Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ Բուխարեստում

Օգոստոսի 3-ին, ժամը 12:00-ին, Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 150 ամյակին նվիրված համերգ: Այն կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց միության և Ռումանիոյ Հայոց թեմի կողմից՝ ,,Հայկական փողոց,, եռօրյա փառատոնի շրջանակներում երկու կառույցների համագործակցության շնորհիվ: Համերգը սկսվեց Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի օրհնությամբ։ Խոսքով հանդես եկավ ռումինահայ նշանավոր գրող, հրապարակախոս, թարգմանիչ, խմբագիր, բազում գրքերի և հոդվածների հեղինակ Սերջու Սելյանը, ով հատուկ ժամանել էր հեռավոր Ավստրալիայից՝ փառատոնին մասնակցելու համար։Անզուգական կատարումներով հանդես եկավ սոպրանո Արմինե Խաչատրյանը՝ նվագակցությամբ Կարմեն Ասադուրյանի: Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի նշանավոր ու հանրահայտ հոգևոր ու ազգային ստեղծագործությունները՝ Տերունական աղոթք, Սիրտ իմ սասանի, Հրեշտակային, Տեր ողորմեա, Գարուն ա, Կռունկ, Անտունի, Հով արեք, Կանչէ կռունկ, Քելե-քելե, Քելե ցոլեր, Սարերի վրով, Չինար ես, Ծիրանի ծառ, Հայաստան։ Յուրաքանչյուր կատարումից առաջ Ռումանիոյ Հայոց թեմի ՀԵՀԵՄ-ի պատասխանատու Հրանտ Ջաղինյանը նախապես ներկայացնում էր կատարվող երգի համառոտ բովանդակությունը՝ հատկապես օտարազգի հանդիսատեսին առավել ընկալելի և հասանելի դարձնելու համար ստեղծագործությունների իմաստը։

 Համերգից անմիջապես հետո Տաճարի բակում տեղի ունեցավ Կոմիտասին նվիրված երկու գրքերի ռումիներեն թարգմանությունների շնորհանդեսը։ Ռիտա Սուլահյան Կույումջյանի,,Խելագարության ակունքներում։ Կոմիտաս․ հայ կուռքի դիմանկարը,, և Վարդան Վարդանյանի ,,Հավերժ ճամփորդ,,աշխատությունները ռումիներեն է թարգմանել Սերջու Սելյանը, հրատարակության են պատրաստել Սիրուն Թերզյանը և Միհայ Կազազյանը՝Ռումինահայոց միության Բուխարեստի ,,Արարատ,, հրատարակչությունում՝ նախագահությամբ միության նախագահ Վարուժան Ոսկանյանի։ Շնորհանդեսի ավարտին գրքերը, ստորագրությամբ Սերջու Սելյանի, բաժանվեցին բոլոր ներկաներին՝ նպատակ ունենալով տարածել և ճանաչելի դարձնել մեծն Կոմիտասին և իր կատարած տիտանական աշխատանքը։

Ռումանիոյ Հայոց թեմի մամլո դիվան

Scroll Up