշանակություն ունի»:
Իսկ որն է այդ տևականը, մնայունը, հավիտենականը, որ հնարավոր է ձեռք բերել անցավոր ժամանակի մեջ: Այս հարցի պատասխանը տվել է Քրիստոս Հիսուս՝ ի ծնե կույրին բժշկելուց առաջ. «Եւ քանի դեռ ցերեկ է, ես պէտք է կատարեմ գործերը Նրա, Ով ինձ ուղարկեց. կը գայ գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել» (Հովհ. Թ 4):
Նոր տարվա շեմին Ժամանակների Արարիչն է մեզ հուշում ճիշտ օգտագործել մեզ տրված ամենամեծ շնորհներից մեկի՝ կյանքի ժամանակը, որպեսզի խաղաղությամբ ու անխռով հոգով դիմավորենք Նոր տարին՝ առիթ չունենալով ամաչելու նախորդ տարվա մեր ապրածի համար, նաև՝ Տիրոջ ողորմածությունն ակնկալենք մեզ և մեր մերձավորներին՝ գալիք բոլոր օրերի համար:
«Աստված սեր է»,- ասում է Հովհաննես ավետարանիչ-առաքյալը:
Մյուս առաքյալը՝ Պողոսը, երկրորդում է Աստվածային Սիրո ցնծագին ու աննման Օրհներգը. «Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են… Եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ: Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ: Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում, անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ. ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում է: Սէրը երբեք չի անհետանում…
…Եւ արդ՝ մնում են հաւատ, յոյս, սէր. սրանք՝ երեքը. եւ սրանցից մեծագոյնը սէրն է» (Ա Կորնթ. ԺԳ):
Ա՛յս սերն ունենանք մեզ ուղեկից, սիրելի՛ հայրենակիցներ, գալիք տարվա և մեր բոլոր օրերի համար: Եվ Նոր տարվա շեմին մեկ անգամ էլ հիշենք մեր սուրբ հայրերի պատգամը՝ այս անցավոր կյանքն ապրել որպես Հավիտենականին նախապատրաստվելու մի շրջան: Եկե՛ք, ուրեմն, մենք էլ նոր տարին դիմավորենք առ Աստված երախտագիտությամբ ու գոհանանք Տիրոջից այն բոլոր բարիքների ու շնորհների համար, որ Նա պարգևել է մեզ: Գոհանանք անգամ մեր ցավերի ու նեղությունների համար, քանզի դրանք մաքրում և իմաստնացնում են մեր հոգին:
Սուրբ Եկեղեցին նոր տարվա առաջին օրը Պատարագ է մատուցում՝ անցած տարվա մեր մեղքերի քավության համար: Դա մի պահ է, երբ ինքներս մեզ հաշիվ ենք տալիս անցած տարվա մեր արածի և չարածի համար՝ արած չար գործերի և չարած բարի գործերի, որպեսզի գալիք տարում թոթափենք մեզանից բոլոր չարիքներն ու սխալները:
Եվ ամենակարևորը, սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայ ժողովուրդ՝ երբեք, երբեք չհանձնվենք, այսինքն՝ չհուսահատվենք, որքան էլ դժվար լինի… մեր աչքի առաջ ունենալով Տիրոջ չարչարանքները, հիշելով, միշտ հիշելով, որ մեր կողքին շատ-շատերը թերևս շատ ավելի ունեն մխիթարության կարիք, քան մենք, և գուցե հենց մե՛նք պիտի լինենք այդ մխիթարողը՝ մի բաժակ ջուր տալով, մի պատառ հաց տալով, մի քաղցր ու սրտառուչ խոսքով… Որպեսզի ինքներս էլ մխիթարվենք: Ուրեմն՝ չկորցնենք Հույսը: Կենդանի հույսը՝ հավիտենական կյանքի, նաև՝ ա՛յս կյանքը ավելի արդար ու բարի դարձնելու հույսը: Եվ հիշենք՝ այդ հույսը մենք ինքներս պետք է վառ պահենք՝ մեր շիտակ ու ազնիվ ընթացքով, մեր համերաշխությամբ, մեր միասնությամբ ու «բարի պատերազմով» ընդդեմ չարիքի՝ Հույսին մշտապես գործակից ունենալով առաքյալի ասած մյուս երկուսը՝ Հավատը և Սերը… Եվ թող սրանք լոկ խոսքեր չլինեն…
Վերջապես՝ ազգովի՛ն գոհանանք Աստծուց մեր ՀԱՅԱՍՏԱՆ անկախ պետության համար, երկյուղածությամբ պահենք, փայփայենք ու շենացնենք մեր Հայրենիքը՝ համայն հայության Հույսն ու Սրբության սրբոցը: Նաև, դարձյալ ու կրկին, ամբողջ սրտով աղոթենք մեր սիրիահայ քույր-եղբայրների համար՝ խնդրելով Բարձրյալից, որ նոր տարին խաղաղություն պարգևի նրանց օջախներին, և Բեթղեհեմից բխող Մեծ ավետիսը հարաժամ ուղեկցի նրանց՝ ուր էլ որ լինեն… Մենք էլ՝ ազգովին, ինչով կարող ենք և որքան կարող ենք, նեցուկ լինենք մեր հայրենակիցներին:
Կրկին ու կրկին շնորհավո՛ր Նոր տարի և Սուրբ Ծնունդ, սիրելի՛ հայրենակիցներ:
«Հայերն այսօր»-ի անունից՝
Հ. Կարապետյան