Նորա Արիսյանը՝ Սիրիայի Մշակույթի նախարարության կազմակերպած միջոցառման պատվավոր հյուր

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, Սիրիայի Մշակույթի նախարարության «Երիտասարդ գրողների ակումբը» մշակութային «ԱպուՌումմանե» կենտրոնում կազմակերպած միջոցառմանը, որին ներկա էին բազմաթիվ գրողներ (այդ թվում՝ երիտասարդ նորանուն գրողներ), մտավորականներ, իբրև պատվավոր հյուր, հրավիրել էր նաև Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, ցեղասպանագետ, պատմաբան, դոկտոր Նորա Արիսյանին:
Ձեռնարկի կազմակերպիչ գրող դոկտ. Ռադեպ Սուքքարի հրավերով, Նորա Արիսյանն իր ելույթում անդրադարձել է հայոց լեզվին և պատմությանը: Նա նաև ներկայացրել է հայերեն-արաբերեն իր թարգմանական փորձառությունը:
Միջոցառումն առիթ է հանդիսացել երիտասարդ գրողների հետ քննարկել հայոց լեզվին, հայ գրականությանը, մշակույթի, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցեր: