ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այցելել է Վենետիկի Մխիթարյան միաբանություն
«Իմ քայլը խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հուլիսի 28-ին հանդիպել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ։
Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, նրանք հանդիպման առանցքում խոսել են Մխիթարյան միաբանության Մուրադյան վարժարանի շուրջ ստեղծված իրավիճակից և, առհասարակ, Մխիթարյանների առաջ ծառացած մարտահրավերներից:
Մխիթար Հայրապետյանը Սրբազան Հոր հետ պայմանավորվել է սեպտեմբերին կրկին հանդիպել արդեն Երևանում՝ քննարկելու խնդիրների լուծման հնարավոր տարբերակները։
Հավելենք, որ Մխիթար Հայրապետյանն այցի շրջանակներում Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հայկական եկեղեցում մասնակցել է նաև Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի (Վարդավառ) առիթով մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին: