Բեյրութում կցուցադրվի «Կիլիկիա՝ Առյուծների երկիրը» ֆիլմը
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, հուլիսի 17-ին տեղի կունենա «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությանը և քննարկմանը հրավիրված են Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ և լրագրողներ։
Գաղափար-նախաձեռնությունը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» նվագախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի հովանավորությամբ:
Միտված լինելով ամբողջ աշխարհում պրոպագանդել եւ սերունդներին հասանելի դարձնել հայկական երաժշտությունն ու մշակույթը ՝ «ԳՈՀԱՐ»-ն այս անգամ անդրադարձ է կատարում կինոյին՝ ներկայացնելով հայ ժողովրդի պատմական փառահեղ էջերից մեկը՝ Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիո դրոշները, որոնք բազմիցս ծածանվել են «Գոհար»-ի համերգների ժամանակ բազմահազար հանդիսատեսի կողմից, այժմ ծածանվելու են էկրանից այն կողմ՝ պատմական հերոսների ձեռքում: Երեք ֆիլմ-ակնարկներն ամփոփ գեղարվեստական մոտեցմամբ, հանդիսատեսին հաղորդակից են դարձնում Կիլիկիայի հզորագույն թագավորական ընտանիքների երեքդարյա պատմությանը:
Ֆիլմ-ակնարկները նկարահանվել են հայաստանյան «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից ՝ Հայաստանում: Ֆիլմի ռեժիսորն է Աշոտ Առաքելյանը: