Հայաստանի հետ Արցախն առանձին մաքսակետ չի ունենալու. ԼՂՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանն անդամակցելու առնչությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նախատեսում է ՀՀ-ի հետ ստեղծել համատեղ աշխատանքային խումբ` ուսումնասիրելու Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ տնտեսական նոր նախադրյալները: Այս մասին տարեվերջյան ասուլիսում տեղեկացրեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցության Հայաստանի «Ճանապարհային քարտեզում» Արցախի տեղին և ձևաչափին` Արցախի վարչապետը նշեց, որ ԼՂՀ ղեկավարությունն առայժմ ծանոթ չէ ՀՀ-ի անդամակցության պայմանագրերին, եւ ամեն ինչ պարզ կլինի ուսումնասիրություններից հետո:
«Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ պայմանավորվածության արդյունքում նախատեսվում է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որի ուսումնասիրությունը հնարավորություն կտա առաջին հերթին արձանագրել, թե ինչպիսի նոր տնտեսական նախադրյալներ են ստեղծվում Մաքսային միությանն անդամակցելուց հետո: Իսկ Արցախի տեղի ու դերի հարցն առայժմ չի քննարկվել այդ պայմանագրի շրջանակում: Մի բան հստակ է. Հայաստանի հետ Արցախն առանձին մաքսակետ չի ունենալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց ԼՂՀ կառավարության ղեկավարը:
Վարչապետն այն համոզմունքը հայտնեց, որ տնտեսական ինտեգրացիայի արդյունքում Արցախի կարգավիճակը որևէ փոփոխություն չի կրելու:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որը կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի նախագահների և Ուկրաինայի վարչապետի մասնակցությամբ: Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահները հայտարարություն են ստորագրել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին: